Քաշաթաղի պատմական Հոչանց գյուղն ու քարեղեն վկաները․ Կորուսված Հայրենիք

  • 11:51 22.10.2023

Մեծ Հայքի Սյունյաց աշխարհի Աղահեճք գավառի Հոչանց բնակավայրի մասին առաջին անգամ  հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, Աղահեճք գավառի բնակավայրերի ցանկում՝ 12 միավոր հարկաչափով, Հունչաք ձեւով եւ «Ժամանակագրութիւն»-ում՝ Հոչանց ձեւով՝ Տաթեւի վանքին 3450 միավոր հարկաչափով: Դատելով այս հիշատակություններից կարող ենք ասել, որ բնակավայրը եղել է գավառի մարդաշատ, շեն ու հարուստ գյուղերից: Հոչանցի մասին հիշատակել է նաև 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին: Նա նկարագրում է, որ 17-րդ դարի սկզբին Տաթեւի մեծ անապատից մի խումբ բարձրաստիճան հոգեւորականներ են հեռացել: Նրանցից Կիրակոս եւ Թովմա եպիսկոպոսները, որոնց մասին պատմիչը գրում է մեծ սիրով և ներկայացնում, որպես իսկական սրբեր, եկել են Հոչանց եւ գյուղի մոտ անապատ հիմնել 1621թ., <<․․․տէր Կիրակոսն և Թումա եպիսկոպոսն գնացին յերկիրն Քշտաղս մերձ ի գիւղն Հօչանց, շինեցին անապատ՝ և անդ բնակեցան>>:

1920 թվականին Հոչանցը բռնակցվել է խորհրդային Ադրբեջանին, իսկ 1923 թվականից մինչև 1930 թվականը գտնվում էր Կարմիր Քուրդիստանի, իսկ այնուհետև ԱԽՍՀ Լաչինի շրջանի կազմում։

1993 թվականի գարնանը գյուղն ազատագրվել է, իսկ 1997 թվականից սկսվել է վերաբնակեցման գործընթաց։ 2018 թվականին գյուղում կար 17 տուն, 53 բնակիչ, գործում էր համայնքապետարան, դպրոց ու բուժկետ։

Գյուղի տարածքում և շրջակայքում շատ են հայոց դարավոր գոյությունն այս տարածքում վկայող հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բնակելի եւ եկեղեցի դարձրած քարայրներ եւ այլն: Հոչանց սարի հարավ –արևմտյան կողմի սարալանջերից մեկի վրա պահպանվել է վաղնջական շրջանի ամրացված բնակատեղի՝ դամբարաններով, պատմական փարախներով, այլ շինությունների հետքերով…

Հոչանց գյուղում պահպանվել է սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Եկեղեցու կառուցման տարեթվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց դատելով ճարտարապետական տիպից, այն վերագրվում է 17- դարի երկրորդ կեսին։ Այն  միանավ, թաղածածկ հորինվածքով, անմշակ քարով կառուցված շինություն է։ Եկեղեցին ունի խորան, հյուսիսային պատի մեջ մկրտարանի ավազան։ Միակ մուտքը հարավային կողմից է։ Եկեղեցին ունի չորս լուսամուտ, որոնք բացվում են չորս ճակատներից։ Արևմտյան պատին ագուցված են 3 խաչքարեր՝ 2-ը արձանագիր և մեկ արձանագիր քար, բոլորն էլ եղծված։

19-րդ դարի վերջերին գյուղում հաստատված քրդերը հայկական եկեղեցին օգտագործում էին, որպես անասնակերի պահեստ, իսկ խորհրդային վերջին տարիներին այն ծառայում էր որպես հացի փուռ, և եկեղեցին հարմարեցվել է ըստ դրա, ձևափոխվել, կցվել նոր կառույցներ։ Ազատագրումից հետո, «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից հիմնանորոգվել և 2019 թվականին վերաօծվել է Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Տարածքի մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 10-ից ավելի խաչքար ու տապանաքար, որոնք խորհրդային տարիներին հողով էին ծածկել։

Դատելով եկեղեցու հարևանությամբ գտնվող տների պատերին ագուցված տապանաքարերի կտորներից ու շրջակայքում հայտաբերված տապանաքարերից, կարող ենք ասել, որ տարածքում գոյություն է ունեցել նաև հայկական գերեզմանոց, որն ավերվել է քրդերի կողմից։

Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել։ Քաշաթաղի շրջանը կրկին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո, եկեղեցու վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արմինե Հայրապետյան

f