Մինչ Արցախի խորհրդարանի նիստը, որտեղ քննարկվելու է Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարական տալու դիմունը, տարբեր կարծիքներ են հնչում։
Ռուբեն Վարդանյանի «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» խորհուրդը նիստ է գումարել, որտեղ քննարկվել է «հանրապետության ներքաղաքական ճգնաժամը», սակայն կոնկրետ լուծումներ չեն նշվել։ Օգոստոսի 5-ին ճակատը հուշագիր է ստորագրել խորհրդարանական ՀՅԴ և Ժողովրդական կուսակցությունների հետ։ Ճակատի ժողովին ներկա էին այդ կուսակցությունների ներկայացուցիչները։
Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը հայտարարել է, որ «Արցախի խնդիրները կարող են լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ուստի նոր նախագահը պետք է լինի պրոֆեսիոնալ, փորձառու դիվանագետ»։ “Վատ բանակցային փորձ և ոչ բավարար քաղաքական պրոֆեսիոնալիզմ ունեցող նախագահը վնասակար և անդառնալի ազդեցություն կունենա երկրի ճակատագրի վրա»,- ասել է նա:
Նախագահին առընթեր հասարակական խորհրդի անդամ Գագիկ Ավանեսյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդարանը պետք է մերժի հրաժարականի դիմումը։ «Հարությունյանին հանդուրժել են ոչ թե նրա համար, որ գոհ են եղել նրա ղեկավարությունից, այլ նախագահի ինստիտուտը պահպանելու համար»,- ասաց նա։ Ավանեսյանը հարց բարձրացրեց նաև, թե ի՞նչ չափանիշներով է խորհրդարանը նոր նախագահ ընտրելու։ Իսկ 2020 թվականի ընտրությունների արդյունքները հաշվի կառնվե՞ն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի ընտրությունների արդյունքներով Մասիս Մայիլյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Առաջին փուլում, որին մասնակցությունը կազմել է գրեթե 73%, Արայիկ Հարությունյանը հավաքել է 49,1%, Մասիս Մայիլյանը՝ 26,4%։ Երկրորդ փուլում Մայիլյանը քարոզչություն չի արել։ Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 45 տոկոս, Հարությունյանը՝ 88 տոկոս, Մայիլյանը ՝ գրեթե 12 տոկոս է հավաքել։ Մայիլյանը չի ճանաչել համաճարակի գագաթնակետին կայացած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները։
Սահմանադրության համաձայն՝ եթե ընտրված նախագահը չի կարողանում կատարել իր պարտավորությունները, նրա գործառույթները փոխանցվում են խորհրդարանի խոսնակին, ով վերջերս դարձավ ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։ Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը մինչև սեփական հրաժարականը Գուրգեն Ներսիսյանին ազատել է պետնախարարի պաշտոնից և այս պաշտոնում լայն լիազորություններով նշանակել ԱԱԾ նախկին ղեկավար և ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին։
Բաքվի փորձագետներն ասում են, որ Շահրամանյանի հետ են բանակցել պատերազմից հետո։ Ասում են նաև, որ «Ղարաբաղում իշխանափոխությունն իրականացրել են ռուսները, որպեսզի Արցախը զրկեն Արևմուտքի աջակցությունից»։ Պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց ֆրանսիացիների հետ տեսակոնֆերանսից հետո։ Այդ իսկ պատճառով Բաքվում կոչ են անում «չխանգարել» Արցախում իշխանափոխությանը։
Արցախի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո մեկնաբանություններ հայտնվեցին, որ Արցախից «իշխանափոխությունը» շուտով կտարածվի նաև Հայաստանում։ Ավելին, սկզբում այս մասին սկսեցին խոսել Փաշինյանի կողմնակիցները, ովքեր Հարությունյանին «թուլամորթ» անվանեցին։ Հայաստանի ընդդիմությունը, ընդհակառակը, ծափերով դիմավորեց այս լուրը՝ հայտարարելով, որ Հարությունյանը Արցախում տանում է Փաշինյանի արատավոր գիծը։ Սերժ Սարգսյանն ուղիղ ասել է, որ Շահրամանյանը լավ նախագահ է դառնալու։
Միաժամանակ ակտիվորեն քննարկվում է Արցախի նոր նախագահի և Փաշինյանի կառավարության հետագա շփումների հարցը։ Այս առնչությամբ ասվում է, որ Դավիթ Իշխանյանին չի կարելի հարմար թեկնածու համարել, քանի որ Փաշինյանի իշխանությունը լարված հարաբերություններ ունի ՀՅԴ-ի հետ (չնայած ՀՅԴ-ն 2018-ին Փաշինյանի առաջին կառավարության մաս էր կազմում)։
Բայց կա ևս մեկ կարևոր խնդիր՝ հարաբերությունները Մոսկվայի հետ, այն Մոսկվայի, որը բացահայտեց բոլոր խաղաքարտերը և Լավրովի շուրթերով հայտարարեց, որ արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում է «ղարաբաղցիների իրավունքների՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում պաշտպանության մեջ» և Բերձորի միջանցքի բացումը պայմանավորում է Ակնայից ճանապարհի բացմամբ։
Նոր նախագահը կլինի՞ Լավրովի պլանի կատարողը։ Թեև Արայիկ Հարությունյանը նույնպես չեր առանձնանում հակառուսականությամբ․ նա նամակներ էր գրում Պուտինին և Փարիզում խնդրում ՄԱԿ-ի մանդատ տրամադրել ռուս խաղաղապահներին։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: