Նունե Արզումանյանը ծնվել և մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում։ Մանկուց հիշում է, որ իրենց գյուղում շատ թորքեր կային (ինչպես արցախցիներն են ադրբեջանցիներին անվանում)։
Նունեն պատմում է, որ ինքն 9 տարեկան էր, երբ սկսվեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և կտրուկ փոխվեց գյուղի ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ։
Քանի որ գյուղի մանկապարտեզում և դպրոցում կային և՛ հայկական, և՛ ադրբեջանական հատվածներ, նույնիսկ ադրբեջանցի երեխաները սկսեցին վիճաբանել իրենց հայ հասակակիցների հետ, որոնց հետ մի քանի օր առաջ միասին խաղում էին։
Նա հիշում է, թե ինչպես դպրոցում ադրբեջանցի տղան դանակով հարձակվեց իր հայ հասակակցի վրա, իսկ ծեծկռտուքի ժամանակ ընկավ սեփական դանակի վրա ու վիրավորվեց։ Ամբողջ դպրոցը հետևում էր, թե ինչպես է ադրբեջանցի երեխան արյունահոսում, իսկ դպրոցի տնօրեն Նիյազ մուալիմը այդպես էլ թույլ չտվեց նրան տեղափոխել հիվանդանոց, որպեսզի նա մահանա, և սկսվեն հայերի հալածանքնեը՝ գյուղից նրանց հեռացնելու նպատակով։
Ամբողջ օրը հայ երեխաները փակված են մնացել դպրոցի հայկական հատվածում՝ սպասելով մի քանի հարյուր ադրբեջանցիների հաշվեհարդարի։
Միայն ուշ երեկոյան կամավորականների զինված ջոկատներին հաջողվեց ազատել երեխաներին։
Իսկ հետո ադրբեջանական ՕՄՕՆ-ը սպանեց Դանիելյանների ընտանիքի հինգ անդամներին, որոնք ապրում էին այսպես կոչված ադրբեջանական թաղամասում։ Այս սարսափելի դեպքը դարձավ ադրբեջանցիներին գյուղից վտարելու պատճառ։
Նունեն հիշում է Արցախյան առաջին պատերազմը։ Սկզբում նրանք ապրում էին Տողի իրենց տանը։ Սակայն ավելի ուշ գյուղը սկսեց գնդակոծվել «Գրադ» հրթիռային կայաններից։ Գյուղից քիչ հեռու՝ մի բլրի վրա պապիկը հողիմեջ տեղ է սարքել, որի մեջ ռմբակոծությունների ժամանակ հարևան երեխաների հետ թաքնվել են իրենք՝ չորս երեխաներն ու մայրը։ Ձմռան սկսվելուն պես անտանելի դարձավ բլինդաժում ապրելը, և մայրը երեխաներին տեղափոխեց հարևան Տումի գյուղ, որտեղ նրանք ապրում էին հարազատների հետ։
Պապն ու մայրը (հայրը պատերազմում էր) շաբաթը մեկ անգամ իրենց այգուց ուտելիք, ալյուր, մրգեր էին բերում էշով։ Այսպիսով, նրանք գոյատևեցին մի քանի ամիս, մինչև թշնամու կրակակետերը ոչնչացվեցին, և արկերն այլևս չէին հասնում հայրենի գյուղ։
Չափահաս տարիքում Նունեն ամուսնացել է Տումի գյուղում, որտեղ ընտանիքի հետ ապրել է 23 տարի։
Այժմ նա ցավով է հիշում հետպատերազմյան ծանր տարիները։ Բայց մի քանի տարիների ընթացքում մարդիկ նորից հաստատեցին իրենց կենսակերպը, ինքնուրույն ստեղծեցին հարստություն, զբաղվեցին հողագործությամբ և անասնապահությամբ և իրենց երեխաներին կրթություն տվեցին համալսարաններում։
Ապրիլյան պատերազմի օրերին Նունեն անհանգստանում էր ՄՈԲ-ով զորակոչված ամուսնու համար։ Փառք Աստծո, պատերազմը երկար չտևեց՝ նրանք նույնիսկ գյուղից չլքեցին։
2020 թվականի պատերազմն ուրիշ էր. կանայք ու երեխաները ստիպված են եղել լքել գյուղը։ Նունեն պատմում է, որ իր հետ վերցրել է միայն երեխաների հագուստը, քանի որ չեր պատրաստվում գյուղից երկար բացակայել։ Նա այնքան վստահ էր, որ մի քանի օրից կվերադառնա իր տուն, որ իր հետ չվերցրեց փաստաթղթերը (նա երեք կրթություն ունի), ոսկյա իրեր…
Բայց Նունեի համար այժմ ամենամեծ ցավը՝ կրտսեր որդու հիվանդությունն է. որդին՝ Թաթուլը, սթրեսից շաքարախտով է հիվանդացել։ Բայց նա հույս ունի, որ երբ Հադրութը վերադարձնեն ու նա վերադառնա հայրենի Տումի գյուղ, իր հիվանդությունը հետ կգնա։ Նա նորից կբարձրանա իր ձին և կհասնի հայրենի լեռները, որտեղ մաքուր օդը կօգնի նրան ապաքինվել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: