Այսօր՝ ԼՂՀ հռչակման օրը, բազմաթիվ ուղերձներ ու աջակցության խոսքեր են հղվել Արցախին։ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մաղթել է տոկունություն և ամուր ոգի, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ միայն «միասնական նպատակը կարող է պահպանել Արցախի անկախությունը»։ Ռուբեն Վարդանյանը նշեց, որ «անհրաժեշտ է պահպանել մեր երկու պետությունների հիմքում ընկած սկզբունքներն ու արժեքները», սակայն այդ սկզբունքները չթվարկեց։ Արցախի խորհրդարանի նոր խոսնակ, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը նշել է, որ “բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը”։
Այս ամենը ընդամենը կենացներ հիշեցնող խոսքեր են՝ առանց կոնկրետ առաջարկների ու քայլերի։
Կոնկրետը միայն Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ էր. «Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպան քաղաքականության կանխարգելման հիմնական երաշխիքներից մեկը կարող է լինել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը»։
Կարծես թե Արցախի անկախության օրը, այն էլ այն պայմաններում, երբ Արցախը հայկական պահելու ուրիշ մեթոդներ չեն մնացել, Հայաստանի քաղաքական ուժերը պետք է համախմբվեն մեկ օրակարգի՝ Արցախը ճանաչելու պահանջի շուրջ։ Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ հատկապես Հայաստանի խորհրդարանում ներկայացված ուժերը։
Բայց Հայաստանի քաղաքական ուժերը խոսում են ամեն ինչի մասին, բացի հիմնական քայլի՝ Արցախի կարգավիճակի ճանաչման մասին։ Այս քայլն ինքնաբերաբար կնշանակի ռուս-թուրքական ձևաչափի մերժում, իսկ Հայաստանի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը լիովին կախված են այդ ձևաչափից։
Անգամ միջազգային քաղաքական ուժերը՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, ասում են, որ Արցախը փրկելու միակ ճանապարհը նրա կարգավիճակի ճանաչումն է, մինչդեռ Հայաստանում բոլորը, կարծես՝ պայմանավորված, համառորեն լռում են այդ մասին։
“Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները”, ասել է Նիկոլ Փաշինյանը Արցախի անկախության կապակցությամբ իր ուղերձում։ Այդ օրվա կապակցությամ թվում էր կհնչեն անկախության և աջակցության խոսքեր։ Բայց ոչ։
«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ»,- ասել է նա։ Այսքանը: Ոչ մի հղում Հայաստանի Անկախության Հռչակագրին, որի նախաբանում նշված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ոչ մի հղում Արցախի անկախության հռչակագրին և Հայաստանի կողմից այս անկախությունը ճանաչելու հանձնարարականին։
Այսօր խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները Երևանում հանրահավաք են անում, և եթե այս հանրահավաքում Արցախի անկախությունը ճանաչելու կոչ չհնչի, նշանակում է՝ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունները գործում են միասին՝ մեկ թիմով։
Արցախի ԱԳՆ-ն ասել է, թե ինչպես կարելի է փրկել Արցախը։ Փրկե՛ք։