Հայաստանին սիրահարված նորվեգացի. «44 օր Արցախում»

  • 19:56 23.09.2023

Սվեն-Էրիկ Ռայզը ապրում է Նորվեգիայում: Նա Օսլոյի դպրոցներից մեկի տնօրենն է։ Դասավանդում է օտար լեզուներ, պատմություն և քաղաքագիտություն։

Նրա հետաքրքրությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ առաջացել է երիտասարդության տարիներին, երբ հայրը նրան նվիրել է «Մուսա լեռան 40 օրը» գիրքը։ Գիրքը շատ տպավորեց նրան։ Այդ ժամանակվանից Սվենը սկսեց ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Շատ է կարդացել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին։ 2015 թվականին՝ ցեղասպանության հարյուրամյակին, առաջին անգամ եկավ Հայաստան։ Մասնակցել է հիշատակի միջոցառումներին։

«Ես պարզապես սիրահարվեցի Հայաստանին, ինձ դուր եկավ ամեն ինչ՝ հայ ժողովրդի հյուրասիրությունը, ազգային խոհանոցը, գինին և ընդհանրապես ջերմ մթնոլորտը։ Որոշ ժամանակ անցկացրի Երևանում, որտեղ ձեռք բերեցի մի քանի լավ ընկերներ, որից հետո Նորվեգիայից ընկերս եկավ ինձ հյուր։ Միասին ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով։ Այցելեցինք Արցախ։ Եղանք Ստեփանակերտում, ինչպես նաև Տող գյուղում, որտեղ պատրաստում են զարմանալի համեղ գինի, որը կոչվում է Կատարո։

Արցախում էլ եմ ընկերացել շատերի հետ։ Կարճ ժամանակում ընկերների հետ միասին շրջեցինք Արցախով։ Ես չափազանց գոհ էի այցից»,- խորը խանդավառությամբ ասում է Սվենը։

Տուն վերադառնալուց հետո աշխատանքի է անցել տուրիստական ​​ընկերությունում որպես ուղեկցորդ։ Կազմակերպել է շրջագայություններ դեպի Հայաստան.

«Տասը անգամ այցելեցինք Հայաստան զբոսաշրջիկների տարբեր խմբերի հետ, ես նրանց ցույց տվեցի այս հինավուրց երկրի տեսարժան վայրերը։ Միասին այցելեցինք Ցեղասպանության թանգարան, Խոր Վիրապ, Արարատ կոնյակի գործարան և շատ այլ պատմական վայրեր։ 2019 թվականին մենք կրկին այցելեցինք Արցախ, հասցրեցինք այցելել Դադիվանք և ծանոթանալ մշակութային և պատմական ժառանգությանը ընդհանրապես։ Եղանք նաև Ակնա քաղաքում, որտեղ կարողացա շփվել հայ զինվորների հետ»,- պատմում է Սվենը։

Նորվեգիա վերադառնալուց հետո նա գիրք է գրել «Հայաստան. ինչու եմ ես սիրում Հայաստանը»: Գիրքը երկու լեզուներով է՝ նորվեգերեն և անգլերեն: Այն նկարագրում է Հայաստան և Արցախ կատարած ճանապարհորդության տպավորությունները, շոշափում է ցեղասպանության թեման, ինչպես նաև խոսում է Ադրբեջանի բազմաթիվ դաժան հանցագործությունների մասին, այդ թվում՝ ինչպես ադրբեջանցի սպա Սաֆարովը կացնով սպանեց քնած հայ սպային։

Սվենը բազմաթիվ ընկերների ու ծանոթների պատմել է Արցախի մասին, Հայաստան և Արցախ կատարած այցից ստացած տպավորությունների մասին։ Նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել ուսանողների համար Հայոց ցեղասպանության և Արցախում տիրող իրավիճակի թեմայով։ Բազմաթիվ հոդվածներ է հրապարակել նորվեգական հայտնի հրատարակություններում։

«Ես թուրք ընկեր ունեմ, ում հետ մանկուց ընկերություն ենք արել, եւ նա միշտ ժխտում էր ցեղասպանությունը՝ ասելով, որ սա հատուկ հորինված պատմություն է, բայց մի անգամ մենք միասին այցելեցինք Հայաստանի ցեղասպանության թանգարան։ Որից հետո նա խոստովանել է, որ սխալվել է։

Նորվեգիայում ես ունեմ մի ամառանոց, որը անվանում եմ փոքրիկ Հայաստան, որտեղ հավաքված են դեպի այս դրախտ իմ հիասքանչ ճանապարհորդությունների բոլոր հիշողությունները, Արարատ լեռան, Տատիկ Պապիկի և Վանա լճի նկարներն, որոնք նկարել է տան պատին ծագումով հայ նկարիչը։ Կա նաև հայկական այգի՝ ծիրանի և դեղձի ծառեր, ինչպես նաև Արենի խաղող, որը հաճախ հանդիպում է նաև Նորվեգիայում, քանի որ մեր ամառները շատ տաք են։

2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, շատերը, այդ թվում Նորվեգիայից, գնացին Արցախ՝ ինչ-որ կերպ օգնելու բնակչությանը։ Անընդհատ կապի մեջ էի, արցախցի ընկերներս պատմում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում այնտեղ այդ սարսափելի օրերին, խոսում էին Լոս Անջելեսի հայ սփյուռքահայ բժշկի մասին, ով փրկել է բազմաթիվ զինվորների կյանքեր։

Այս բոլոր իրադարձությունները հիմք հանդիսացան իմ հաջորդ գրքի սյուժեի համար, որը ես անվանեցի «44 օր Արցախում», – ասում է Սվենը։

44-րդ պատերազմից հետո Սվենն այդպես էլ չկարողացավ գալ Արցախ, քանի որ Արցախի և Հայաստանի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով նրան թույլ չեն տվել մուտք գործել։ Նա շատ է մտահոգված Արցախի շրջափակմամբ։ Արցախի բնակչությանը օգնություն ցուցաբերելու ուղիներ է որոնում։ Ընդգծում է արցախցիների տոկունությունն ու հերոսությունը, ինչպես նաև հայրենիքը չլքելու վճռականությունը՝ անկախ ամեն ինչից։

Սվենը պատրաստվում է այցելել Հայաստան և Հաքարի կամուրջ՝ գնահատելու իրավիճակը և լուսանկարվելու՝ ապացուցելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը։

Արսեն Աղաջանյան

f