Արցախից բռնի տեղահանված ձեռնարկատերերը ՀՀ շուկայում. խնդիրներ և լուծման առաջարկներ

  • 18:43 21.10.2025

Բռնի տեղահանումից հետո Արցախի հազարավոր ընտանիքների համար տնտեսական ինքնաբավությունը դարձավ ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Եթե ընտանիքները կորցրին իրենց տները, ապա ձեռնարկատերերը՝ նաև իրենց գործի տարիներով ձևավորված հիմքը․ արտադրամասերը, խանութներն ու հաճախորդների ցանցը։ Շատերն ամեն ինչ սկսեցին զրոյից, սակայն Հայաստանի տնտեսական միջավայրն ու բիզնեսի վարումը, հասկանալի պատճառներով, շատ ավելի բարդ էր, քան Արցախում։ Այս թեմային էր նվիրված «Ստեփանակերտ» մեդիա ակումբ ՀԿ-ի վերջերս կազմակերպած քննարկումը, որտեղ հրավիրված էին ինչպես բռնի տեղահանված մանրումիջին ձեռնարկատերեր, այնպես էլ հայաստանյան այն ՀԿ-ներն ու նախաձեռնությունները, որոնք ունեն այս ուղղությամբ որոշակի կատարված աշխատանքի փորձառություն:

Բիզնեսի ներկայացուցիչների խոսքով՝ հիմնական խոչընդոտը տարածքների վարձավճարն ու հարկային բեռն է։ Եթե Արցախում շահութահարկը կազմում էր 10%, ապա Հայաստանում այն 18% է։ Սա անմիջապես բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը և կրճատում մրցունակությունը տեղական շուկայում։ «Արցախում ես կարողանում էի արտադրել, վաճառել և պահպանել օպտիմալ գին։ Այստեղ նույն ապրանքը նույն գնով վաճառելն անհնար է»,– ասում է Ստեփանակերտից տեղահանված ձեռագործ արտադրողներից մեկը։

Հարկային տարբերությունը միակ խնդիրը չէ։ Նոր շուկա ինտեգրվելու դժվարությունները բազմաշերտ են՝ սկսած պահանջարկի բացակայությունից մինչև գովազդային և մարքեթինգային գործիքների տիրապետման բացակայություն։ Շատ արտադրանքներ չեն համապատասխանում տեղական շուկայի ճաշակին կամ գնային շեմին։ Ավելին՝ շուկայում բարձր մրցակցությունն ու սահմանափակ ռեսուրսները խոչընդոտում են նոր եկած ձեռնարկատերերի կայացմանը, հատկապես երբ խոսքը գնում է ոչ թե խոշոր ձեռնարկատիրությունների, այլ ՓՄՁ-ների մասին։

Շատերը փորձեցին ինքնուրույն ելք գտնել։ Նրանցից մեկն էլ Սոսեն է՝ երեք երեխայի մայր, ով մինչև 2023 թվականի սեպտեմբերը Ստեփանակերտում իր կարի մեքենայով անհատական հագուստի պատվերներ էր կատարում. «Արցախում հիմնականում պատվերներ էի ստանում հարևաններից, դպրոցներից։ Հիմա ոչինչ չունեմ, որովհետև բռնի տեղահանության արդյունքում կորցրել եմ հաճախորդներիս՝ համայնքի ցաքուցրիվ լինելու հետևանքով։ Երբ գնացի բանկ՝ փոքր վարկ վերցնելու, ասացին՝ գրավադրման ենթակա ոչինչ չունես, չենք կարող ոչնչով օգնել։ Ես ոչ տուն ունեմ, ոչ էլ այլ տեսակի որևէ գույք, բայց աշխատելու պատրաստ եմ»,- կիսվում է նա։

Սոսեի պատմությունը պատահական չէ։ Տասնյակ կանայք, որոնք Արցախում աշխատում էին որպես դերձակ, խոհարար, կոսմետոլոգ կամ ձեռագործ արտադրող, այսօր Հայաստանում կանգնել են նույն խնդրի առաջ․ նրանք ունեն հմտություն, բայց չունեն գործիք և հնարավորություն։ Այդ պատմությունները լավագույնս բացահայտում են, թե ինչու է անհրաժեշտ պետության ուղղակի աջակցությունը՝ ոչ թե բարեգործական, այլ տնտեսական զարգացման տրամաբանությամբ։

Բարոյական աջակցությունից դեպի տնտեսական կայունություն

Տեղահանման առաջին ամիսներին հանրային վերաբերմունքը համերաշխ էր․ մարդիկ գնումներ էին անում արցախցիներից ոչ այնքան ապրանքի կամ ծառայության, որքան՝ բարոյական աջակցության դրդումով։ Սակայն ժամանակի ընթացքում այդ մոտիվացիան մարեց, քանի որ մարդիկ կարծում են, որ բռնի տեղահանվածներն արդեն իսկ ադապտացվել են տեղական շուկայում և չունեն հավելյալ աջակցության կարիք։ Արդյունքում՝ վաճառքների ծավալները կտրուկ նվազել են. ըստ հարցված արտադրողների՝ մինչև 88%-ով:

Արտադրողները նշում են նաև, որ փառատոնները, որպես վաճառքի խթանման միջոց, այլևս չեն ապահովում նախկին արդյունքը․ «Փառատոններում մասնակցությունը մեծ է, բայց վաճառքը՝ ոչ»,– ասում է բռնի տեղահանված Կարինեն, ով ևս զբաղվում է ձեռագործ արտադրանքով։

Բնականաբար, փառատոնային ակտիվությունը չի կարող փոխարինել համակարգային աջակցությանը, սակայն տեղահանված ձեռնարկատերերը փաստում են, որ պետությունից որևէ ուղղակի աջակցություն չեն ստացել․ հոդվածի պատրաստման ընթացքում անցկացված օնլայն հարցման արդյունքում հարցվածների 96%-ը նշել է, որ կառավարության որևէ ծրագիր չի հասել իրենց։

Աջակցություն ստացածներն էլ հիմնականում նշում են, որ դրանք եղել են տեղական ՀԿ-ների կամ միջազգային կազմակերպությունների փոքր դրամաշնորհային ծրագրեր՝ GIZ, AGBU, Gloobing, Eurasia Partnership և այլ կազմակերպությունների կողմից՝ հիմնականում բիզնեսի վարման դասընթացների, տեխնիկայի ու սարքավորումների տեսքով։

Բիզնես դասընթացների արդյունավետությունը բռնի տեղահանված ձեռնարկատիրությունների ադապտացիայի գործում

Վերջին երկու տարում մի շարք ՀԿ-ներ կազմակերպել են ձեռնարկատիրական դասընթացներ, որոնք, ըստ նպատակների, պետք է օգնեին տեղահանվածներին վերականգնել կամ հիմնել սեփական գործը։ Բայց հարցումների համաձայն՝ դրանց արդյունավետությունը ցածր է։ Հարցվածների 50%-ը նշել է, որ չի մասնակցել դասընթացներին, 27.8%-ը՝ որ մասնակցել է, բայց չի ստացել ակնկալվող արդյունքը։

Պատճառները տարբեր են՝ բովանդակության ոչ կիրառական լինելը, իրազեկման բացակայությունը, տրանսպորտային ծախսերի անհնարինությունը։ Շատերը նշում են, որ դասընթացները հաճախ ավելի շատ կազմակերպվում են դոնորների պահանջներին համապատասխան, այլ ոչ թե տեղահանվածների կարիքների գնահատման արդյունքներով։

2023-ի սեպտեմբերից ի վեր՝ կառավարությունը տարբեր առիթներով հայտարարում է, որ իր նպատակը «ոչ թե սոցիալական աջակցությունն է, այլ պայմանների ստեղծումը», սակայն գործնականում այդ պայմանները չեն ձևավորվում։ Տեղահանված ձեռնարկատերերի համար նույնիսկ փոքր տարածքի վարձակալությունը հաճախ համարվում է անհասանելի շքեղություն։

Բռնի տեղահանված բիզնեսի ինտեգրման միջազգային փորձը

Աշխարհում գոյություն ունեն հաջողված պետական մոդելներ, որոնք կարող են կիրառվել նաև Հայաստանում՝ տեղահանված ձեռնարկատերերի համար։

Այս ծրագրերի ընդհանուր հատկանիշն այն է, որ պետությունն ուղղակիորեն է մասնակցում գործընթացին՝ ֆինանսական, խորհրդատվական և կազմակերպական մակարդակներում։ Հայաստանում նման համակարգված մոտեցում չկա։

Թեև առանձին համայքներում, օրինակ՝ Արագածոտնի մարզում, «People in Need» կազմակերպությունն իրականացնում է ծրագիր 45+ տարիքային խմբի տեղահանված տղամարդկանց համար, սակայն նման ծրագրերի ծավալը չափազանց փոքր է ընդհանուր պահանջի համեմատ։

Բացի այդ, ինչպես ընդգծում են բռնի տեղահանված ձեռնարկատերերը՝ կա ինքնավստահության խնդիր․ տեղահանված շատ ձեռնարկատերեր պարզապես չեն համարձակվում ներկայացնել սեփական հմտությունները կամ ապրանքները՝ շուկայում մրցակցելու վախից։ Սա վկայում է նաև հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին։

Ինչպես կարող է պետությունը փոխել իրավիճակը

Տեղահանված ձեռնարկատերերը չեն խնդրում օգնություն՝ որպես բարեգործություն։ Նրանք պահանջում են հավասար հնարավորություն՝ ստեղծելու պետական քաղաքականություն, որն իրենց հնարավորություն կտա աշխատել, այլ ոչ թե սոսկ  գոյատևել։

Պետք է իրականացնել համակարգային քայլեր՝

  • Ստեղծել սուբսիդավորման պետական ծրագիր՝ տեղահանված ձեռնարկատերերի տարածքների վարձավճարի և հարկային բեռի նվազեցման համար։
  • Մշակել օնլայն հարթակների գովազդային աջակցություն՝ պետական կամ համայնքային մակարդակով՝ ապահովելով արտադրողների ներկայությունը հանրաճանաչ միջազգային հարթակներում (Wildberries, Amazon, Ozon
  • Կազմակերպել շարունակական ցուցահանդես-վաճառքներ՝ մատչելի տաղավարներով և նպատակային գնորդների ներգրավմամբ։
  • Ստեղծել բիզնես-ինկուբատորներ և մենթորության ծրագրեր, որտեղ փորձառու ձեռնարկատերերը կաջակցեն նորեկներին։
  • Ապահովել ՀԿ-ների, ինֆլյուենսերների և պետական կառույցների համագործակցություն՝ իրազեկման և շուկայում ճանաչելիության բարձրացման նպատակով։
  • Հետազոտել շուկան և մշակել կարիքահեն ռազմավարություն, որը կբխի տեղահանված ձեռնարկատերերի իրական խնդիրներից:

Աշխատելու պայմաններ, ոչ թե միայն կոչեր

Տեղահանված ձեռնարկատերերի ներուժը մեծ է՝ ձեռագործ արտադրանքից մինչև ծառայությունների ոլորտ։ Սակայն առանց քաղաքական կամքի այդ ներուժը շարունակում է մնալ որպես չօգտագործված ռեսուրս։

Հայաստանում բիզնեսի վերականգնումը տեղահանվածների համար պետք է դիտվի ոչ թե սոցիալական օգնության, այլ տնտեսական զարգացման քաղաքականության շրջանակում։ Տնտեսապես ինքնաբավ արցախցին՝ աշխատող ձեռնարկատերը, ոչ միայն սեփական ընտանիքն է պահում, այլև ներդրում է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։

Եվ հենց այստեղ է պետության դերը՝ ոչ թե խոսել աշխատանքի մասին, այլ ստեղծել աշխատանքի իրական պայմաններ։

Մարիամ Աբրահամյան