Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել՝ կադրերով, որտեղ երևում է շփման գծում ադրբեջանական ուժերի տեղաշարժն ու կենտրոնացումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտնում է, որ «վերջին մի քանի օրվա ընթացքում մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում աճող լարվածությանը և փոխհրաձգությանը»։ «Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին»,- ասվում է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ։
Տագնապալի տեղեկություններն ուղեկցվում են Բաքվում ռազմատենչ հռետորաբանությամբ, որտեղ խոսում են «հակահաբեկչական» և այլ գործողությունների մասին՝ ոչ միայն Ղարաբաղում, այլև Սյունիքում։
Այս ֆոնին Մոսկվան բացահայտորեն սրում է հարաբերությունները Հայաստանի հետ՝ դրանք հասցնելով առճակատման, նպատակ ունենալով հայ-ռուսական պայմանավորվածությունների շրջանակում օգնություն տրամադրելուց հրաժարվելը ևս մեկ անգամ արդարացնել «Փաշինյանի հակառուսական հարձակումներով”։
Օրեր առաջ Հայաստան էր այցելել ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը (ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ), ով այժմ գտնվում է Բաքվում։ Մարիա Զախարովան այսօր հիշեց այդ մասին՝ նշելով, որ Ռուսաստանը «կողմնակից է Լաչինի և Աղդամի երթուղիներով հումանիտար օգնության անարգել մուտքի օգտին և կոչ է անում խուսափել այդ հարցի անհարկի քաղաքականացումից»։
Պետք է խուսափել քաղաքականացումից, իսկ ռազմականացումից՝ ոչ։ Զախարովան երեւի կհրամայի, որ Բաքուն սովահար հայերին մարդասիրական օգնություն հասցնի Ակնայից տանկերով։ Մնում է Զախարովային խորհուրդ տալ, որ հրթիռակոծվող Բրյանսկից ռուսների համար «մարդասիրական միջանցք» բացի դեպի Ուկրաինա։
Մարիա Զախարովան առաջարկել է նաև ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում՝ նշելով, որ «ՀԱՊԿ մնացած անդամները համաձայն են»։ Այսինքն՝ Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը և Տաջիկստանը։ Բարեւ ձեզ։
Իր հերթին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, թե Ռուսաստանը կամ չի կարող, կամ չի ցանկանում կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, հիշեցրել է, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում»։ Այսինքն, սպառնում է։
Մոսկվան և Բաքուն իրենց մտցրել են փակուղի, որտեղից երկու ելք կա՝ կամ գլխով ճեղքել պատը, կամ նահանջել։ Ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ենթադրվում է, որ ոչ Պուտինը, ոչ Ալիևը չեն նահանջում, ինչը նշանակում է, որ մնում է «ճեղքել պատը եւ ջարդել գլուխը»։