Ի՞նչ խոսք, լավ ճանապարհները լավ են եւ ակնհայտ են լայնածաված ճանապարհաշինարարական աշխատանքները Սյունիքում, սակայն նոր փռած ասֆալթով թվում է թե այնքան էլ շատ մեքենաներ չեն անցնում, եւ մի տեսակ անհարմար է լինում, երբ միայն դուք եք անցնում. «հո մենակ ինձ համար չեն այսքան ծախսն արել», կարող է հարց առաջանալ ձեզ մոտ:
Գորիսի բնակիչներն ասում են, որ 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից ի վեր ո՛չ ղարաբաղցիները, ո՛չ էլ իրանցիները չեն անցնում իրենց քաղաքով, որի պատճառով նրանք «մեկուսացվել» են, սակայն շրջակա գյուղերն ավելի մեկուսացված են թվում, նույնիսկ Գորիսից առավել (Խնածախ, Խոզնավար, Որոտան…)։
«Մարշրուտկայի վարորդներին ձեռ չէր տալիս, ուղեվարձը ընդամենը 350 դրամ էր, բայց ուղևորներ չեն հավաքվում: Գորիս գնալու ՏԵՂացիները տաքսի են պատվիրում, գումարով կիսվում, պայմանավորվում և հասնում 600 դրամով: Թանկ է, բայց այլընտրանք չկա, ահա թե ինչու տաքսիները կրկնակի գին են գանձում: Ղարաբաղի ողջ բնակչությունը նախկինում անցնում էր մեր գյուղով, բայց հիմա, կարծես, մարդկանց տեղաշարժն ու կյանքը այստեղ դադարել են: Ես տոննաներով վառելիք էի վաճառում, բայց երդվում եմ, այսօր ամբողջ օրը նույնիսկ մեկ շիշ բենզին չեմ վաճառել», – ասում է Տեղի բենզալցակայանի աշխատակիցը:
«Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է»
Նիկոլ Փաշինյանի հայտնի այս արտահայտությունից հետո համայնքն ապրում է նոր իրականության մեջ։ Լեռնային Ղարաբաղ տանող մայրուղին փակված է փշալարերով և ցեմենտե բլոկներով, այնտեղ զինված զինվորները պարեկում են 24/7 ռեժիմով, և մուտքն արգելված է։ Բլուրների վրա ծածանվում են հայկական և ադրբեջանական հսկայական դրոշներ, ռազմական ճանապարհները սողում են Սյունիքի սարերով։
2023 թվականին Սամվելի ընտանիքը հաստատվել է Տեղ գյուղում, որտեղ նա ապրում է կնոջ՝ Վալյայի և որդու՝ Արթուրի հետ։ Սամվելն ասում է, որ այստեղ օդը թարմ է, որ փչում է Ղարաբաղի լեռներից։ Տեղից պարզ Երեւում է Բերձորը/Լաչինը։
«Չգիտեմ՝ այնտեղ մարդիկ ապրում են, թե ոչ, բայց երբ երեկոյան լույսերը վառում են, իսկապես տպավորիչ տեսք ունի», – ասում է նա։
Սամվելն առաջին կարգի հաշմանդամություն ունի (Ղարաբաղյան առաջին պատերազմից, բայց նա չի սիրում շատ խոսալ դրա մասին և չի ուզում լուսանկարվել։
«Երևան էի գնացել պրոթեզավորման համար, բայց նույնիսկ երկու ամիս այնտեղ մնալը չափազանց շատ էր ինձ համար, այստեղ հանգիստ է», – ասում է նա:
Ընտանիքը պլանավորում է Տեղում կամ Գորիսում տուն ձեռք բերել կառավարության բնակարանային ծրագրի միջոցներով: «Մեզ Երևանը պետք չէ: Շատ ղարաբաղցիներ բողոքում են բյուրոկրատիայից, բայց Գորիսում իրոք շատ արագ ձևակերպեցին մեր փաստաթղթերը, և մենք արդեն ունենք վկայական տուն գնելու կամ կառուցելու համար», – ասում է նրա կինը՝ Վալյան:
Նորերս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3020 ընտանիք, որից 1044-ն արդեն իրացրել են հավաստագիրը։
Ինչեւէ, բնակարանային ծրագիրը շատերի համար շարունակվում է անհասանելի մնալ, և ոչ բոլոր արցախցիներն են պատրաստ ապրել սահմանամերձ բնակայրերում. “աշխատանք չկա եւ չենք ցանկանում նրանցից (ադրբեջանցիներ) մոտիկ ապրել”:
Հայաստանի կառավարության հայտնի 16 մլն ծրագրով են նաեւ տներ կառուցվում Տեղ համայնքում, սակայն մի տեսակ կանգնել է շինարարությունը: Համենայնդեպս կանայք դեռ վարագուրներ չեն կախել: Սյունիքի գրեթե բոլոր գյուղացիները նույն խնդիրներն են մատնանշում. ջրի, արոտավայրերի սակավություն եւ աշխատաեղեր։ «Երիտասարդները չեն ցանկանում ապրել գյուղում, չեն ամուսնանում (“հազիվ մեզ ենք պահում, ուր հարս բերենք”)», – ասում են գյուղացիները։
