Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Եվրախորհրդի խորհրդարանների ղեկավարների եվրոպական համաժողովում, ասաց. “Հույս ունենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հանդիպումը կլինի մի քայլ առաջ։ Հայաստանը վճռականորեն է տրամադրված խաղաղ համաձայնությանը, որը համաձայնեցվել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից և որը ձևակերպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը”։ Նա ընդգծեց, որ Երևանը ողջունում է ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները, և կոչ արեց միջազգային հանրությանը, ներառյալ ԵԽ-ին, աջակցել այս գործընթացին։
Փաստորեն, Սիմոնյանի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխող կուսակցությունը «խաղաղության պայմանագիրը» կապում է հաղորդակցությունների «ապշրջափակման», այլ կերպ ասած՝ միջանցքի բացման և Սյունիքի հանձնման հետ։ Ըստ ամենայնի, Սյունիքի հարցը լուծված է։ Հարցը միայն այն է, թե ում հսկողության տակ է անցնելու նոր միջանցքը։
Ռուսաստանն ու Թուրքիան արդեն տերերի իրավունքով պատրաստվում են։ «Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը։ Այսինքն՝ ամեն ինչ կբաժանվի իրար մեջ՝ առանց Եվրոպայի եւ այլոց։
Հայաստանի իշխող կուսակցությունն իբր հույս ունի, որ միջանցքոի վերահսկողական գործառույթը կստանձնի Եվրամիությունը։ Բայց Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես է զարգանալու Սյունիքի օկուպացիան։
Ժամանակին Փաշինյանը հայտարարեց, որ թույլ չի տա էթնիկ զտումներ Արցախում, հետո ասաց՝ «ցավոք, զտումները չհաջողվեց կանխել»։ Բայց ոչինչ, գլխավորն այն է, որ Հայաստանում պահպանվել է ժողովրդավարական իշխանություն, այսինքն՝ Փաշինյանը՝ որպես ժողովրդավարության մարմնացում մնաց իշխանության ղեկին, այնպես որ Եվրոպան կարող է երջանիկ լինել։
Ռուսաստանն ու Թուրքիան պարտավորվեցին «համոզել» Իրանին. իզուր չէր, որ Շոյգուն սեպտեմբերի 19-ին Թեհրանում էր և այաթոլլաներին պարզ բացատրում էր ամեն ինչ։ Իրանին ասվել է, որ Մոսկվան ու Անկարան թույլ չեն տա Արևմուտքին մտնել տարածաշրջան։ Այնպես որ, Իրանը դժվար թե պատերազմ սկսի Ռուսաստանի և Թուրքիայի հետ։
Հիմա Ալեն Սիմոնյանը դիմում է Եվրոպային՝ «հաղորդակցությունների ապաշրջափակման» հարցով. Հետո, երբ ռուս-թուրքական էքսպեդիցիոն կորպուսը բռնակցի Սյունիքը, Սիմոնյանը կասի. «Ուփս, չստացվեց պահպանել Սյունիքը, բայց գլխավորն այն է, որ մենք՝ դեմոկրատներս, մնացինք իշխանության»։ Իսկ Եվրոպան կխոստանա առաքելություն ուղարկել Սյունիք՝ կարիքները գնահատելու համար։