Քաղաքական վակուումի արդյունքը
Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը շարունակվում է, ասել է Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Նա դա անվանել է էթնիկ զտումների և հայրենազրկման ուղղակի ակտ։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող միջազգային տարբեր խաղացողների հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, ապա այդ հայտարարությունները կդիտարկվեն որպես պատմության համար պարզապես բարոյական վիճակագրություն»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը չասաց, թե ինչ է արել Հայաստանը գնահատականների և կոնկրետ գործողությունների մակարդակով՝ չհաշված մարդասիրական օգնությունը հազարամյա հայրենիքից բռնագաղթված մարդկանց։
Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթի գործողությունների մասին կարելի է լեգենդներ հյուսել. ընդհանրապես, Հայաստանի անկախության անցած 30 տարիների պատմությունը տարեգրության մեջ կմտնի որպես հակապետության օրինակ։ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ այդպես էլ հայտարարություն չի ընդունել եւ գնահատական չի տվել տեղի ունեցածին։ Նրանք փորձում են խլացուցիչ լռությունը լցնել մարդասիրական մտահոգությամբ և անպտուղ բողոքի ակցիաներով։ Բայց վակուումը մեծանում է, և ինչ-որ պահի այն կպայթի, ինչպես ցանկացած հականյութ՝ վերածվելով սև խոռոչի։
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի խորհրդարանը չի ընդունել որևէ փաստաթուղթ, որը կարող է սահմանել պետական ռազմավարության նշաձողը, որի հիման վրա կկառուցվեն հարաբերություններ այլ երկրների հետ։ Ոչ 2016 թվականի պատերազմից հետո, ոչ 2020 թվականի աշնանը, ոչ էլ հիմա, երբ Ղարաբաղը հայաթափվել է, Հայաստանի խորհրդարանը չի ընդունել որևէ հայտարարություն, բանաձև կամ օրենք, որը գնահատական կտա տեղի ունեցածին։ Քաղաքական վակուումը ստեղծվեց միտումնավոր, և արդյունքը եղավ այն, որ Հայաստանի քաղաքական դիրքն աշխարհում գնահատվում է Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարություններով։
Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով միջազգային հանրության կոնկրետ գործողությունների մասին։ Որ Ֆրանսիան, ի հակառակ Հայաստանի, զո՞րք կմտցնի Արցախ և կցրի Ակնայում գտնվող ռուս-թուրքական կենտրոնը։ Որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կճանաչե՞ն Արցախի ինքնորոշման իրավունքը, մինչդեռ Երևանը կոչ է անում «չքաղաքականացնել արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը»։ Ի՞նչ պետք է ասեն Մակրոնը, Շոլցն ու Թրյուդոն, որ «Նիկոլը սխալվում է, Արցախը Ադրբեջանի տարա՞ծք չէ»։ Ի՞նչ պետք է անեն այլ երկրները: