Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-ից 1 հազարի սահմաններում, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Դյուժարիկը հավելել է, որ մեկ օրվա ընթացքում Ստեփանակերտում ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների ոչնչացման նշաններ չի հայտնաբերել, թեև բոլոր խանութները փակ են։ «Վերջին զինադադարից հետո նրանք չեն լսել խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ, գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,- հավելեց նա:
Դյուժարիկը չհիշատակեց 2020 թվականի պատերազմի, 9-ամսյա շրջափակման, սովի, սեպտեմբերի 19-ի ագրեսիայի մասին՝ հարյուրավոր մարդկանց սպանությամբ և տասնյակ գյուղերից տեղահանությամբ, հազարավոր մարդկանց մասին, ովքեր մեկ շաբաթ անցկացրեցին Ստեփանակերտի օդանավակայանում, բենզինի պայթյունի մասին, որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց միայն այն պատճառով, որ նրանք ցանկանում էին վառելիք ստանալ իրենց ընտանիքները փրկելու համար։
Իր հերթին, ռուս «խաղաղապահները» նույնպես հայտարարում են արցախահայությանը “պաշտպանելու” իրենց մտադրության մասին, եւ, ի տարբերություն Ուկրաինայի՝ ձեռք չեն տալիս Ստեփանակերտի տների զուգարաններին։
Այսօր Բաքուն հրապարակել է արցախահայության «ինտեգրման ծրագիր», որն ամբողջությամբ վերահրատարակել է Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ներկայացրել է «ժամանակավոր աջակցության» ծրագիր՝ զգուշորեն խուսափելով Հայաստանում արցախահայության «ինտեգրման» թեմայից։ Խոսքը միայն վարձավճարների մի քանի ամսվա փոխհատուցման և մարդասիրական օգնության մասին է (արցախցիներն ասում են, որ ծանր տեղահանության զայրույթը հալվել է Կոռնիձորում և Գորիսում իրենց նկատմամբ վերաբերմունքից)։ Պաշտոնական Երևանը չի խոսում քաղաքական և իրավական հարցերի մասին՝ փախստականի, ժամանակավոր տեղահանվածի կարգավիճակի, կորցրած գույքի փոխհատուցման, քաղաքացիության և այլ կարևոր հարցերի մասին։
Սա կարող է նշանակել, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է Արցախի ժողովրդի արագ վերադարձի հնարավորությունը Բաքվի «ինտեգրացիոն ծրագրի» շրջանակներում՝ ռուս «վստահելի» խաղաղապահների և ՄԱԿ-ի երաշխիքների ներքո, որի կույր առաքելությունը «բռնության» հետքեր չի տեսել Ստեփանակերտում։
Դյուժարիկի հայտարարությունը կարող է դառնալ Արցախ հայերի հարկադիր վերադարձի պլանի նախադրյալը. իսկ ի՞նչ է եղել՝ ենթակառուցվածքները չեն քանդվում, ռուս խաղաղապահները չեն թալանում, Ալիևը խոստանում է անվտանգություն, իսկ Փաշինյանը հավատում է Ալիևի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Թյուրքի երաշխիքներին։
Նաիրա Հայրումյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: