2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափումը միանգամայն նոր իրավիճակ ձևավորեց Հարավային Կովկասում։ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ գործող իշխանությունները սկսեցին ակտիվորեն շրջանառել արցախյան հիմնախնդրի լուծման իրենց նոր իրավաքաղաքական տեսլականը՝ «անջատում հանուն փրկության» թեզը, որն, ըստ էության, եկավ փոխարինելու հայկական երկրորդ պետության 1991 թվականի դեկտեմբերյան անկախության հանրաքվեով հռչակված ինքնիշխան պետություն կառուցելու և դրա միջազգային ճանաչմանը հասնելու քաղաքական նպատակադրումը։ Հայտնի չէ, թե արդյոք նոր քաղաքական ուղեգծի ու հռետորաբանության հեղինակներն ու հայ ջատագովները գիտակցում էին, որ իրենց առաջարկած տարբերակը Բաքվի կողմից կյանքի կկոչվի այնպես, որ ոչ թե Արցախն իր բնակիչներով ու տարածքով միջազգային հանրության կողմից կճանաչվի Ադրբեջանի կազմից դուրս, այլ մարդիկ, հանուն իրենց կյանքի փրկության, կլքեն իրենց նախնյաց օջախներն ու կհեռանան հայրենի բնօրրանից։ Գործնականում տեղի ունեցավ արցախյան պետականության ու այն ստեղծած մարդկանց՝ իրենց հողից «անջատում հանուն փրկության»։ Հողի օրինական տերերն ու իրենց պատկանող երկիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի տարբեր կողմերում են հայտնվել։
Կարևոր և խիստ արդիական է հարցադրումը, թե, արդյոք, ինչ ուղղությամբ են շարունակելու զարգանալ Արցախի հետ կապված գործընթացները։ Հայկական քաղաքական դաշտում ներկայացված տարբեր խմբավորումներ շարունակում են մեր ազգային շահերն ապահովող իրավաքաղաքական իրենց բանաձևերն առաջարկել և դրանց մեջ կան այնպիսիները, որ կարող են համապատասխան արտաքին բարենպաստ միջավայրի ձևավորման դեպքում նաև կիրառական արժեք ձեռք բերել։ Այդուհանդերձ, վերջերս ձևավորված այս նոր պայմաններում կարևոր է գործնական քննության ենթարկել առաջին հերթին Արցախի ինքնիշխան պետականության գոյությունը ժխտող վարչապետ Փաշինյանի կողմից որդեգրած քաղաքական գծի և փաստացի փախստականի կարգավիճակով Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած արցախցի մեր հայրենակիցների ու իրենց կողմից ստեղծված պետական ինստիտուտների, կառավարման համակարգի հավանական փոխազդեցության ու դրա հետևանքների հարցը։
Նախ՝ ստիպված ենք արձանագրել, որ արցախցի մեր հայրենակիցների բռնագաղթով գործնական փուլ մտավ հայկական պետականության նոր մոդելի հաստատման ծրագիրը՝ ավելի քան երեսուն տարի գոյություն ունեցած «երկու հայկական պետություն» մոդելը սկսում են փոխարինել «խորհրդային սահմաններով Հայաստանի Հանրապետությունը՝ հայերի միակ ազգային պետությունն է» մոդելով։ Այս գործընթացում շատ որոշակի դեր է վերապահված ՀՀ վարչապետ Փաշինյանի քաղաքական թիմին՝ հենց վերջինս պետք է կասեցնի Հայաստանի տարածքում Արցախի Հանրապետության բոլոր պետական կառույցների գործունեության վերականգնման փորձերը։ Այս տեսանկյունից Արցախի վերջին նախագահ Ս.Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության ինքնալուծարման վերաբերյալ հրամանագիրն, ըստ էության, պահանջված իրավական ակտ էր ոչ միայն պաշտոնական Բաքվի, այլ նաև Երևանի համար։ Արցախի պետականության ոչնչացումը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է, որն ընդունվել է Փաշինյանի կողմից։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» (կրճատ՝ ԱԺԲ)
Հասկանալի է, որ այս պայմաններում Հայաստանի տարածքում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարություն ձևավորելու ցանկացած փորձ շատ կոշտ հակազդեցության կարժանանա ՀՀ իշխող վերնախավի և ուժային կառույցների կողմից։ Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունների այսօրինակ մոտեցումն աջակցություն ստանա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք, ինչպես, օրինակ, «Ազգային ժողովրդավարական բևեռը» (կրճատ՝ ԱԺԲ), համարելով Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք, արցախյան պետականության գոյությունը պառակտում առաջացնող հակազգային մարտահրավեր էին հռչակել։ Դրան հակառակ, Դաշնակցությունը, հավանաբար, առայժմ ուժերի ներածի չափով կշարունակի պաշտպանել Արցախի Հանրապետության անկախ պետականության գաղափարը, այն դիտարկելով որպես Հայաստանում Փաշինյանի թիմի դեմ ներքաղաքական ընդդիմությունն ամրապնդող կարևոր գործոն։ Նույն պահվածքը, թերևս, կորդեգրի նաև Հանրապետական կուսակցությունը։
Քանի որ Փաշինյանի որդեգրած քաղաքական գիծը ենթադրում է խաղաղ համակեցության հաստատում Հայաստանի ու Ադրբեջան-Թուրքիա տանդեմի միջև, ապա միանգամայն տրամաբանական է լինելու վերջիններիս պահանջը ՀՀ տարածքում հակաթուրքական ու հակաադրբեջանական գաղափարախոսական դրույթներով առաջնորդվող քաղաքական ուժերի թշնամական գործունեության կասեցում։ Այս շարքում թիվ մեկ թիրախը, թերևս, կլինի Դաշնակցությունը, իսկ դրան կհաջորդի ԱԺԲ-ն։ Հանրապետական կուսակցությունը, լինելով ՌԴ-ում իշխող կուսակցության՝ “Единая Россия”-ի գործընկեր քաղաքական ուժը, դժվար թե ենթարկվի կոշտ քաղաքական հետապնդումների։
Վերոնշյալը չի նշանակում, որ արցախյան պետականության պահպանման հնարավոր նախագծի վերագործարկումն անհնար է և քաղաքական առումով պահանջված չի լինելու։ Դրա առերևույթ պահպանման համար կա երկու հիմնական ուղի։ Դրանցից առաջինը կենթադրի Հայաստանում Փաշինյանին ընդդիմադիր ուժերի լայն համախմբումն ու հարցը ներքաղաքական առավել կարևոր առաջնահերթություն հռչակելը։ Այսինքն՝ տեսականորեն Արցախի պետականության պահպանումը կդիտարկվի որպես Հայաստանի գոյության կարևորագույն երաշխիք ու այս հիմքով Փաշինյանին կպարտադրվի «հաշտվել» ՀՀ տարածքում դրա որոշ կառույցների (Կառավարության, ԱԺ-ի, շրջանային վարչակազմերի) գոյությունն ու աշխատանքը։ Այս տարբերակը կարող է էական ներքին լարվածության հանգեցնել, թեև ՀՀ գործող իշխանություններն այս պահին կարծես թե տիրապետում են իրավիճակին և ունակ կլինեն վարչական, դատական և ուժային լծակների կիրառմամբ կասեցնել այս ուղղությամբ իրականացվելիք գործողությունները, դրանք նաև որպես պատրվակ օգտագործելով որոշ քաղաքական ուժերի գործունեությունը Հայաստանի տարածքում կասեցնելու համար։ Հավանաբար, վարչապետ Փաշինյանն այս կարգի «դժվարությունները» հաղթահարելու համար կստանա նաև համակողմանի արտաքին քաղաքական ու նյութական աջակցություն։
Երկրորդ տարբերակը կնախատեսի Արցախի Հանրապետության վտարանդի Կառավարության ձևավորումն ու դրա գործունեության կազմակերպումը ՀՀ տարածքից դուրս։ Այս տարբերակի գործարկումն անհնար կլինի առանց խնդրի լուծմանն իր աջակցությունը տրամադրող երրորդ պետության, որը և կհամաձայնվի իր տարածքում Արցախի վտարանդի Կառավարության տեղակայմանն ու վերջինիս առնվազն իրավաքաղաքական գործունեության ծավալմանը։ Այդպիսի քայլ հնարավոր է ակնկալել հայերի մեծ բարեկամ Ֆրանսիայից, Արգենտինայից, Ուրուգվայից կամ Կիպրոսի Հանրապետությունից։ Չմոռանանք նաև, օրինակ, Արցախի պետական անկախությունը ճանաչած Աբխազիայի, Մերձդնեստրի Հանրապետության կամ Հարավային Օսիայի մասին։ Այս տարբերակը կունենա իր որոշակի առավելությունները, բայց նաև կպարունակի ռիսկեր ու նախապայմաններ։
Անկախ ամեն ինչից՝ Փաշինյանի կառավարության համար մարտահրավեր է մնալու վերջին երեք տարվա ընթացքում Արցախից Հայաստան բռնագաղթած մոտ 150.000 մեր հայրենակիցների հետագա ճակատագիրը։ Ակնհայտ է նաև, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում նրանց փախստականի կարգավիճակ տրամադրել և, շեշտը դնելով սոցիալական կարիքների բավարարման վրա, մոռացության է մատնում նրանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրը։ Թերևս, սա էլ պատահական չէ՝ այժմ շատ է խոսվում այն մասին, որ այդ մարդիկ պետք է իրենց լքված տները վերադառնալու և հայրենի հողի վրա անվտանգ ու արժանապատիվ ապրելու լիարժեք հնարավորություն ու համապատասխան միջազգային երաշխիքներ ստանան։ Տեսականորեն դրա հնարավորությունը պահպանվում է, թեև դրա իրականացումը կախված կլինի բազմաթիվ նախապայմաններից, բայց ՀՀ իշխանությունների վերը նկարագրած մոտեցումը միտված է նրան, որ պետականության ու ինքնիշխանության գաղափարները բնակիչների հետ միասին հանկարծ Արցախ չվերադառնան։ Եթե, իհարկե, նման վերադարձի հնարավորություն նրանք երբևէ գործնականում ստանան։
Հայկական պետականության վերը նկարագրված երկու մոդելների շուրջ մտորումներն ամբողջական չեն լինի, եթե հաշվի չառնվեն ընթացող աննախադեպ աշխարհաքաղաքական գործընթացների և առանձին իրադարձությունների խորքային պատճառներն ու ռազմավարական նպատակները։ Հարավային Կովկասն ու հարակից տարածաշրջանները գտնվում են ու, դատելով զարգացումների ընթացքից, առաջիկա 5-8 տարիներին կշարունակեն մնալ ռազմաքաղաքական նոր հավասարակշռության կայացմանն ուղղված ակտիվ ձևափոխությունների գոտում։ Այդ իսկ պատճառով, անկախ նրանից, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիր, մեր շուրջ կոնֆլիկտածին ցնցումները շարունակվելու են, իսկ դրանց արդյունքում առաջացող բռնության ալիքները մեզ համար նոր ու լուրջ մարտահրավերների ձևավորման պատճառ են դառնալու։
Իսկ սա նշանակում է նաև, որ արտաքին հարաբերությունների ոլորտում ձեռք բերվող պայմանավորվածություններն անգամ կարճաժամկետ (1-3 տարվա կտրվածքով) հեռանկարում դեռևս ունակ չեն լինելու Հայաստանի համար կայուն արտաքին անվտանգային միջավայր ձևավորել, իսկ հայկական պետականության վերոհիշյալ երկու մոդելների հակադրությունը ՀՀ ներքաղաքական տիրույթում կնվազեցնի նաև պետության դիմադրողականությունը արտաքին աշխարհից եկող բացասական ազդեցությունների հանդեպ։
Արման ՄԵԼԻՔՅԱՆ
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան,
Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար
Երևան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: