Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի հայությունը հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերեցին՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելուց մեկ օր անց: Համաձայնությունը կնքվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ և նախատեսում է տեղական ժամանակով ժամը մեկից զինադադարի հաստատում, սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում բանակցությունների անցկացում Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկացուցիչների միջև, Լեռնային Ղարաբաղի հայերի ռազմական ուժերի զինաթափում, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հեռացում տարածքից: Այս վերջին դրույթի վերաբերյալ Երևանը, որը հայտարարել էր, որ չի մասնկացել որևէ տեսքով զինադադարի տեքստի մշակմանը, իսկ ավելի վաղ շեշտել է, որ չի ներգրավվի ռազմական գործողություններում, հայտնել է իր տարակուսանքն այս առիթով՝ շեշտելով, որ «2021 թվականի օգոստոսից Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով՝ Եվլախում, թե այլուր առաջնային քննարկվող օրակարգային հարց պետք է դառնա Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդիրը: Կարծում եմ, որ այն դեռևս կպահանջի միջազգային ներգրավվածություն, նկատել է նախկին դեսպանը:
«Ռուսական խաղաղապահ ուժերը չեն կարող դա ապահովել։ Հանդիսանալով հրադադարի համաձայնագրի միջնորդներ՝ նրանք, սակայն, ի վիճակի չեն պարտադրել հրադադարը, ու կարծում եմ՝ երբեք էլ կարող չեն եղել»,- պնդում է Կազլյարիչը:
Նրա կարծիքով, ռազմական այս վերջին գործողությունները Բաքվի կողմից ավելորդ էին և որևէ կայունություն չբերեցին գործընթացին:
«Ես պարզապես չեմ տեսնում, որ մենք գտնվում ենք կայուն վիճակում, որը կխոչընդոտի մոտ ապագայում նոր պատերազմի վերսկսումը: Ես դա պարզապես չեմ տեսնում»,- նշում է նա, գրում է Ամերիկայի ձայնը: