Ինչպե՞ս օգնել արցախցիներին շրջափակման ժամանակ. գոյամարտ

  • 10:10 16.09.2023

Շատերը Հայաստանում և արտերկրում, իմանալով Արցախի ամբողջական շրջափակման իրավիճակը, հարցնում են, թե ինչպես կարող են օգնել այնտեղ ապրողներին։ Եվ եթե չխոսենք ռազմական և քաղաքական օգնության մասին, ապա կա միայն մեկ պատասխան՝ օգնել գոյատևել:

Արցախում խանութներում ոչինչ չկա, բայց մեծ գումարով կարելի է ինչ-որ ապրանք գնել։ Կարևոր չէ, թե ով է վաճառում դրանք՝ ռուսները, տեղացի սպեկուլյանտները, թե գյուղացիները, ովքեր իրենց չարչարանքով ստացած ապրանքի համար ուզում են մեծ գումարներ վաստակել: Գումար է պետք առաջին անհրաժեշտության իրեր գնելու և ձմռան համար վառելափայտ պահեստավորելու։

Արցախում կանխիկ դրամաշրջանառության հետ կապված խնդիրներ կան, բանկոմատներում փողը քիչ է, բայց կարելի է դեռ հանել, և դա թույլ է տալիս մարդկանց գոյատևել։ Վճարվում են աշխատավարձեր, թոշակներ, տրվում է որոշակի օգնություն (այժմ արցախցիների որոշ կատեգորիաների վճարվում է 40 հազար դրամ օգնություն), տրվում են նպաստներ՝ հատկապես հարկադիր տեղահանվածներին։ Նրանք, ովքեր գոնե ինչ-որ միջոցներ ունեն, չեն տրտնջում և արժանապատվորեն բավարարվում են իրենց ունեցածով։

Բայց ակնհայտ է, որ շատ ընտանիքներ, հատկապես թոշակառուներն ու բազմազավակները, չեն կարողանում ծերը ծերին հասցնել։ Դժվար է նաև բռնի տեղահանվածների համար, որոնք նաեւ պետք է վճարեն բնակարանների վարձակալության համար։ Շատ փախստականներ այդպես էլ նոր տուն չունեցան՝ շինարարությունը չավարտվեց:

Երեկ մի խումբ բռնի տեղահանվածներ հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և փորձում էին գտնել մեկին, ով կարող է օգնել իրենց հաղթահարելու խնդիրները։ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկուշաբթի օրը նորանշանակ նախագահը ընդունելու է մի խումբ բռնի տեղահանվածների, ովքեր անտանելի դժվարություններ են ապրում։ Շատերն աշխատում էին, իրենց ուժով պատվով գոյատեւում, բայց այժմ կորցրել են աշխատանքն ու ապրուստի միջոցները:

Հարազատները որոշակի միջոցներ են ուղարկում արցախցիներին, նաեւ այլ մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել։

Երեկ սոցցանցի օգտատեր Նունե Առաքելյանը հրապարակել է գրառում այն ​​մասին, թե ինչպես են «լավ մարդիկ՝ հայեր, հրեաներ, ռուսներ՝ Սոնան, Յանը, Տատյանան և ինձ համար մի քանի անծանոթ, բայց, իհարկե, հրաշալի մարդիկ բարեգործական ակցիա կազմակերպել Արցախում շրջափակման մեջ գտնվողների համար»։ Արդյունքում դրամական օգնություն է ստացել ավելի քան 40 ընտանիք։

«Բոլոր շահառուները շատ արժանի մարդիկ են, ովքեր երբեք որևէ մեկից ոչինչ չեն խնդրել, և նույնիսկ այս անգամ ոմանք համեստորեն հրաժարվել են՝ խնդրելով օգնել նրանց, ում համար ավելի դժվար է։ Թվում էր՝ որտե՞ղ կարելի է փող ծախսել պաշարված Արցախում, ուր ինչ-որ բան գնելն արդեն սխրանք է։

Բայց ես ընդամենը մեջբերեմ հատվածներ նամակներից. «Ձմռան համար վառելափայտ ենք գնել, շատ շնորհակալ եմ, հիմա երեխաները չեն սառչի», «դիզվառելիք գնեցինք, խոդի տվինք մեքենան, որը վաղուց չեր աշխատում. գնացինք գյուղեր՝ մթերք գնելու, շնորհակալություն Ն.Վ. և ձեր ընկերներին», «Մենք փախստական ​​ենք, ապրում ենք վարձով, շրջափակման պատճառով կորցրել ենք մեր աշխատանքը, շնորհակալություն. ընկերներիդ, Նունե, բնակարանի համար վճարեցինք», «Հերթ կանգնելուց հետո վերջապես կարողացա միրգ-բանջարեղեն գնել, դուք գիտեք, ինչ արժեն հիմա, երեխաները շատ ուրախ են, շատ շնորհակալ եմ». «Երեխաների համար տաք հագուստ եմ գնել, շատ շնորհակալ եմ»։ Այս նամակների հեղինակները այրիներ են, բազմազավակ մայրեր կամ մարդիկ, ովքեր զրկվել են աշխատանքից շրջափակման պատճառով»,- գրում է Նունե Առաքելյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնում իր ընկերներին, ովքեր պարբերաբար օգնում են մարդկանց շրջափակման ժամանակ։

 

f