Թյուրքալեզու քոչվորների մուտքը մեր աշխարհամաս

  • 08:39 19.09.2023

Մաս 2, մաս 1 կարդացեք այստեղ

Նախորդիվ մենք անդրադարձել էինք թյուրքալեզու ցեղերի ներխուժմանը և նրանց տեղաշարժերին մեր տարածաշրջանում։ Թեմաի շուրջ շարունակում ենք զրուցել ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։

Ո՞վքեր են կովկասյան թաթարները, ինչպես դարձան ադրբեջանցի։

Կովկասյան թաթարներ տերմինը հիմնականոմ ռուսական աղբյուրներում մտցված տերմին է, սովորաբար իրենք իրենց անվանում էին կամ մահմեդականներ կամ իրենց ցեղի անունով, ասենք Քաբիռլու, Ջիվանշիր, Կարաչողլու և այլն։  Կովկասյան թաթարը դա հավաքական անվանում էր, որը վերաբերում էր Արևելյան Այսրկովկասում ապրող հիմնական թրքալեզու մահմեդական բնակչությանը։ Հետագայում նրանց հետ ձուլվեցին նաև քրդերը։ Քանի որ քուրդ բնակչությունը մեր տարածաշրջան եկել էր հիմնականում Պարսկաստանից և նրանց մի ստվար հատվածը հիմնականում եղել են շիա մահմեդականներ, նրանց ձուլումը կովկասյան թաթարների հետ բավական արագ է ընթացել։ Ըստ ուսումնասիրողների կային քրդական ցեղեր, որոնք արդեն 20-րդ դարի սկզբներին չգիտեին իրենց մայրենի լեզուն և խոսում էին հիմնականում թուրքերեն։

Ազգագրագետ-հնագետ Ալեքպերովը, ով 1930-ական թվականներին Քարվաճառում և Քաշաթաղում ուսումնասիրություններ էր կատարում, նշում է, որ ինքը եղել է պատմական Հակ /Մինքենդ/ գյուղում, որտեղ միայն ծերերը որոշակիորեն գիտեին կամ օգտագործում էին քրդերեն լեզուն։ Ուշադրություն դարձրեք, որ արդեն 1930-ական թվականներին հստակ արտահայտված քրդական շրջանները սկսել էին կորցնել իրենց լեզուն և ինքնությունը և մտել ընդհանուր կովկասյան թաթարներ անվան տակ։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի տերմինին, ապա դա ասպարեզ եկավ 1936 թվականին, երբ ընդունվեց  Խորհրդային Միության նոր սահմանադրությունը, որտեղ հստակ նշված էին վարչաքաղաքական միավորները և դրանց բնակչության հիմնական մասը, որից  հետո ճառով  հանդես եկավ նաև Ստալինը, ով նշեց, որ Վրացական ԽՍՀ-ում հիմնական տիտղոսակիր ժողովուրդը դա վրացիներն են, Հայկական ԽՍՀ-ում հայերը, իսկ Ադրբաջանական ԽՍՀ-ում ադրբեջանցիները։

Ի դեպ Ադրբեջանական ԽՍՀ-ն սկզբնապես դիտարկվում էր որպես հայերի և մահմեդականների միացյալ հանրապետություն։ Պատահական չէ, որ Ռուբենին բավական երկար ժամանակ եղել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը։ Հայ բոլշևիկները բավական մեծ թիվ էին կազմում Ադրբեջանի ղեկավար պաշտոններում։ Ընդհանուր առմամբ մինչև 1940 – ական թվականները նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս մնացած Արցախի մյուս տարածքներում հիմնականում ղեկավար կազմը եղել են հայեր, կար բավական թվով հայ բնակչություն և նույնիսկ փաստաթղթաշրջանառությունը կատարվում էր նաև հայերենով։

Երբ արդեն հայտարարվեց որ Ադրբեջանի տիտղոսակիր ազգը ադրբեջանցիներն են, դրանից հետո վերաբերմունքը փոխվեց այլ էթնիկ հանրությունների նկատմամբ, ոչ միայն հայերի, նաև թալիշների, թաթերի, ավարցիների, ցախուրների, բուդուռների և այլոց նկատմամբ և սկսեցին ղեկավար պաշտոններից հեռացնել այլազգիներին ու փոխարինել կովկասյան թաթարներով կամ ադրբեջանցիներով։ Այն հատկապես մեծ թափ ստացավ 1950-60-ական թվականներին, հատկապես երբ որ Հեյդար Ալիևը եկավ իշխանության։

Մեծ թափ առավ նաև մյուս ժողովուրդների ձուլման քաղաքականությունը, այդ է պատճառը, որ արդեն ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով, սկզբում կովկասյան թաթարների, իսկ 1936 թվականից հետո ադրբեջանցիների թիվը երկրաչափական պրոգրեսիայով էր աճում։ Ադրբեջանական ԽՍՀ մարդահամարի տվյալները շատ հաճախ հասնում էր զավեշտի, օրինակ 1959 թվականին իրականացված մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում թաթեր չկային, ավելի շուտ կային, բայց արդեն կոչվում էին ադրբեջանցի։ Բայց հանկարծ 1979 թվականին թաթերը հայտնվում են, այդ ժամանակ էլ կորչում են քրդերը, իսկ 1988 թվական ԽՍՀՄ վերջին մարդահամարի ժամանակ 12 հազար քուրդ են հայտնվում։

Ինչ վերաբերում է մյուս ժողովուրդներին՝ հայեր, թալիշներ, լեզգիներ, ավարցիներ, ապա դրանց թիվը որպես կանոն միշտ քիչ էր ներկայացվում։ Կային ժողովուրդներ, որոնք ընդհանրապես չեն հիշատակվել, օրինակ ջեկերը 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարից հետո ընդհանրապես չեն հիշատակվել։ Իսկ այս վերջին տարիներին խինալուղցիները, բուդուղները և կռիզները նշվում են ընդհանրական անունով, որպես Շահղդաղյան ճյուղի ժողովուրդ։

Ամփոփելով կարող ենք ասել, որ դեռ 19-րդ դարի 60-70-ական թվականներին Ղարաբաղի պրովինցիայի լեռնային հատվածում մոտ 43,5 հազար բնակչություն կար հաշվառված, որից 83 տոկոսը հայեր էին։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Արցախից մեծ գաղթ կար, ըստ որոշ հայկական աղբյուրների՝ տարեկան մոտ 13 հազար մարդ էր արտագաղթում դեպի Բաքու, Թիֆլիս, դեպի Ռուսաստանի արդյունաբերական կենտրոններ։ Սակայն նույնիսկ նման պայմաններում շարունակում էին գերակշռող լիել հայերը։

Հետագայում արդեն Խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով ԼՂԻՄ-ին սպառնում էր հայաթափման վտանգը, ինչը կասեցվեց 1988-ի ազգային զարթոնքով։ Միաժամանակ պետք է խոստովանենք, որ նորահայտ այս պսեվդոպետությունը 100 տարվա ընթացքում տիտանական աշխատանք է կատարել, թե տարբեր ժողովուրդներից ադրբեջանցի ազգ կերտելու և թե օտար տարածքներից Ադրբեջան պետություն ստեղծելու համար։ Այսօր էլ ուրիշերի մշակույթը յուրացնելով, աշխարհին ներկայացնում են որպես սեփականը, իչպես օրինակ վերջին օրերին հայկական քոչարին ՅՈՒՆԵՍԿՈ-ում երկայացվեց որպես ադրբեջանական պար։

 

f