Սամվել Շահրամանյանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

  • 08:50 10.09.2023

Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Ադրբեջանը, ինչպես հավելել է Սամվել Շահրամանյանը, օգտվելով ինչպես նշված փաստից, այնպես էլ նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու հանգամանքից, խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

«Միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է: Դրան հակառակ, աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով։ Անկատար են մնում նաև միջազգային և մարդու իրավունքների եվրոպական դատարանների որոշումների իրագործումը։ Ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար այս պահին շահագրգռված չէ Ադրբեջանի նկատմամբ կիրառել ազդեցության կոշտ միջոցներ»,- ասել է Սամվել Շահրամանյանը՝ հատկանշական համարելով, որ այդ պայմաններում նույնիսկ «իրատեսական» են համարվում ինտեգրման օրակարգի շուրջ բանակցություներին Ստեփանակերտի ներգրավման հնարավորությունները:

«Այսինքն, կարող ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում: Ըստ այդմ, ոչ իրատեսական և իրականությունից կտրված եմ համարում միջազգային իրավունքի վերաբերյալ մեր պատկերացումներն ու ակնկալիքները, քանի որ ակնհայտ է, որ միջազգային քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ պատերազմները չեն ծավալվում միջազգային իրավունքի շրջանակներում: Նշվածներն Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»,- ասել է Արցախի նախագահը։

Պետության ու պետականության, ներքին կայունության ամրապնդում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Արցախի Հանրապետության ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, տնտեսության զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, օրինականության ու կարգուկանոնի ամրապնդում․ Արցախի նորընտիր նախագահ Սերգեյ Շահրամանյանը այս քայլերն է առաջնային համարում իր պաշտոնավարման ընթացքում։

Արցախի խորհրդարանի հատուկ նիստին ներկայացնելով ճգնաժամային իրավիճակում պետության առջև ծառացած խնդիրների լուծման իր տեսլականը՝ Արցախի նորընտիր նախագահն ընդգծել է նաև՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի, այլ երթուղիները չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք։

«Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Այն, հակառակ Բաքվի պնդումների, արդեն տևական ժամանակ է, ինչ փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանի այլ ճանապարհներ ևս, սակայն դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք»,- ընդգծել է Սամվել Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող «հումանիտար օգնությանը»։

«Առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ «հումանիտար օգնություն» տրամադրելու կարիք չի լինի»,- ասել է նա։

Արցախի նորընտիր նախագահը նշել է նաև՝ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը․

«Չնայած ՌԴ և հավաքական Արևմուտքի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս՝ հետևյալ հարցերի շուրջ․ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը։ Հետևաբար, Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա համապատասխան կարգավիճակ»։

Սամվել Շահրամանյանի խոսքով՝ Ստեփանակերտը բանակցությունների օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի, բանակցությունները կարող են լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ, բանակցությունների կազմակերպումը պետք է լինի երրորդ երկրի կողմից՝  ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ նրա տրամադրած երաշխավորությամբ։

Արցախի Հանրապետության խորհրդարանի հատուկ նիստին իր ելույթի ժամանակ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պատասխանել է ամենից հաճախ հնչող հարցին՝ արդյոք կարելի է՞ բանակցել ադրբեջանական կողմի հետ, որը ցանկացած պահի պատրաստ է քաղաքական և նաև ռազմական ուժ կիրառել Արցախի նկատմամբ, և ինչի շուրջ պետք է կառուցել այդ բանակցությունը:

«Պատասխանն ինքնին ներառված է հարցի մեջ։ Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի առարկայական բանակցություններ վարել։ Հետևաբար, մեր առաջնահերթություններից է հասնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության, գազի և էլեկտրականության կանոնավոր մատակարարումների վերականգնմանը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացման ապահովմանը և այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Նշվածներն իրականացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է Սամվել Շահրամանյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի տրամադրած «հումանիտար օգնությանը», ապա առավել քան ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք ընդհանրապես չի լինի։

«Իր հերթին, ինչպես Ստեփանակերտ-Ակնա, այնպես էլ Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ-Սոթք և տարածաշրջանում գտնվող բոլոր ճանապարհների լիարժեք գործարկմանը Արցախը միշտ էլ կողմնակից է եղել, այլ հարց է, թե ինչպես պետք է ապահովված լինի այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը։ Ակնհայտ է, որ ներկա իրողությունների պայմաններում, երբ նույնիսկ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող Լաչինի միջանցքում Ադրբեջանը հափշտակում է Արցախի խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կարմիր խաչի ուղեկցությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող կենսաթոշակային տարիքի բուժառուի, որևէ այլ ճանապարհի գործարկումն ինքնին խնդրահարույց է։ Ինչպես տեսնում ենք, նշված հարցերը բավականին ընդգրկուն են և կարող են և պետք է դառնան ապագա բանակցությունների քննարկման առարկա»,- ասել է Արցախի նախագահը։

Նա հիշեցրել է, որ Արցախ-Ադրբեջան ուղիղ բանակցությունները բոլորովին էլ նոր խոսք չեն հակամարտության կարգավորման գործընթացում։

«Վստահ եմ՝ իրազեկ եք ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կազմակերպված, իմ կողմից գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցած  հանդիպման մասին, որն ուներ բացառապես հումանիտար հարցերի կարգավորման շրջանակ:

Ներկա իրողությունների պայմաններում բանակցային գործընթացի մասնակից դառնալուց առաջ միանգամայն անհրաժեշտ է, որպեսզի Արցախն իր պատկերացումներում ունենա բանակցությունների վերջնարդյունքի իր տեսլականը։ Այն արդեն իսկ ներկայացվել է Ձեզ, ԱԺ խմբակցությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, և ընդհանրական կերպով կարելի ներկայացնել որպես Արցախը հայկական պահելու և այն սերունդներին փոխանցելու հրամայական»,- բանակցությունների վերաբերյալ ասել է Սամվել Շահրամանյանը:

 

f