Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել երդվյալ թշնամիները՝ Կարաբեկյան

  • 19:20 28.06.2023

Ադրբեջանա-Արցախյան դիմակայության գոտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ կապված Արցախի խորհրդարանի պահանջը՝ դադարեցնել Վաշինգտոնյան բանակցություններին Հայաստանի մասնակցությունը աբսուրդի է հասնում։ Այդպիսի հարված Կրեմլի հովանավորներին կարող էին հասցնել կա՛մ երդվյալ թշնամիները, կա՛մ ծայրահեղ նեղմիտ ու ստրկամիտ մարդիկ…
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
Իսկ ի՞նչ կմտածեր մեզանից յուրաքանչյուրը՝ լինելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ, սենատոր, կոնգրեսական, ԱՄՆ նախագահի վարչակազմի անդամ՝ կարդալով Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունը հենց այն պահին, երբ բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։ Արդյո՞ք միանշանակ չէ, թե ով եւ ում միջոցով է փորձում խորամանկություն անել Արեւմուտքի հանդեպ։
Իհարկե, Բաքվին ձեռնտու է ահաբեկել Երևանը և ստիպել ընդունել իր սահմանազատման բանաձևը և, ի վերջո, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տարբերակը, բայց ի՞նչ ենք ստանալու դրանից մենք։ Ի՞նչ կտա մեզ բանակցությունների ընդհատումը։
Բաքվի սադրանքը, ընդհակառակը, հնարավորություն բացեց նոր լույսի ներքո բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության միջազգային երաշխիքների և դրանց ապահովման մեխանիզմների հարցը։ Եվ այն, ինչ մենք արեցինք՝ հարված է ԱՄՆ խաղաղարար նախաձեռնություններին…
Բնականաբար, 2020 թվականին Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպելուց հրաժարվելուց հետո երկու կարծիք չի կարող լինել, թե ինչ և ում կողմից է թելադրվել պաշտոնական Ստեփանակերտի այս քայլը։ Ավելին, Արցախի պետնախարարի և ԱԳ նախարարի հայտարարությունները, թե արևմտյան խաղաղ նախաձեռնությունները (ներառյալ Արցախը ճանաչելու Ֆրանսիայի մտադրությունը) խաթարում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ջանքերը , և պաշտոնական Ստեփանակերտի առաջարկը՝
ռուս խաղաղապահներին տալ միջազգային մանդատ, որը արվել է արցախյան պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ժամանակ, հանում է բոլոր կասկածները։
Ո՞ւմ կարող է ձեռնտու չլինել Արցախում միջազգային ներկայությունը։
Իսկ հիմա ամենատհաճի մասին՝ Փարիզից Մոսկվա կատարած այցից հետո, հենց այն այցից, երբ մենք միջազգային մանդատ էինք մուրում ռուս խաղաղապահների համար, նույնիսկ ռուսալեզու փաբլիկները հեգնում էին, թե ինչպես էր Արցախի ներկայացուցիչը Կրեմլում պատնում Արեւմուտքի հետ բանակցությունների մասին, մանրամասնորեն ներկայացնելով ընթացքը…

f