«Այո՛, դժվար է, բայց ես կանխիկ գումար կամ սննդի արկղ չեմ խնդրում։ Ես շատ ուրախ կլինեի, եթե ինձ ջերմոց կամ մեղվի փեթակներ տրամադրեին որևէ աջակցության ծրագրի միջոցով, որպեսզի կարողանամ իմ սեփական ապրանքն արտադրել։ Ոչ ոք չի կարող հավերժ ֆինանսական օգնություն տրամադրել արցախցիներին, նրանք նույնպես պետք է մոտիվացված լինեն աշխատելու։ Կարծում եմ՝ այդպես նրանց համար ավելի լավ կլինի։ Կարմիր Խաչի աջակցությամբ 4 մեղվի փեթակ եմ ձեռք բերել, որը նոր մասնագիտություն է ինձ համար, բայց ես փորձում եմ այն զարգացնել», – ասում է Արթուրը։
«Եթե ես կարի մեքենա ունենամ, կարող եմ սավաններ, վերմակներ, սփռոցներ, սրբիչներ կարել, ամեն ինչ։ Ես պատրաստ եմ ցանկացած աշխատանքի», – Արթուրի մայրն իր սեփական բիզնես գաղափարներն ունի։
Տիկին Վալյան 27 տարի ռուսաց լեզու է դասավանդել է Ասկերանում։ Տեղ համայնքում փոքր աշխատավարձով աշխատանք են գտել եւ նա, եւ որդին` Արտուրը, իսկ ամուսինը՝ Սամվելը, ընտանեկան բյուջեն իր հաշմանդամության թոշակով է ավելացնում։ Տիկին Վալյան ասում է, որ Հայաստանում անհնար է ապրել աշխատավարձով, հատկապես արցախցիների համար, եւ պետք է ինչ-որ լրացուցից զբաղմունք գտնել։
«Ավելի շատ իմ այս փոքրիկ բոստանն եմ գնում, քան խանութ։ Այս մի քանի քառակուսի մետր հողն իմ համար թերափիա է դարձել։ Լոլիկը վերջանում է` լոբի եմ ցանում, լոբին է վերջանում է` կարտոֆիլ եւ այսպես շարունակ: Եթե ես այս փոքրիկ հողակտորը չունենայի, կխելագարվեի», – ասում է տիկին Վալյան։
Խոսելով այգեգործության մասին, նա չի կարողանում չհիշել Ասկերանում իր նռան այգին, ինչը նրան արցունքների է հասցնում։
«Ասկերանից հեռանալու լուրը շոկային էր։ Ասացին՝ վերցրեք ամենաանհրաժեշտ փաստաթղթերը եւ այլն։ Ես շփոթված կանգնել էի հյուրասենյակի մեջտեղում, և չգիտեմ ինչու վերցրի այս մկրատը, որն ընկույզկոտրիչ է միաժամանակ։ Հետո օժիտս հիշեցի. վեց գդալներով կոմպլեկտը, հետս բերել եմ, բայց երբ Տեղ հասանք` մեկը պակասում էր: Ինչեւէ, գոնե մի հիշողություն եմ բերել ինձ հետ», ծիծաղում է նա:
«Տեղի հարևաններս հրաշալի մարդիկ են, ջերմությամբ են շրջապատում ինձ, բայց միեւնույն է, կարոտում եմ իմ տունը: Հենց Ասկերանի ամրոցի կողքին էր, սեփական ձեռքերով եմ կառուցել, կարոտը խեղդում է ինձ։ Անգամ եթե միայն ավերակներն են մնացել, կցանկանայի հնարավորություն ունենալ այնտեղ լինել։
«Պատն ինքն էր շարում, ամենածանր գործն անում», կնոջ լացը զսպելու համար կատակում է ամուսինը:
Տիկին Վալյան Արցախի էջը փակված չի համարում եւ մտքում սկսում է վերադարձի “տեխնիկական” հարցերն ուրվագծել. «ի՞նչ կարող է անել Հայաստանի կառավարությունը։ Հավանաբար վկայականով ձեռք բերած տունը հետ կվերցնի: Թող հատակին քնեմ, բայց միայն իմ տանը։ Չգիտեմ, թե քաղաքական գործիչները ինչ կորոշեն, բայց չեմ ուզում հույսը կորցնել։ Փոքրիկ կայծը կարող է մեծ կրակ վառել, և ես ուզում եմ այդ փոքրիկ կայծը պահել իմ սրտում», – ասում է նա։
Հույս պահելն լավ բան է, բայց առայժմ արցախցիներին այլ բան անել չի մնում, քան ապրել Հայաստանում։ Ինչ 40+10 ծրագիրը դադարել է գործել, նրանց կյանքն էլ ավելի է դժվարացել:
«Ողջ մնալու համար շնորհակալ եմ Աստծուն, բայց այստեղ կյանքն իրոք դժվար է։ Ինչ եկել, այս հանրակացարանում ենք ապրում: Մոտ 50 հոգի ենք, լոգարան, խոհանոցն ընդհանուր են, պայմաններն այդքան էլ գովելի չեն։ Որպես միայնակ մայր 30 000 դրամ աջակցություն եմ ստանում, բայց ի՞նչ կարող եմ անել դրանով։ Արդեն ցուրտ է, երեխաներս ձմեռային հագուստ չունեն, մեկը ութ, մյուսը՝ չորս տարեկան են։ Աշխատանք չեմ կարողանում գտնել։ Բացի այդ, նույնիսկ եթե գտնեմ, ինչպե՞ս կարող եմ այն համատեղել երեխաների և անկողնային մորս խնամելու հետ։ Երեխային արգելել են մանկապարտեզ գնալ, ասում են հազում է` տարեք տուն, որպեսզի մյուսներին էլ չվարակի։ Ես չեմ ասում, որ Ղարաբաղում հարուստ եմ ապրել, բայց այսպիսի անծանոթ միջավայրում ավելի դժվար է», – ասում է Տոման, ով հիմա Տաշիրում է ապրում:
Եվրոպայի աջակցությունը
Սեպտեմբերին Գորիսում «ԱգրիՖեստի» ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ Ղարաբաղից փախստականներին ուշադրության կենտրոնում են պահում:
«Գիտեմ, թե դժվար է փախստականների համար: Նրանք տառապել են և տրավմաներ ունեն, դրա համար մենք տարբեր ծրագրերով աջակցում ենք նրանց: ԵՄ-ն նաեւ ֆինանսական և մարդասիրական, հոգեբանական օգնություն է տրամադրել նրանց եւ նման ծրագրերը շարունակական կլինեն։ Հասկանում եմ, որ սա կարող է բավարար չլինել, դա պարզ է, բայց կարծում եմ, որ մենք կկարողանանք ապագայում ավելին անել», ասել է դեսպան Մարագոսը։
ԵՄ դեսպանն ասել է նաեւ, որ ԵՄ-ն խրախուսում է մասնավոր բանկերին փոքր վարկեր տրամադրել, որից օգտվելու հնարավորություն ունենան նաև արցախահայերը:
Սյունիքում ապրող արցախցիները “Մարդը կարիքի մեջ” կազմակերպության մասին են շատ պատմում.
«Այնպիսի “կորած” գյուղերում էինք, որ միայն մեր մեքենան կարող էր գնալ։ Իրոք շատ են մեզ օգնել ամենաանհրաժեշտ իրերով: Մահճակալներով, սննդի տուփեր, ինչ անհրաժեշտ է եղել, մի խոսքով, սկզբնական շրջանում: Ինքնս էլ մեկուկես տարի աշխատել եմ այդ կազմակերպությունում եւ հուսով եմ ապագայում նոր հնարավորություններ կլինեն», – ասում է ստեփանակերտցի Գագոն։
Ոչ միայն արցախահայերի համար է դժվար
Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերում լարվածությունը նվազել է, ասում են՝ էլ չեն կրակում: Խոզնավար տանող ճանապարհը վերանորոգվել է: «Տեղացիներն այնքան երկար ժամանակ չեն ասֆալտ տեսել, որ չգիտեն, թե ինչպես մեքենա վարել նոր ճանապարհով: Առաջին ողբերգական դեպքն արդեն տեղի է ունեցել մահվան ելքով», ասում է մի տաքսիստ:
«Երիտասարդներն ի՞նչ անեն, ծնողների՞ց փող ուզեն, աշխատանք չկա` հեռանում են: Կամ Քաջարանի հանք կամ բանակ, մեծ ընտրություն չկա։ Գիտեմ, որ դժվար է, բայց ի՞նչ կարող են անել», – հարցնում է Խնածախցի մի տարեց տղամարդ։ «Այո՛, հիմա չեն կրակում, բայց ես այդքան էլ չեմ անհանգստանում՝ կրակում են, թե ոչ։ Ավելի շատ մտածում եմ, թե ինչպես եմ ձմռանը տունս տաքացնելու։ Անցյալ տարի Գորիսի քաղաքապետարանը 2 խ/մետր փայտ էր տրամադրել, բայց ասում են, որ այս տարի այդ օգնությունը չի լինի, իսկ ես էլեկտրաէներգիայի համար չեմ կարողանում վճարել», – շարունակում է նա։
«Գյուղում գրեթե իմ պես տարեցներն են մնացել։ Նախնիների գերեզմաններն այստեղ են։ Եթե այսպես շարունակվի, մենք էլ պարզապես կմիանանք նրանց, և միայն մեր տապանաքարերը կմնան որպես ապացույց, որ հայը մի ժամանակ այստեղ ապրել է։ Ասֆալտը լավն է, բայց ո՞ւմ է պետք երբ այն տանում է դեպի այսպիսի դժվար կյանք», – հարցնում է պապիկը։
Մարութ Վանյան
Հոդվածի բնօրինակը (անգլերեն) Caucasus Watch-ում