Թողնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել սեփական աշխատանքով դեռ 13-րդ դարում հիմնադրված գյուղում

  • 22:41 14.09.2023

Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 7-ը Լիզա (Լյուբա) Սարգսյանն ապրում էր հայրենի Կեմրակուչ գյուղում, որը գտնվում է Հադրութից հինգ կիլոմետր հեռավորության վրա։

Ծնվել է գյուղացիական ընտանիքում։ Սովորել գյուղական ութամյա դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել Հադրութի միջնակարգ դպրոցում։ Մինչև Արցախյան առաջին պատերազմը աշխատել է գյուղական խանութում որպես վաճառող։

Նա լավ հիշում է, թե ինչպես էր խորհրդային տարիներին ամեն երկուշաբթի ոտքով գնում Հադրութ, որտեղ գյուղի խանութի համար ապրանքներ ստանալու հաշիվ-ապրանքագրեր էր ստանում։ Նրա խոսքով, բոլոր ներկրված ու որակյալ ապրանքները ուղարկվում էին ասրբեջանական շրջաններ և գյուղեր։ Արցախյան խանութներին տալիս էին այն ամենը, ինչ մնում էր, այսինքն՝ անորակ «շիրպոտրեբը»։ Այդ պատճառով մարդիկ ստիպված էին գնալ հարևան ադրբեջանական գյուղեր՝ լավ հագուստ, կոշիկ, սպասք և այլ բարձրորակ ապրանք գնելու համար։

Տիկին Լյուբան հիշում է, թե երեսունականներին քանի երիտասարդ ընտանիք լքեց գյուղը «պլանի» պատճառով (այսպես կոչված բնական հարկի, երբ արցախցիները տուրք էին տալիս Ադրբեջանին գյուղմթերքի տեսքով)։ Շատերը պետությանը (ըստ էության Ադրբեջանին) տալիս էին իրենց տարեկան ողջ պաշարը, և ընտանիքը մնում էր առանց որևէ բանի։

Իսկ Բաքվում այդ տարիներին նավթարդյունաբերությունը սկսեց արագ զարգանալ։ Արցախցի երիտասարդությունը գնում էր այնտեղ։ Բնատուր շնորհքի շնորհիվ  շատերը հասել են մեծ բարձունքների, բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Բայց նույնիսկ մեծ կարողություններով և պրոֆեսիոնալիզմով Ադրբեջանում հայերը միշտ երկրորդ տեղում էին. նրանց ղեկավարում էին երբեմն վատ կրթված ադրբեջանցիները:

Արցախի հայաթափման մեկ այլ ալիք էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանն արցախահայության հաշվին իրագործեց ճակատը տղամարդկանցով ապահովելու իր «պլանը»։ Ե՛վ տղամարդիկ, և՛ երիտասարդ աղջիկները կանչվում էին գրեթե բոլոր ընտանիքներից: Ռազմաճակատ մեկնածների կեսը չի վերադարձել։

Բայց հատկապես դժվար էր հետպատերազմյան տարիներին և արդեն 70-80-ական թվականներին, երբ ամբողջ Խորհրդային Միությունում պարենամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կար։ Գյուղատնտեսական մթերքներով հարուստ Արցախը Ադրբեջանին էր տալիս դաշտերից հավաքված ողջ ցորենը, այգիներից բերքը, բազմաթիվ անասնաբուծական ֆերմաների միսը և ապրում սոված։

Ամեն ինչ փոխվեց 1988 թվականին, երբ արցախցի հպարտ ժողովուրդը որոշեց ձերբազատվել Ադրբեջանի ստրկությունից ու լծից։

Ժողովրդի ոգեւորությունը կոտրել են Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերը, որտեղ Լյուբան բազմաթիվ հարազատներ ուներ։ Նրանք բոլորը ստիպված եղան թողնել Բաքուն և սփռվել աշխարհով մեկ՝ Հայաստանից Ամերիկա։

Բայց հենց որ խոսակցությունը գալիս է Արցախի ազատության համար պայքարի դուրս եկած տարիներին, տիկին Լյուբայի աչքերում հպարտության լույս է փայլում՝ տեղի տալով զոհված երիտասարդ տղաների դառնությանը։ Դրան փոխարինելու է գալիս հպարտությունը, որ արցախցիները միասին կարողացան ազատվել ադրբեջանական լծից և կառուցել սեփական ազգային պետությունը։

Բայց աչքերը նորից մթագնում են, երբ խոսքը հասում է 2020 թվականի պատերազմին…

Տասներեքերորդ դարում հիմնադրված գյուղում թողնել այն ամենը, ինչ ձեռք է բերվել սեփական աշխատանքով, թողնել նախնիների չորս սերնդի ու հարազատների գերեզմանները, կորցնել անգամ անցյալը, տարեց կնոջ համար շատ դժվար է։

Այո՛, այսօր նա շրջապատված է իր զավակներով ու սիրելիներով, բայց չկան իր տան պատերը, արահետները, գյուղական աղբյուրը… Մնում է միայն հույսը, որ նա մի օր նորից կբացի իր տան դարպասները, որի բանալիները խնամքով պահում է…

 

f