Նոյեմբերի 25-ին Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով գլխավոր տնօրինությունը (DG ECHO) և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Երևանում կազմակերպել էին մարդասիրական օգնության, զարգացման և խաղաղության փոխկապակցվածության թեմայով աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, մարդասիրական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման գործակալությունների ներկայացուցիչներ։ Քննարկման նպատակն էր վերահաստատել մարդասիրական օգնությունից դեպի երկարաժամկետ և կայուն լուծումների անցման հանձնառությունը՝ նպաստելով Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Քննարկումների առանցքում էին արդեն իսկ կատարված աշխատանքները, դեռևս առկա կարիքները, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի ու նախաձեռնությունների միջև համակարգումը, որպեսզի մարդասիրական օգնության, երկարաժամկետ զարգացման և խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը փոխլրացնեն միմյանց։