
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունները՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, միջամտություն են ինքնիշխան պետության ներքին գործերին։
Նա նշել է, որ Եվրամիությունը ձգտում է Հարավային Կովկասում առաջ մղել իր սեփական խոսույթները, ոչ թե կառուցողականության, այլ Ռուսաստանին դուրս մղելու և լարվածության նոր օջախներ ստեղծելու համար։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն Արևմուտքի, չի ուզում ճգնաժամ և հետևողականորեն պաշտպանում է տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը։
«Հենց Ռուսաստանի ակտիվ մասնակցությունն էր, որ հնարավոր դարձրեց 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման ճանապարհային քարտեզի մշակումը», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Ինչ վերաբերվում է հայ-ամերիկյան TRIPP նախաձեռնության, ապա դեռևս ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ շինարարության պարամետրերը և ժամանակացույցը, ենթակառուցվածքների օգտագործման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրման հեռանկարները դեռևս հրապարակային չեն։
Մոսկվան հիմնարար կարևոր է համարում, որ TRIPP նախագծի իրականացման ժամանակ հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը, հայտարարել է Մարիա Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ, ըստ էության, «Թրամփի երթուղին» մեծապես կրկնում է նախորդ տարիներին մշակվածը տարածաշրջանում տրանսպորտի և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը համանախագահում էին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։
Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ քննարկումը վերաբերում էր ոչ միայն Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև Հարավային Հայաստանի միջով տարանցման կազմակերպմանը, այլև Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների լիակատար ապաշրջափակմանը՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան մուտք գործելու հնարավորությամբ։