«Պատերազմը, որ չի ավարտվել Սվետլանայի համար»

  • 09:00 08.10.2025

«Հասկանում էի, որ պատերազմ անպայման լինելու է։ Եթե չես պատրաստվում պատերազմին՝ պարտվելու ես, այն էլ շատ վատ ձևով», — ասում է Սվետլանա Մովսիսյանը՝ աղջիկ, ով 2020 թվականի պատերազմից հետո մնաց առանց հայրենի գյուղի։ Սակայն նույնիսկ ամենածանր օրերին նա չհեռացավ իր պարտականությունից․ բլոկադայի ընթացքում էլ հասկանում էր, որ միակ ճանապարհը գործելն է։

Պատերազմի առաջին օրն Սվետլանան տանն էր՝ փոքր եղբոր հետ։ Մայրը աշխատանքի էր։ «Եթե մայրս մի քիչ էլ ուշանար, ստիպված էի եղբորս թողնել, որովհետև գիտեի՝ հիվանդանոցում իմ օգնության կարիքը կա», – հիշում է նա։

Այդ ժամանակ Սվետլանան ընդամենը 18 տարեկան էր, առաջին բուժօգնության մասնագետ։ Մայրը վաղուց էր հասկացել՝ աղջկան կանգնեցնելն անիմաստ է․ նրանք նույնիսկ միասին սավաններից վիրակապեր էին պատրաստում։

«Լավ գիտեի, որ իմ գիտելիքները նախևառաջ մարտադաշտում են պետք գալու», – ասում է նա։

Երբ իրենց մասով հստակ անելիք չկար բունկերներում, Սվետլանան ու իր գործընկերները զինվորներից հեռախոսահամարներ էին վերցնում, որ ծնողներին ասեն՝ իրենց որդին ողջ է։ «Մի տղա կար, դեմքը ծանոթ էր։ Մի օր ընկերներիցս մեկը գրում է, որ եղբայրը կորել է, խնդրում եմ՝ նկար ուղարկի։ Պարզվեց՝ հենց նա էր։»

Նա պատմում է, թե ինչպես բանակի կազմալուծման օրերին ամենացավոտը հենց այդ տեսարանն էր՝ երբ զինվորները վառում էին իրենց համազգեստները։

«Ես չհանեցի։ Դա իմ արժանապատվությունն էր, միակ բանն էր, որ մնացել էր, նույնիսկ կողքիս կանգնածներին ուժ էր տալիս։»

Սվետլանան դեռ չի մոռացել 2023-ի սեպտեմբերի օրերը։

«Երբ 24-ին դուրս եկա, աշխարհը փլվեց ինձ վրա։ Ասացին՝ պիտի դուրս գանք Արցախից։ Ինձնից մեծերը հարցնում էին՝ ի՞նչ ենք անում։ Պատասխան չունեի։ Դա անզորության մի ահավոր պահ էր։»

Հաջորդ օրը՝ 25-ին, նա ականատես եղավ բենզինի պայթյունից այրվածների հոսքին։ «Նայեցի ու մտածեցի՝ խոշտանգված են։ Հետո ինձ ահավոր մեղավոր զգացի։ Մեղավոր՝ որ իրենք այս վիճակում են, իսկ ես՝ ողջ։»

Օրեր շարունակ հիվանդանոցում էր։ Մի անգամ բարձրացավ երրորդ հարկ՝ հեռախոսը լիցքավորելու, նստեց աստիճաններին ու քնեց հենց տեղում։

Պատմում է իր տեսած դժոխքից ու զարմանում ես, թե ինչպես 18 տարեկան աղջիկը կարողացավ տեսնել, տանել եւ օգնել դժվարին այդ պայմաններում։

Ծանր պահերը շատ էին։ «Ամենադժվարը, սակայն, առաջին մահն էր։ Տասնհինգ տարեկան երեխա էր։ Երբ սպիտակ սավանով ծածկած բերեցին, գրկեցի մարմինը, դրեցինք մեքենայի մեջ, տեսա հարազատներին… Այդ պահին հասկացա՝ մեռնելուց էլ ցավոտ բան կա՝ հարազատիդ մահը տեսնելը։»

Հիշում է նաև մի մարդու, ով խնդրեց թելադրի, ես էլ հավաքեմ իր հաղորդագրությունը․ տեքստը ռուսերեն էր, ամեն բառի հետ մտածում էի ու՞մ է գրում։ «Թելադրում էր, ու ես մտածում էի՝ գուցե թանկ բան է թաքցրել։ Բայց երբ հասկացա, որ նամակում հարցնում է՝ «վիրավոր դիակները հասցրե՞լ եք դուրս բերել», ինձ աշխարհի ամենավատ մարդը զգացի։ Հետո պարզվեց՝ նա այն առաջին տղայի հայրն էր, որի մահը ես տեսել էի։ Նա նույնիսկ հրաժեշտ չէր կարողացել տալ որդուն»,- վերհիշում է նա։

Տեղահանման ճանապարհից շատ խոսել չի ուզում, բայց հասկանում է, որ դա նվաստացման ու ցավի ճանապարհ էր։ Նոր կյանքը, միջավայրը, մարդիկ անհասկանալի էին, ինչ-որ կարեւոր բան բացակայում էր։

Իր գործընկերների թիմը հաստատվել էր Տաշիր քաղաքում, իսկ , ինչպես ինքն է ասում՝ «սիրտը լեռներ էր կանչում», դրա համար Սվետլանան հաստատվել է Սյունիքում՝ Գորիսում, որտեղ ինչպես ինքն է ասում՝ «քամիները Արցախից են փչում»։

Ամեն օր աշատանքի գնալիս հայացքով Արցախն է փնտրում։

Առաջին շրջանում, հետպատերազմական օրերին ու տեղահանությունից անց անընդհատ պատերազմի մեջ էր՝ մտքում, երազում, ենթագիտակցորեն։

«Կարծես մի քանի տարվա հակադեպրեսանտ էի խմել․ ոչինչ չէի զգում։ Երկար ժամանակ նույնիսկ ֆիլմերում էի տեսնում կռիվներ, երազներումս էլ էի կռվում։ Ամեն ինչ փոխվեց, երբ եկա Կապան։ Սա իմ փրկությունն էր։ Սառը օդը կարծես գիտակցության էր բերում։»

Ամեն առավոտ, երբ անցնում է Ադրբեջանի դրոշի մոտով, իրեն հիշեցնում է՝ սա վերջը չէ․ «Դա պարտավորեցնում է, որ ևս մեկ քայլ անեմ դեպի Արցախ։»

«Իմ համար հայրենասեր մարդն այն չէ, ով միայն խոսքերով է սիրում հայրենիքը։ Հայրենասերը նա է, ով հայրենատեր է», – ասում է Սվետլանան։

Նա երազում է ունենալ յոթ տղա։ «Իմ որդիների պայքարը պիտի Արցախի համար լինի։ Ես հավատում եմ՝ մի օր նորից կզգամ ոչ թե Սյունիքից, այլ իմ տնից՝ Արցախից կզգամ մեր քամիները»։

Մարիամ Սարգսյան