Մոսկվայից, որտեղ նա հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Թեհրան, որտեղ այսօր Սոչիում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման նախօրեին փորձել է բանակցել Իրանի հետ։
Աստանայի ձևաչափը, որում սիրիական հարցում համագործակցում էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, 2023 թվականի հունիսին հայտարարվեց փակված, սակայն փաստացի դադարեց գոյություն ունենալ Արցախյան պատերազմից հետո։ Տեղյա՞կ էր արդյոք Իրանը գալիք պատերազմի մասին և հավանությո՞ւն է տվել դրան, հայտնի չէ, սակայն պատերազմից հետո Իրանը կտրականապես դեմ էր տարածաշրջանում թե՛ Իսրայելի, թե՛ Թուրքիայի ներկայությանը։ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, Իրանը հյուպատոսություն բացեց հայկական Կապանում, իսկ Էրդողանը հայտարարեց, որ Իրանն է խոչընդոտում Զանգեզուրի միջանցքի բացմանը։
Ըստ ամենայնի, «Զանգեզուրի միջանցքը», կամ՝ հայ-իրանական սահմանի բռնակցումը Պուտինի և Էրդողանի քննարկման թեմա է դառնալու, և մինչ հանդիպումը Ֆիդանը եկել էր Իրանի հետ բանակցելու։
Դատելով Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում արված Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հայտարարություններից՝ Իրանը մերժել է Թուրքիային։ «Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև բանակցությունները, սակայն չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և պատմական տարանցիկ ուղիների արգելափակումը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
«Մենք արձանագրել ենք, որ սիոնիստական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում ոչ այլ ինչի չի հանգեցրել, քան խռովությունների ու տարածաշրջանի երկրների միջեւ պառակտմանը»,- ասել է իրանցի դիվանագետը։
Իրանցի նախարարը խոսել է «իսլամական աշխարհի երկու մասերի» համագործակցության անհրաժեշտության մասին՝ ակնարկելով, որ այժմ նման համագործակցություն չկա։ «Ես Ֆիդանի հետ խոսել եմ Ուկրաինայի, Աֆղանստանի իրավիճակի մասին, Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ տնտեսական ձևաչափի մասին, որը կարող է ձևավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո»,- ասել է Աբդոլլահյանը՝ ակնարկելով, որ Իրանը ոչպես սուննիների առաջնորդ ընկալում է Սաուդյան Արաբիան, այլ ոչ թե Թուրքիան։
Ֆիդանի Իրան այս այցի լույսի ներքո կորոշվի Պուտինի և Էրդողանի «սակարկության» գինը, որում հայկական շահերը՝ միջանցքը և նոր սահմանները տարածաշրջանում, պետք է դառնան «սակարկության առարկա»։ Իրանը հաստատակամ դիրքորոշում է հայտնել, և Պուտինն ու Էրդողանը չեն կարող դա անտեսել։
Մենք պաշտպանում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ «Մենք քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, մենք արդեն սկսել ենք դրանք ձեռնարկել։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և դեմ ենք սահմանների ցանկացած փոփոխության։ Մենք դեմ չենք կապի ուղիների բացմանը և նման երթուղիներ ենք տրամադրել նաև Ադրբեջանին։ Բայց դրանք բոլորը պետք է լինեն այն երկրների ինքնիշխան վերահսկողության ներքո, որոնց տարածքում են գտնվում, հատկապես Հայաստանի դեպքում»,- ասաց դեսպանը։
Հարցին, եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ի՞նչ կանի Իրանը, հյուպատոսը պատասխանել է. «Զոռով ոչինչ չի փոխվի»։ «Երբ ասում եմ, որ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ամեն ինչ պարզ է դառնում»,- ասաց նա։