Մի բարավորի պատմություն

  • 16:18 12.06.2023

Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը շատ դառը ճակատագիր է ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ այսօր այն դարձել է սահմանամերձ։ Ինչպես Արցախի շատ գյուղեր, Կիչանն էլ շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի։ Դրանցից մեկն էլ գյուղից 3 կմ հյուսիս – արևելք, լեռնալանջին փռված Անապատ կոչվող վանքային համալիրն է, որը կրում է նաև Խոթավանք անվանումը, իսկ բնակիչների մոտ պահպանվել է Անահիտի տոն տարբերակը: Բավականին հետաքրքիր հուշարձանախումբ է, բաղկացած երկու եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միաբանների խցերից և ընդարձակ գերեզմանոցից: Համալիրի ամենահին 1191 թվագրությամբ արձանագրությունը պահպանվել ե մի խաչի վրա, որը իհարկե միակ արձանագրությունը չէ: Վանքի տարբեր շենքերից ընդօրինակվել և հրատարակվել են 10- ից ավելի արձանագրություններ: Սակայն Խոթավանք անվանմանը հանդիպում ենք միայն մեկ տապանագիր-արձանագրության մեջ․ ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՏՐ․ ԳՐԻԳՈՐԻՆ, ՈՐ ԷՐ ՄԻԱԲԱՆ ԽՕԹ/ԱՎԱՆՔԻՆ, ՍԱՅ ՈՐԴԻ ԷՐ ՍԻՄԷՕՆԻՆ։ ՌԲՃ ՄԷԿ ԹՎԻՆ․ (1752):

Նյութն այս ոչ թե հուշարձանի, կամ նրա ճարտարապետական կառուցվածքի մասին է, այլ մի փոքրիկ շատ հուզական պատմություն, որը գալիս է հարստացնելու նաև եկեղեցու պատմությունը։ 2020 թվականի ամռանը ,,Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հետ կապ է հաստատել Կիչանի բնակիչ Մանվել Միքայելյանը և հայտնել, որ եկեղեցու ,,անձնագիրը,, ինքը արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ավելի կոնկրետ 1989 թվականին թաքցրել է Ղուլյան Բորիսի հետ մեկտեղ։ 1991 թվականի դեկտեմբերին  Բորիսը զոհվել է և դրա տեղը գիտի միայն ինքը, հետևաբար ուզում է այն հանել թաքստոցից, որպեսզի անհետ չկորչի։ Մանվելի հետ այցելեցինք հուշարձանի տարածք և նա թաքստոցից հանեց եկեղեցու ,,անձնագիրը,,՝ բարավորի արձանագիր քարը։ Հարցին, թե ինչու՞ են թաքցրել, Մանվելը պատասխանեց, թե մտածելով, որ թշնամին կարող է վերացնել այդ քարը, որոշեցին թաքցնել։ Իսկ երկար տարիներ դրան չանդրադարձավ, որովհետև տարածքը ականապատ էր։

Թե քարը, թե արձանագրությունը բավական լավ էին պահպանվել, ճիշտ է գիրը կիսատ է, ԹՎ ՌՄԼ (1781) ԱՆԴՐԵԱՍ ՎԱՐԴԱՊԵՏՍ ՈՐ Է Ի ԽՕԹԱՎԱՆՔ, ՈՐԴԻ Տ(է)Ր ՊՈՂՈՍԻՆ և ԲԷԿԶԱԴԻՆ, ՈՐ ԵՂԵԻ ԸՍՊԱՍԱՈՐ և ԾԱՌԱ Ս(ՈԻ)ՐԲ ՈԻԽՏԻՍ, ԵՍ և ԻՄ ԵԽ(ԲԱՅՐ)․․․ բայց բավարար է փաստելու, որ սույն վանական համալիրը իսկապես կոչվում է  Խոթավանք։ Տարօրինակ է, որ 1989 թվականին թաքցված քարը ուսումնասիրողները չէին նկատել։

 Քարը վերադարձվեց եկեղեցուն, բայց դեռ իր տեղում չէ, քանի որ հուշարձանը նախ ենթակա է վերանորոգման և իհարկե տարածքի մանրակրկիտ ուսումնասիրման, չի բացառվում, որ գտնվի նաև արձանագրության շարունակությունը, որը նոր լույս կսփռի պատմության այս էջերին։

Ի դեպ հուշարձանից ներքև, ձորի մեջ Անահիտի անունը կրող աղբյուր կա: Ի՞նչ կապ ունի այս ամենը Անահիտի հետ, ցույց կտան հետազոտությունները։

f