«Բանանց ապրեցնելու համար Կոշի բանտ»

Նկարում` Մարտունի քաղաքի մոտ (Գեղարքունիք) Տիգրան Մեծ հյուրանոցային համալիրում բանանցեցի Մարտիրոս Չալումյանի կառուցած հազարաշենը:

Ա. Օ.

ՀՐԱՇԱԿԵՐՏ ԲԱՆԱՆՑԻ (Հյուսիսային Արցախ) պատկերն ու միջավայրը նույնիսկ անցնող մարդու մեջ արթնացնում ու ձևավորում են գեղագիտության և հայրենասիրության զգացումներ, իսկ տեղում ծնվածը՝ բանանցեցին, թերևս իրենից անկախ առանձնահատուկ կերպով է իր մեջ կրում բազում դարերի ընթացքում ձևավորված ու խտացած անսահման ստեղծագործ ու արարող հայ մարդու բարձրագույն որակները, արժանիքներ, որոնցով հպարտանալու իրավունք ունի հայ ժողովուրդը:

1988 թվականին, երբ օրհասը բախում է նաև հնամենի Բանանցի դռները, Մարտիրոս Չալումյանը որոշում է կայացնում գյուղի պաշտպանության համար զենք հայթայթել, քանի որ ինքնապաշտպանության կազմակերպման համար գյուղում եղած մի քանի որսորդական հրացանները շատ քիչ էին: Շուտով Մարտիրոսը ձեռք է բերում նռնակներ, փամփուշտներ և երկու ընկերների հետ, յուրաքանչյուրը մի-մի ուսապարկ շալակելով, փորձում են կտրել Սևանի լեռնաշղթան և թրքաբնակ բազմաթիվ գյուղերի շղթան շրջանցելով՝ հասնել Բանանց։

Սակայն Գետաբեկի շրջանի տարածքով անցնելիս տղաները թուրքերից նկատվում են և բռնվում։ Գործը բացվում է: Մարտիրոսին հաջողվում է թուրքերին համոզել, որ իր ընկերները վարձով են բեռնակրություն անում և տեղյակ էլ չեն ուսապարկերի պարունակությանը։ Այդպիսով, ընկերներն ազատվում են, իսկ Մարտիրոսին փոխադրում են Գանձակ (Կիրովաբադ):

Ադրբեջանական դատարանը Մարտիրոսին դատապարտում է 3 տարի ժամկետով, որը պիտի անցկացներ Գանձակի բանտում։ Մոտ մեկ տարի Մարտիրոսը բանտում ենթարկվում է ամենօրյա կտտանքների, և դժվար չէ կռահել, թե այդ ամենն ինչով կվերջանար, եթե բանտի մի ռուս աշխատակցի միջնորդությամբ և Երևանից Իգոր Մուրադյանի ջանքերով չկազմակերպվեր Մարտիրոսի փոխադրությունը Հայաստան (այդ ընթացքում արդեն հայաթափ էին եղել ինչպես Մարտիրոսի ծննդավայր Բանանցը, այնպես էլ Հյուսիսային Արցախի մի քանի տասնյակ հայաբնակ գյուղերը):

Հայրենի գյուղից զրկված Մարտիրոսի ընտանիքն (ունի երեք երեխա) ու ընկերները մխիթարվում էին, որ գոնե Մարտիրոսի կյանքին այլևս վտանգ չէր սպառնում: Տարօրինակ կերպով Հայաստանի արդարադատության համակարգի պատասխանատուները՝ իմանալով հանդերձ, թե ինչ «հանցանքի» համար են թուրքերը դատապարտել Մարտիրոսին, ոչ միայն նրան ազատ չեն արձակում, այլև փոխադրվելով Կոշի բանտ՝ Մարտիրոսը շարունակում է կրել մնացած 2 տարի պատժաժամկետը:

Ավելորդ է նշել, որ նման «հանցանքի» համար որևէ թուրք բաքվում ոչ թե ազատազրկված կմնար, այլ ազգային հերոսի համբավ ձեռք կբերեր…

Ազատվելուց հետո Մարտիրոսը վիրավորանքը սրտում պատմում էր, որ Կոշի բանտում իր կողքին մարդիկ էին, որոնցից մեկն ազատազրկվել էր խանդի հողի վրա կնոջն սպանելու, մյուսը՝ ազգականին, երրորդները՝ թալանի ու գողության, ուրիշները՝ թմրամոլության համար, մինչդեռ ինքը՝ հարազատ գյուղը պաշտպանելու փորձ անելու համար:

–Ես հոգեպես այնքան ընկճված չեմ եղել Կիրովաբադի բանտում, որքան Կոշում՝ հայ բանդիտների մեջ,–ազատվելուց հետո սրտնեղված հիշում էր Մարտիրոսը:

Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 546-547:

Հ. Գ. Կոշի բանտից հետո Մարտիրոսն իր ընտանիքով հաստատվեց Մեղրիի շրջանի Ալվանք գյուղում։ Այնտեղ կառուցեց բրգաշար մի տուն, որն արտաքուստ միջնադարյան մի բերդ էր հիշեցնում։ Սակայն մի քանի տարի անց որոշեց տեղափոխվել Քարվաճառի շրջան՝ պատճառաբանելով. «Ես Մեղրիի Ալվանք գյուղում չեմ կարողանում երեխեքիս բացատրել, թե Բանանցը որտեղ է, իսկ Քարվաճառում ցույց եմ տալիս Մռավի լեռները՝ ասելով. «Մեր Բանանցն այդ սարի ետևում է»։

Ցավոք, Մարտիրոսի տունը, հազարավոր արցախցիների տների նման, մնացել է գերության մեջ և կարոտով սպասում է իր իսկական տերերի վերադարձին… Մարտիրոս Չալումյանն այժմ իր ընտանիքով հաստատվել է Աբովյան քաղաքում…

Նկարում՝ Մարտիրոսի թոռնիկնեը