Տյաք` կորուսված Հայրենիք

  • 18:08 15.10.2023

Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութի շրջանի Տյաք գյուղը հանդիսանում էր տարածաշրջանի ամենահետաքրքիր և ճարտարապետա- գեղարվեստական տեսակետից մեծ արժեք ներկայացնող բնակավայրերից մեկը և 2017 թվականից ներառված էր <<Տյաք>> պետական պատմամշակութային արգելոցի մեջ: Գյուղի աղբյուրն ու կողքի Տնջրին /սոսենի/ սիրված վայր էր ոչ միայն հադրութցիների համար։

Պատմական աղբյուրները, սակայն, սահմանափակ տեղեկություններ են հաղորդում Տյաք գյուղի մասին: Առաջին անգամ հանդիպում ենք 1563 թ. տեղում արտագրված ձեռագիր մի Ավետարանի հիշատակարանում: Տյաքի մասին համառոտ տեղեկություններ է հաղորդում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը:

Տյաք տեղանունն առայժմ ստուգաբանված չէ:  Աղբյուրներում այն հանդիպում է Տաք, Դաք, Տյաք, Տագ ձևերով: Ըստ տեղանունների բառարանի, Տյաքը հավանաբար առաջացել է <<տյարք>> բառից: Սլավա Սարգսյանի կարծիքով Տյաքը Թաղքի, կամ Թաղիքի աղավաղումն է։

Գյուղի շրջակայքում պահպանված երկու փոքրիկ մատուռի ու գերեզմանատան առկայությունից կարելի է եզրակացնել, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս միջնադարում: Մատուռներից մեկը՝ տեղադրված գյուղի հյուսիս – արևելյան եզրին, երբեմնի մեծ գերեզմանատան կենտրոնում, ըստ ճարտարապետական առանձնահատկությունների թվագրվում է 9-10-րդ դարերով: Սրբավայրը հայտնի է Սուրբ Հակոբ (Սուրկուփ) անվամբ:

1828 թվականի Ռուսաստանի ու Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով, Պարսկաստանում ապրող հայերին հնարավորություն տրվեց ներգաղթել Արևելյան Հայաստան, այդ թվում նաև Արցախ: Արցախ ներգաղթած բնակչության զգալի մասը հաստատվեց Դիզակում, նրանք հիմնականում Պարսկաստանի Ղարադաղ գավառից էին: Ըստ վկայությունների, Տյաք գյուղի բնակիչների մի մասը նույնպես Ղարադաղից էին:

Տյաք գյուղն ունի Արցախի բնակավայրերի մեծ մասին բնորոշ տեղադրություն: Գյուղի հատակագծային կառուցվածքը բաղկացած է երեք թաղից՝ Վերին, Ներքին և Դամանց: Ունի արևմուտքից արևելք ձգվող հստակ արտահայտված գլխավոր փողոց, որը տանում է գյուղի արևելյան մասում գտնվող, բնակավայրի կենտրոնը հանդիսացող աղբյուրը: Տյաք գյուղի աղբյուրն իր համալիրով Արցախի ամենաընդարձակ ու ճարտարապետորեն ձևավորված աղբյուրներից մեկն է, որը մեծ դեր է ունեցել գյուղի հասարակական կյանքում և ծառայել է որպես հավաքատեղի: Աղբյուրը միաժամանակ սրբավայր է: Ողջ համալիրը, սրբազան համարվող սոսիների հետ, գյուղացիների համար ունեցել է պաշտամունքային նշանակություն:

Բնակավայրի արևմտյան ծայրամասում, կառուցապատված տարածքից դուրս գյուղի գերեզմանատան կենտրոնում Սբ. Մեսրոպ եկեղեցին է, որը 19-րդ դարի համանման կառույցներին բնորոշ միանավ թաղածածկ բազիլիկ է՝ խորանի երկու կողմերի ավանդատներով։ Շարված է հիմնականում կոպտատաշ քարից, կրաշաղախով:

Վիճակագրական տվյալների համաձայն, Տյաք գյուղում 19-րդ դարի սկզբին բնակվում էր 9 ընտանիք, 43 մարդ, դարավերջին 35 ընտանիք 300 մարդ:

Խորհրդային շրջանում գյուղում գործում էր տարրական դպրոց, ակումբ-գրադարան: 1974 թվականին ուներ 102 հայ բնակիչ: 1998 թվականից ընդգրկվել է Հադրութի քաղաքային համայնքի կազմում: 2014 թվականի տվյալներով ուներ 32 տնտեսություն, 69 բնակիչ:

Տյաքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Արմինե Հայրապետյան

 

f