Ինչո՞ւ է Իրանը համառորեն պնդում, որ տարածաշրջանում պատերազմ չի լինի

  • 10:01 14.09.2023

Այն պահից, երբ ՀՀ իշխանությունները սկսեցին տեղեկություններ հրապարակել և պնդել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Իրանը ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների շուրթերով համառորեն պնդում է, որ պատերազմ չի լինելու։ Իրանցիներն ասում են, որ Բաքուն իրենց վստահեցրել է, որ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չկա, և Իրանը վստահելի է ընկալում այդ հավաստիացումները։

Երեւանը, սակայն, նույնքան համառորեն պնդում է, որ էսկալացիան ակնհայտ է։ Այդ կապակցությամբ Փաշինյանը զանգահարել է աշխարհի առաջնորդներին ու հարեւաններին, այդ թվում՝ Իրանի նախագահին։ Նրանք ի գիտություն են ընդունել Փաշինյանի հայտարարությունները՝ ըստ երևույթին հարցնելով, թե արդյո՞ք Հայաստանը մտադիր է պաշտպանվել ուժով։ Թե՞ բոլոր հույսերը արտաքին օգնության հետ են կապվում: Հայտնի չէ, թե ինչ արձագանք է տվել Հայաստանը, որը քարոզում է «չարին բռնության միջոցով չդիմադրելու խաղաղ օրակարգ»։

Ինչո՞ւ է Իրանը համառորեն պնդում, որ պատերազմի վտանգ չկա։ Վարկածներից մեկը Բերձորի միջանցքն է։

Բերձորի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում գործընթացները հայտնվել են մի իրավիճակում, երբ կա միայն երկու տարբերակ՝ կա՛մ Գորիսի կաղմից միջանցքի ուժով բացումը, որից Հայաստանը համառորեն հրաժարվում է, կա՛մ էթնիկ զտումներ ու սով Արցախում։ Երկրորդ տարբերակը ոչ մեկին ձեռ չի տալիս, հատկապես Մոսկվային ու Բաքվին։ Մնում է միայն ուժային հարձակումը։

Հայտնի չէ, թե արդյոք համաշխարհային առաջնորդները Փաշինյանին ասում են այս տարբերակի մասին, երբ նա զանգահարում է իրենց։ Բայց, ըստ տրամաբանության, դա միակ հնարավոր տարբերակն է, որը կարող է ձեռ տալ նույնիսկ Բաքվին։ Այժմ Ալիևը չի կարող «կամավոր» բացել միջանցքը, քանի որ կստացվի, որ նա «ենթարկվել է» Հայաստանի և համաշխարհային հանրության պահանջներին։ Բայց նա նաև չի կարող երկար ժամանակ փակ պահել միջանցքը, երբ Արցախում հացը նույնիսկ արդեն վերջացել է և «մարդասիրական միջանցքի» կոչեր են հնչում։ Եվ այս դեպքում «ուժային բացումը» կարող է «պատրվակ» դառնալ։

Երևանը, սրացման մասին տեղեկություն տարածելով, հնարավոր է, ազդանշան է տալիս, որ չի կարող ուժով բացել միջանցքը, իբր, որ այդ դեպքում Բաքուն հարձակվելու է։ Իրանը, հայտարարելով, որ Բաքուն Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, հնարավոր է՝ ակնարկում է, որ Ալիևը «դեմ չէ» փակուղային իրավիճակի նման լուծմանը։

Սա, իհարկե, միայն մեկ տարբերակ է: Կան ուրիշներ, որոնց համաձայն Իրանը համաձայնության է եկել Բաքվի հետ և գործում է Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի չկորցնի իր հյուսիսային նահանգները։ Բոլոր տարբերակները գոյության իրավունք ունեն։