«Ես արդեն վախենում եմ տուն կառուցել, ընտանիքս մեկ հարկի տակ հավաքել: Թվում է թե կյանքը լավանում է, բայց նորից պատերազմ, նորից փախստական ենք, բռնի տեղահանվածներ։ Թեկուզ նույնիսկ այս բոլոր բառերը միասին չեն կարող փոխանցել իմ անհանգստությունն ու տառապանքը: Ես անհանգստանում եմ ոչ թե ինձ համար, այլ այն երեխաների համար, ովքեր մանկության տարիներին ստիպված են եղել սկսել չափահաս կյանք՝ շրջափակում, պատերազմ, տեղահանություն, ժամանակավոր կացարաններ»,- կիսվում է մեզ հետ Ստեփանակերտից Հայաստան բռնագաղթված Արմիդա Աբաղյանը։
Կինը երեք անգամ ստիպված է եղել լքել իր տունը եւ կրկին կառուցել այն զրոյից: Առաջին անգամ Ղարաբաղյան շարժման սկզբին․ երբ Բաքվի հայ բնակչության դեմ ջարդեր սկսվեցին, նրա ընտանիքը ստիպված եղավ լքել քաղաքը, որտեղ նա ծնվել է, որ ուղղակի փրկվեն։ Ընտանիքը որոշել է հաստատվել Արցախում։
Երկրորդ անգամ նրանք անտուն մնացին 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ. Աբաղյանների տնտեսությունը տուժել է հրետանային գնդակոծությունից, ուստի Ստեփանակերտ վերադառնալուց հետո տան վերականգնումը նորից սկսել է զրոյից։
Երրորդ անգամ՝ արդեն 2023 թվականի սեպտեմբերին։ «Մինչ վերջին պահը չէի հավատում, որ կլքենք Ստեփանակերտը։ Բայց մեզ ասացին, որ բոլորին դուրս են հանում, մնալը վտանգավոր է, քանի որ գյուղերում արդեն ադրբեջանցիների կողմից մորթված երեխաներ ու մեծահասակներ կան։ Տարբեր, սարսափելի բաներ էին պատմում։ Բայց ես այնքան էլ չզարմացա, քանի որ Բաքվում տեսա հայերի ջարդերը։ Հարկավոր էր փրկել իմ հարազատների կյանքը, ուստի ես թույլ տվեցի ինձ արտաքսել»։
Այժմ կինը ստիպված է թափառել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող հարազատների ու ընկերների տներով՝ մի քանի գիշերով ապաստան խնդրելով։ Նա ցերեկով գնում է իշխանությունների մոտ և խնդրում գոնե ինչ-որ մշտական անկյուն։ Գտնելու պես նա մտադիր է աշխատանք փնտրել, սակայն հիմա էլ որոշ աշխատանք անում է։
Նա պնդում է, որ չի ցանկանում նեղություն տալ երեխաներին, ովքեր ունեն իրենց ընտանիքները և, ինչպես նա, ապրում են ուրիշների տներում։ Ցածր վարձով բնակարան գտնելը խնդրահարույց է։
«Այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ, ես առաջին հերթին մեղադրում եմ իմ բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո՝ այլ երկրներին և այսպես ասած աշխարհաքաղաքականությանը։ Ինը ամիս մենք շրջափակման մեջ ենք ապրել, իսկ վերջին երեք ամիսներին՝ տոտալ շրջափակման մեջ։ Դիմացանք, երբ մեզ օրական 200 գրամ սեւ հացի վրա նստացրեցին, դիմացանք հերթերին, միայն թե հետո ամեն ինչ ստացվի։ Բայց մեր ղեկավարությունը ժողովրդի խնդիրներին անդրադառնալու փոխարեն շարունակեց իշխանության համար իր խաղերը։ Հիմա զարմանում եմ, թե ինչի՞ վրա էին հույս դնում, ռուսե՞րի։
Նա վստահեցնում է, որ «երբ սկսվեց պատերազմը, ապա տեղահանությունը, ես բարձր պաշտոնյաներից ոչ մեկին չեմ տեսել»։ «Գոնե ինչ-որ ելույթ, կոչ ժողովրդին։ Նման բան չեմ լսել։ Մեզ չբացատրեցին, թե ինչու ստիպեցին անցնել այս շրջափակման միջով, և ի վերջո զրկեցին մեր տնից ու հայրենիքից։ Մենք հասկանում էինք, որ մեզ ավելի շատ փորձություններ են սպասվում, և պատրաստվում էինք դիմագրավել դժվարին ձմռանը։ Բայց ո՞րն է վերջնական արդյունքը: Իշխանությունների անգործությունը, ավելի ճիշտ՝ նրանց գործողությունները չէին բխում ժողովրդի և երկրի շահերից, և դա մեզ վրա ազդեց ավելի ուժեղ, քան իննամսյա շրջափակումը»։
Այս ամենից հետո կինը մտահոգություն հայտնեց Արցախի ղեկավարության՝ նախագահի, նախարարների, իհարկե, պատգամավորների ճակատագրով։ «Ես չգիտեմ, թե որտեղ է իմ ղեկավարությունը, ինչ են անում, ինչ են պլանավորում, պատասխանատվություն կրո՞ւմ են իրենց ժողովրդի համար: Իսկ ընդհանրապես որտե՞ղ են կուչ գալիս։ Գուցե նրանք մեր օգնության կարիքն ունեն? Ինձ համար շատ հետաքրքիր է։ Գոնե այստեղ ինչ-որ կապուղիով մարդկանց հետ կապվեինք»։
Ալվարդ Գրիգորյան