
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ փորձելով բացատրել, թե ինչի համար է Հայաստանը կազմաքանդում ներկայիս հանրապետությունը և հրաժարվում ազգային անժխտելի իրավունքներից։ Նոյեմբերի 23–ին, հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Սահմանադրության նախագծում “ազգային” բառը չի օգտագործվում հայկական ինքնությունը հաստատելու համար, ազգը փոխարինվում է քաղաքացիությամբ։ Չկա նաև հղում Անկախության հռչակագրին։ Նոր սահմանադրության ընդունումը բացատրվում է ներկայիս սահմանադրության “անօրինությամբ”, սակայն չի ասվում, թե կոնկրետ ինչն է սահմանադրական ճգնաժամ առաջացրել։
««Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը պետական շահ է»։Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում 4-րդ Հանրապետություն։
Ինչո՞վ է տարբերվում 4-րդ Հանրապետությունը 3-րդ Հանրապետությունից։ Հակամարտության բացակայությամբ, սիրելի հայրենակիցներ։
Հայաստանի 3–րդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է, ոչ միայն 1990–ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։
Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալմանվելներ, դոդիգագոներ, կալուգացիսամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել։
Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը ո՞ր դատարանը ի՞նչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։
Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը”, ասել է Փաշինյանը։
“Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Եվ սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից։
Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։
Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին”, ասել է նա։