Չի կարելի ասել, որ միջանցքն ու ճանապարհը բաց են, եթե մարդկանց զրկում են ազատ ու անվտանգ տեղաշարժի իրավունքից։
Կարդում եմ լրատվամիջոցների վերջին նորությունների վերնագրերը: Շատերն ասում են, որ Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը բաց են։ Զարմանալի չէ, որ սա կարդում ես ադրբեջանական մամուլում՝ նրանք վաղուց էին խոսում այս մասին։ Բայց երբ հայկական լրատվամիջոցներն են դա պնդում, պարզապես ուզում եմ բոլորին հրավիրել վերապատրաստման՝ ներկայացնելու իրողությունները։
Ինչպե՞ս կարելի է ասել, որ բաց է միջանցքը, եթե Արցախի բնակիչները դեռ զրկված են ազատ և անվտանգ տեղաշարժի տարրական իրավունքից։ Նրանք զրկված են հարազատներին տեսնելու հնարավորությունից։
Հայ բնակիչների՝ Արցախում իրենց հարազատների մոտ գալու փորձերի մասին գիտենք. նրանց թույլ չեն տվել անցնել Հաքարի գետի կամրջի վրա գտնվող ադրբեջանական ապօրինի անցակետով։ Մեկ ամսից ավելի է, ինչ Կոռնիձորի մոտ կանգնած են արցախցիների համար մարդասիրական օգնություն բերող բեռնատարները Հայաստանից և Ֆրանսիայից։ Եվ ոչ մի խոսք դրա մասին։
Դատելով այն բանից, թե ինչպես է ադրբեջանական մամուլը հաղորդում բեռնատարների անցման մասին լուրերը, պարզ է դառնում, որ ամեն անգամ, երբ մարդասիրական օգնությունով գոնե մեկ բեռնատար մեքենա անցնի, անհրաժեշտ կլինի բանակցել։ Ինչպես հիմա ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և աջակցությամբ հիվանդներին Հայաստան տեղափոխելիս։
Բեռների մանրակրկիտ ստուգում և անձնագրային հսկողություն։ Տեսա- և լուսանկարահանում առանց քաղաքացու թույլտվության և համաձայնության։ Իսկ խաղաղապահների առկայությունը չի երաշխավորում անվտանգությունը։
Ինչպե՞ս կարելի է պնդել, որ միջանցքը բաց է, եթե խաղաղ բնակիչները շարունակում են զրկվել ազատ և անվտանգ տեղաշարժի իրավունքից:
Արցախի տեղեկատվական կենտրոնը խանդավառությամբ հայտնում է, տեքստը սկսելով «Սիրելի հայրենակիցներ» բառերով, որ «Բերձորի միջանցքով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր», և “ռուսական և շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենիկ պարագաներ են փոխադրվել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով»։
Այնուհետև նշվում է, որ «մի քանի օրից կրկին նախատեսվում է բեռնափոխադրումներ նույն ուղղություններով ԿԽՄԿ մեքենաներով»։
Եվ կրկին հարց՝ որքա՞ն ալյուր է անհրաժեշտ ստեփանակերտցիների օրվա հացի կարիքն հոգալու համար։ Ինչո՞ւ են թողել մեկական բեռնատար յուրաքանչյուր կողմից։ Միգուցե ամեն ինչ ՄԱԿ-ի հ՞ետ է կապված:
«Հուսով եմ, որ այսօր ՄԱԿ-ը ճիշտ կհասկանա բեռնատարներով այսօրվա գործողության նպատակը և դա հաշվի չի առնի»,- գրել է սոցցանցի օգտատեր Արմինե Հայրապետյանը։
Արցախի իշխանությունը «ոչ թե ժողովրդին է փրկում, այլ ինքն իրեն է փրկում»,- ասում է Է. Հովհաննիսյանը։
Անդրեյ Մանասյանը նույնպես դեմ է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացմանը և կարծում է, որ իր նմաններն ավելի շատ կլինեն, բայց «իշխանությունները մարդկանց քշեցին 24 ժամ հաց գտնելու և զրկեցին խելամիտ մտածելու հնարավորությունից»:
Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանն ասում է. «Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից անմիջապես առաջ, որը տեղի կունենա վաղը, պահը «գերազանց» էր ընտրված։ Կասեն, որ իրենց ստիպել են ռազմական սպառնալիքի պատճառով։ Բայց Ադրբեջանն անընդհատ մեզ համար պայմաններ է դնելու ու պատերազմով սպառնալու։ Ուրեմն որտե՞ղ է մեր կարմիր գիծը”։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: