Հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կքննարկի Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով։
Հայցի պահանջներից մեկը վերաբերում է բոլոր արցախցիների համար կարեւոր խնդիրներին՝ սեփականության եւ այլ իրավունքների։
Վերջին 30 տարիների ընթացքում Արցախի չճանաչումը կարող է հանգեցնել նրան, որ ԼՂՀ պետական մարմինների կողմից տրված բոլոր փաստաթղթերը՝ ծննդյան, մահվան, ամուսնության, սեփականության վկայականները, զինգրքույկները, բժշկական և այլ վկայականները, կարող են վավեր չլինել Արցախից դուրս։ Իսկ Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեցող և նրա քաղաքացի հանդիսացող գրեթե բոլոր արցախցիները գտնվում են հիմա Արցախից դուրս։ Այսինքն՝ բացի հայրենիքի ու ունեցվածքի կորստից, Արցախի ժողովուրդը կարող է կորցնել նաև իր նյութական իրավունքները։
Արցախի բնակիչների փաստաթղթերը պետք է օրինական ճանաչվեն Հայաստանի կողմից, որի քաղաքացիներն են Արցախում սեփականության իրավունք ունեցողները, կամ օրինական միջազգային կազմակերպությունների կողմից։
Արցախի բնակիչների սեփականության և այլ իրավունքների գրանցամատյանը տեղափոխվել է Երևան, բայց թե ինչ է արվելու դրա հետ, դեռ պարզ չէ։ Արցախյան ամբողջ փաստաթղթերը ինտեգրված էին համահայկական ռեգիստրին, թեկուզ Ստեփանակերտի բնակարանում գրանցումը Հայաստանում գրանցում չի համարվել։
Արդյո՞ք Հայաստանը կճանաչի Արցախի պետական վկայականները՝ ունեցվածքի, կրթության վկայականները, բժշկական եզրակացությունները, զինգրքույկները։ Դատելով Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի ներկայացված հայցից՝ Հայաստանը չի պատրաստվում դա անել։ Հայաստանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ «Ադրբեջանը ճանաչի և կիրառի Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերը, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքներն ու գրանցամատյանները և չոչնչացնի կամ չբռնագրավի այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը»։
Փաստորեն, Հայաստանը ցանկանում է, որ Ադրբեջանը ճանաչի այդ փաստաթղթերը և շրջանառության մեջ դնի։ Իսկ եթե Բաքուն դա անի, ապա Արցախի բնակիչների իրավունքները, նույնիսկ Արցախի տարածքից դուրս, կլինեն Ադրբեջանի իրավասության ներքո։
Եթե Հայաստանը չճանաչի արցախցիների իրավունքները անշարժ և անձնական ունեցվածքի նկատմամբ, ապա արցախցիները չեն կարողանա հայցեր ներկայացնել միջազգային ատյաններ՝ փոխհատուցման և սեփականության իրավունքի ճանաչման պահանջով։
Թե ինչպես են Բաքուն և ռուսական զորքերը վերաբերվում ուրիշների ունեցվածքին, կարելի է դատել Ուկրաինայի և 3 տարի առաջ օկուպացված Հադրութի շրջանի օրինակով։ Բայց, ըստ երեւույթին, հիմա Արցախում օկուպանտները թալանով չեն զբաղվում՝ հասկանալով դրա հետեւանքները։ Բաքուն արցախցիների տները փակ է պահում, որպեսզի հնարավոր առաքելություններին ասի, որ մենք անձնական գույքին չենք դիպչել, չենք վնասել և ոչինչ չենք պատրաստվում անել, եւ սեփականատերերը կարող են վերադառնալ։ Հայաստանի հայցը՝ վկա։
Բոլորը հիանալի հասկանում են, որ վերադարձն անհնար է, և ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես 100 տարի առաջ Լոզանի պայմանագրից հետո՝ ցեղասպանության ենթարկված հայերի անշարժ գույքը Թուրքիայի կողմից պետականացվեց՝ առանց սեփականաշնորհելու իրավունքի։ Բայց միևնույն ժամանակ այս գույքի սեփականատերերը 100 տարի չեն կարողանում օգտագործել այն։
Արցախի բնակիչները պետք է կոլեկտիվ դիմում ներկայացնեն Հայաստանի Հանրապետություն՝ պահանջելով ճանաչել Արցախում իրենց սեփականության իրավունքը և ուղեկցեն արցախցիներին՝ դիմելու միջազգային ատյաններին՝ փոխհատուցում ստանալու համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: