
Վլադիմիր Միքայելյանը 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղահանվել է Արցախի Վաղուհաս գյուղից, հասել Ստեփանակերտ, ապա 26-ին, բոլորի հետ, բռնի տեղահանվել: Ակզբից նա Ամասիայում է վեց օր մնացել, հետո մեկնել Կիսլավոդսկ, որտեղ ապրել է վեց ամից, հետո Սյունիքի մարզի Սվարանց գյուղում է վեց ամիս մնացել, ապա հաստատվել հարեւան Տաթեւում, որտեղ մինչ օրս ապրում է: Մի խոսքով, արցախցիներին լավ հայտնի “երթուղով” նա էլ է անցել: “Կիսլովոդսկ լավ էի վաստակում, բայց ռուսերեն խոսել չգիտեմ, դրա համար վերադարձա”, ասում է նա:
Վլադիմիրը կրկին ՀՀ քաղաքացիություն է ստացել 2025թ. ամռանը եւ վերցրել “նոր” ՀՀ անձնագիր: Փաստաթղթերով լի տոպրակից նա հանում է Հայաստանի Հանրապետության երկու կապույտ անձնագրեր, որպեսզի ցույց տա: Արցախում ստացած անձնագիրը նա այնքան խնամքով է պահել, որ նոր ստացածից չէր տարբերվում: “Դա չէ, այս մեկը: Չէ, այդ մեկը չէ` այս մեկը”, շփոթվում ենք մենք, բացելով եւ ամսաթվերը նայելով:
“Սադրեցի” Վլադիմիրին, արդյո՞ք լսել է նոր բիոմետրիկ անձնագրերի մասին: “Չէ, ի՞նչ անձնագիր”, հարցնում է նա: “Դե նոր կարմիր անձնագրեր են տպել, որը մի օր բոլորս պետք է վերցնենք եւ երեսուն հազար դրամ վճարենք”, ասում եմ ես: “Պետք չէ: Չեմ ուզում”, վստահ թե բարկացած, կամ երկուսը միասին հայացքով հակադարձում է նա: “Բայց դա պարտադիր է լինելու”, ասում եմ ես: “Որտեղի՞ց տամ”, ասում է Վլադիմիրն ու այնպես ինձ նայում, ասես՝ ես եմ մեղավոր կամ ինձ պետք է փող տա:
Եթե շատերը “նոր անձնագիր” վերցնելուց բյուրոկրատական դժվարությունների են առերեսվել, ապա Վլադիմիրի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է: “Գորիսի սոցապում ու քաղաքապետրանում ասել են, որ պետք է Երեւան գնամ ՀՀ նոր անձնագիր ստանալու համար, ես էլ հավատացել, նստել եմ մեքենան ու գնացել Երեւան, որտեղ զարմացած հարցրել են. քեզ ո՞վ է ուղարկել այստեղ, Գորիսում անձնագրային բաժին չկա՞: Այդպես վաթսուն հազարի ծախսի տակ եմ ընկել գնալ-գալով”, ասում է Վլադիմիրը:
Նա ու կինը պնդում են, որ Գորիսի սոցապում ունեցած հակասությունների պատճառով որոշել են “մուռ հանել”, դժվարություններ ստեղծել նրանց համար:
Վլադիմիրի կինը, Ռուզանը նույնպես չէր լսել կարմիր անձնագրերի մասին, քանի որ Տաթեւի նրանց տանը ոչ ինտերնետ կա, ոչ հեռուստացույց: Լվացքի մեքենա ու սառնարան էլ չկա, քանի որ խոհանոց ու բաղնիք չկա։ Պետքարանը դրսում է, որը Վլադիմիրն է փորել, ով ամբողջ կյանքն այնքան է բահ ու գերանդի բռնել, որ ֆիզիկական աշխատանքից նրա ձեռքերը ոսկրոտ ու մի տեսակ քառակուսի տեսք ունեն եւ համահունչ չեն նրա նիհար թեւերին:
Վլադիմիրը մանկուց երկրորդ կարգի հաշմանդամություն ունի եւ եղած հիվանդությանը նորն է ավելացել` ճողվածք: “Հոկտեմբերին էր: Գիշերը փորում սուր բռնկում ու ցավեր են սկսել, զանգել եմ շտապ օգնություն եւ տեղափոխել են Գրիսի ԲԿ”, պատմում է Ռուզանը: “Վիրաբույժը ճողվածքը (գրիժան) “գցել է տեղը”, արգելել ծանր ֆիզիկական աշխատանք կատարել եւ ասել, որ եթե կրկնվի` վիրահատության կարիք կլինի”, ասում է Վլադիմիրի կինը:
Վլադիմիրին հայրենի Վաղուհասում (լուսանկարներում) բոլորը որպես Դիմո են ճանաչում, սակայն Տաթեւում նրան Վլադիմիր կամ Վալոդ են անվանում:
“Հիշո՞ւմ ես, որ բլոկադայի ժամանակ գյուղից միասին երեք կիլոմետր քայլեցինք մինչև Թարթառի ափ”, հարցնում եմ ես: Նա չէր հիշում, մինչեւ ֆոտոներ ցույց չտվեցի: “Հա…, եկեղեցին է…”, անթարթ նայում է էկրանին: “Իսկ մեր տունը չե՞ս նկարել, հիմա այնտեղ թուրքե՞ր են, այս մեկը կինոմեխանիկ Կարոյի տունը չէ՞, որ տղան` Գիշոն զոհվել է”, հարցեր է տալիս Վլադիմիրը, երբ իր գյուղից լուսանկարներ եմ ցույց տալիս:
Վլադիմիրը չի իմանում, թե ինչպես շնորհակալություն հայտնի տաթեւցիներին: Տունը, որտեղ նա ու կինը բնակվում են հիմա, համայնքն է տրամադրել: Դա գյուղական մի տուն է, որտեղ երկար ժամանակ մարդ չի ապրել: “Տանտերն ասել է, մենակ թե հայրական մեր օջախից ծուխ բարձրանա, քեզանից ոչինչ չենք ուզում”, շնորհակալ ասում է Վլադիմիրը: Նա հերթով տաթեւցիների անուններ է տալիս, ովքեր իրեն օգնել են եւ որեւէ մեկի անունը մոռանալ չի ուզում: “Տեսար այն ձեթը, որ Ռուզանը լցրեց թավայի մեջ, Վանքն է տվել, Հարութը: Տեր Միքայելն ասել է ինչի կարիք ունենանս` կասես”, շնորհակալություն է հայտնում նա ու հեգնանքով կատակում. “Տաթեւում օգնում են, իսկ սոցապում` հարթուկում”:
Վլադիմիրը հարակից անտառներից ուրց, մասուր, ցիտրոն, պոպոկ, ինչ բնությունը տալիս` հավաքում եւ վաճառում է Տաթեւի Վանքի հարեւանությամբ եւ այդպես հոգում իր ապրուստը: Նա ասում է, որ մի առիթվ հազիվ է պռծել ադրբեջանական գերությունից, երբ գնացել էր անտառ` բարիքներ հավաքելու:
“Մոլորվել էի, տեղանքին ծանոթ չեմ: Վեր նայեցի, եւ տեսա երկու հսկա տղամարդ` ձեռքներին մեծ սեւ հեռախոսներ կային (երեւի ի նկատի ունի շարժական հաղորդիչ-ընդունիչ, ռացիա)”, սա տեսնելով` իսկույն ծլկեցի”, զարհուրած պատմում է նա եւ շարունակում մաղել ուրցը: “Հազար դրամ է”, ասում է նա եւ երկու մեծ բաժակ լցնում գրասենյակային A4 պլաստիկ թերթի պաշտպանիչի մեջ: Նա եւ կինը գյուղի խանութից պարտքով սնունդ են վերցնում եւ երբ նպաստը նստում է քարտին` վճարում են: “Ռուզան, նորից ստուգիր` ամսի երեքին սովորոբար փողը նստում է”, կնոջը հրահանգում է Վլադիմիրը:
“Ամեն օր հացի փող ենք տալիս, չենք հասցնում, գոնե մի էլեկտրական վառարան ունենայի` տանը հաց կթխեի”, ասում է Ռուզանը: Նրանք մի փոքր էլեկտրական վառարանով քնելուց առաջ տաքացնում են տունը որքան ստացվում է, ապա անջատնում եւ մտնում անկողին:
Եվ այսպես, ինչո՞ւ են զրկել Վլադիմիրին աջակցության ծրագրից
Վլադիմիրը մեկը մյուսի հետեւից մի մեծ պլաստիկ տոպրակից փաստաթղթեր, ապացույցներ է պարզում եւ չի հասկանում, թե ինչու են իրեն զրկել պետական աջակցության ծրագիրից:
2025թ. մինչեւ այս տարվա սեպտեմբեր նա օգտվել է այս ծրագրից:
Կինը` Ռուզանը վստահեցնում է, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարության Գորիսի մասնաճյում իրենց հանդեպ խտրական վերաբերմունք են դրսեվորել եւ կոպտել իրեն եւ Վլադիմիրին: Ինքը, Ռուզանը, Խնձորեսկ համայնքից է: Ասում է, որ սոցապում ասել են, որ նրանք պետք է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնով (ԶԱԳՍ) բաժանվեն, եթե ցանկանում են, որ Վլադիմիրն աջակցության ծրագրից օգտվի:
“Մեզ դրդել են, որպեսզի ԶԱԳՍ-ով բաժանվենք, ասել են, որ ես պետք է իմ հայրական տնից մասնաբաժին պահանջեմ: Ի՞նչ կապ կարող է ունենալ մեր ԶԱԳՍ-ի թուղթը եւ իմ հայրական տունը Վլադիմիրի ծրագրից օգտվելու հետ: Ո՞նց է պատահել, որ մինչեւ հիմա նա օգտվել է այդ ծրագրից եւ հանկարծ որոշել են կտրել: Ցույց տվեք կառավարության որոշում: Երբ սա ասել եմ սոցապում, մնացել են երեսիս նայելիս, քանի որ պատասխան չունեն: Ինչեւէ, նրան ասել են՝ դու աջակցություն չես ստանալու, դու փող չես տեսնելու, ինչո՞ւ ես գալիս գնում: Երբ ես պաշտպանում եմ Վլադիմիրին, ասում են ինչո՞ւ ես կնոջ հետ գալիս այստեղ: Բայց ինպե՞ս է պատահում, որ բոլոր շահառուները շարունակում եմ օգտվել այդ ծրագրից, իսկ Վլադիմիրինը կտրել են”, հուզված հարցնում է Ռուզանը:
Հ.Գ. Վլադիմիրն ասում է, որ գոհ ու շնորհակալ կլինի բարի մարդկանցից, ովքեր միգուցե ցանկանան փայտե վառարանով, փայտով, ով ինչով կարող է օգնել: Կնոջ` Ռուզանի հեռախոսահամարը: 094 492 077
Մարութ Վանյան