5 տարի առաջ այս օրերին Արցախում պատերազմ էր՝ ամենաանողորմը, ամենաահեղը։ Արցախն ու հայը պայքարում էին՝ միայնակ, աշխարհի քար լռության ներքո։ Սահմանում զինվորն էր՝ 18-20 տարեկան․ նրանց կողքին սպայական անձնակազմն էր, կամավորականն ու աշխարհազորայինը, ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները։
Կանայք, ծերերն ու մանուկները տարհանվում էին Հայաստան․ մնալը վտանգավոր էր։
Ասկերանում մնացած մարդկանց մի մասը պատսպարվել էր շենքերի նկուղներում՝ մտածելով, որ մի քանի օր հետո կավարտվի ամեն ինչ, մի մասն էլ տեղափոխվել էր Ստեփանակերտ և շրջանի այլ համայնքներ։
Շրջվարչակազմի ղեկավարը Սասուն Բարսեղյանն էր՝ պատերազմների թոհուբոհում թրծված մարդ։ Մարտական դիրքերն ամեն օր շրջելուց հետո նա ժամանակ էր գտնում այցելելու համայնքների ապաստարաններում մնացած բնակչությանը։ Նրա ամեն մի այցելությունը հույս էր ներշնչում․ մարդիկ հարցեր էին տալիս, նա պատասխանում էր։ Միայն հետո հասկացանք, թե ինչու էր երբեմն խուսափում մեր աչքերին նայել՝ առանձնապես վերջին ժամանակահատվածում․ արդեն գիտեր, թե ինչ ընթացք է ստանում պատերազմը։
Օրերը ձգվում էին, պատերազմը չէր ավարտվում։ Ամեն օր զոհերի ու վիրավորների մասին լուրեր էինք լսում։ Դաժան օրեր էին՝ անորոշությամբ լի։ Մեր ապաստարանում (Ասկերանի շենքերից մեկի նկուղում) ապաստանել էր ավելի քան 60 մարդ, որոնք չէին ցանկանում հեռանալ Ասկերանից․ մեկի ամուսինն էր դիրքերում, մյուսի որդիներն ու եղբայրները։ Կային նաև տարեց ու հաշմանդամ մարդիկ։ 44 օր շարունակ այդ մարդիկ իրար հետ հաց էին կիսում․ մի մեծ ընտանիք էինք դարձել։ Առավոտյան կանայք գնում էին տուն՝ տնամերձ հողամասերում աշխատելու, բերք ու բարիքը հավաքելու․ աշնանային աշխատանքների եռուն շրջան էր։ Երեկոյան վերադառնում էին՝ խուսափելով գիշերային ռմբակոծություններից, որոնք հաճախակի էին դարձել։
Հոկտեմբերի սկզբից մեր ապաստարանի կարող մարդիկ, ինչպես նաև Ասկերանում մնացած բնակիչները ստանձնեցին թիկունքային աշխատանքները։ Շրջանում մի քանի հացի փուռեր էին աշխատում՝ օրուգիշեր, առանց հանգստի։ Ասկերան քաղաքում Էրիկի և Մհերի հացի արտադրամասերը հաց էին մատակարարում բնակչությանն ու զինվորին։ Աշխատուժի պակաս կար։ Մեր կանայք անմիջապես ընդառաջեցին ու սկսեցին հերթով օգնել՝ Մելանյան, Մարգոն, Միրան, Նաիրան, Մարինեն, Ալլան, Նունեն․․․
44 օր շարունակ զինվորի թիկունքն ապահով էր։ Մարդիկ ինչ ունեին, հավաքում ու դիրքեր էին ուղարկում՝ որ զինվորը սոված չլինի ու իրեն մենակ չզգա։ 44 օր առաջնագիծն ու թիկունքը միասին էին։ Իսկ գիտե՞ք, ինչքան սարսափելի օրեր էին դրանք։ Ամեն լուսադեմի, երբ սկսվում էին թշնամու ահարկու հրետակոծությունները, մայրերը չոքում էին գետնին ու աղերսում Աստծուն պահպանել տղաներին։ Ժամեր շարունակ նրանք նայում էին դեպի ծխացող Ակնայի ուղղությամբ, հաշվում զարկերը՝ փորձելով հասկանալ, որն է մերը, որը՝ թշնամունը։ Ամեն մի զարկի հետ հառաչում էին՝ աշխատելով իրենց մեջ խեղդել լացն ու չնկատելով, որ օր-օրի ճերմակում են մազերը։
44 օր շարունակ թիկունքում մարդիկ ապրում էին՝ զգալով պատերազմի ողջ դաժանությունը, հոգով ու մտքով լինելով զինվորի հետ։
Հոկտեմբերի վերջին տասնօրյակն էր։ Այդ օրը մի անհասկանալի հանգստություն էր տիրում, արևն էլ մի ուրիշ ջերմությամբ էր տաքացնում։ Օգտվելով դադարից՝ կանայք դուրս էին եկել ու նստել դրսում տեղադրված նստարաններին։ Աշխարհազորայինների հերթափոխն էր։ Մեզ է մոտենում Ասկերանի շրջվարչակազմի ԿՍ բաժնի վարիչ, Արցախյան առաջին պատերազմի վետերան Կառլեն Մայիլյանը․ հոգնած, փոշու մեջ կորած։ Հարցին՝ ինչ նորություններ ես բերել, ընկեր Մայիլյան, պատասխանում է՝ ամեն ինչ լավ է, դեռ այսպես լավ չի եղել։ Հետո գլխիկոր հեռանում է։ Ուրախացանք, միամիտ էինք։ Ամիսներ հետո, երբ ավարտվել էր պատերազմը, նա հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումներից մեկի ժամանակ ասաց՝ իսկ ի՞նչ պիտի ասեի անօգնական կանանց։ Պիտի ասեի, որ ամեն ինչ վա՞տ է, որ պարտվո՞ւմ ենք։ Ակամայից ստեցի, ներող կլինեք։
Օրերը ձգվում էին, պատերազմը չէր ավարտվում։ Ընկնում էին արցախյան հազարամյա գյուղերը, թշնամին օրեցօր տիրանում էր նոր բնակավայրերի։ Վերին ենթաշրջանն ընկել էր․ հեռու-հեռվից լսվում էին ռմբակոծությունների խլացնող ձայները։ Թշնամին մոտենում էր Շուշի քաղաքին։ Դաժան մարտերը շարունակվում էին։ Խառնաշփոթ ու տագնապալից իրավիճակ էր։
Նոյեմբերի 6-ն էր։ Հրահանգվեց լրիվությամբ տարհանել Ասկերանում մնացած բնակչությանը։ Հասկացանք՝ Արցախի գլխավերևում կուտակված սև ամպերը վատագույնն են կանխորոշում։
Քաղաքապետարանը մեքենաներ ուղարկեց տարհանման համար։ Երեկոյան մոտ էր․ հանկարծակի անձրև էր սկել, որը ասես լացում էր մեզ հետ, ավելացնում մեր հոգու ցավը։
Մի քանի մեքենավարներ շրջում էին ապաստարաններով ու Ղլիժբաղ կոչվող թաղամասով, որտեղ ևս մարդիկ կային պատսպարված։ Մարդիկ լացելով էին նստում մեքենաները, չէին ցանկանում հեռանալ, սակայն այլընտրանք չկար։ Տղամարդիկ, մնալով Ասկերանում, խոսք էին տալիս, որ շուտով կվերադառնանք մեր տները։
Ճանապարհվեցինք դեպի Մարտակերտի շրջանի Վանք գյուղը (մեր ավտոբուսի վարորդը Գրիշան էր), Ավտոբուսում կանայք ու ծերեր էին։ Տղամարդիկ մնացին Ասկերանում։ Ամբողջ ճանապարհը լեցուն էր տարհանվող մարդկանցով, մեքենաների շարասյան սկիզբն ու վերջը չէին երևում։
Ճանապարհն անվտանգ չէր։ Զգացվում էին մեր վարորդի ապրումները․ չէ՞ որ մեծ պատասխանատվություն էր կրում։ Գիշերով հասանք Վանք գյուղը։ Պարզվեց, որ գիշերելու համար արդեն ազատ տուն չկար։ Այդտեղից գնացինք Շահմասուր գյուղը, որտեղ մեզ դիմավորեց համայնքի ղեկավարը և մի քանի համագյուղացիների հետ ուղղորդեցին տարբեր տներ։
Մթության մեջ մի կերպ էինք կողմնորոշվում։ Գիշերը շատ երկար էր, մղձավանջային, իսկ վաղ առավոտյան արթնացանք թշնամու ռմբակոծիչ-ինքնաթիռի ձայներից։ Մի՞թե ճակատագիր է՝ անցավ մտքներովս, սակայն Աստված գթասիրտ գտնվեց։
Շահմասուրում մի քանի տարեց կին ու տղամարդ կային․ երիտասարդները անտառներում էին՝ դիրքերում։ Այդ սրտացավ մարդիկ մեզ այնպես ընդունեցին, որ գյուղում ապրած ընդամնեը երկու օրը տպավորվեց մեր հիշողության մեջ։ Ո՞վ գիտի, ողջ են նրանք, որտե՞ղ են հիմա, իսկ տղաները կարողացե՞լ են փրկվել 2023-ի արհավիրքից։
Հետո նոյեմբերի 9-նն էր։ Ամեն ինչ միանգամից ավարտվեց․ ասես այդպես էլ պետք է լիներ, պիտի զոհվեին հազարավոր տղաները, պիտի ծվատվեր Արցախը։
Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջն Արցախը շարունակում էր ապրե։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