Արցախից տեղահանված ԱրՊՀ ուսանողների մեծ մասը ցանկություն հայտնեցին իրենց ուսումը շարունակել Երևանի պետական համալսարանում։ Սակայն ինչպես այլ հարցերի, այդպես էլ արցախցիների ուսման հետ կապված բազմաթիվ իրավական եւ այլ հարցեր կան։
Թեկուզ ուսանողների մի մասին թույլ են տալիս ուսումը շարունակել ՀՀ բուհերում, նույնիսկ ուսման վարձի մեծ մասն է պետութան կողմից փոխհատուցվում, սակայն դեռ վերջնական պարզ չէ, ուսանողները կստանա՞ն տվյալ բուհի լիարժեք դիպլոմ եւ համարվո՞ւմ են արդյոք այդ բուհի ուսանող, թե՞ ազատ ունկընդիր։
Պարզ չէ նաև, Արցախի պետհամալսարանի արդեն տրված դիպլոմները կճանաչվե՞ն ՀՀ-ում որպես բարձրագույն կրթության վկայական։
ԱրՊՀ-ն իրավական առումով լուծարված է, սակայն բազմաթիվ ուսանողների, դասախոսների հարցը մնում է չլուծված։ Արցախի պետհամալսարանում ոչ քիչ բարձր պրոֆեսիոնալ դասախոսներ էին աշխատում, դոցենտներ, պրոֆեսորներ, որոնց մեծ մասը առանց գործ է մնացել։
Ուսանողները եւս խնդիրների են բախվում։
3 տարբեր բաժինների և կուրսերի ուսանողներից կարողացանք իմանալ շատերին հուզող հարցերի պատասխանները։
Իրավագիտության 4-րդ կուրսի ուսանող. «Համալսարանում դիմում գրեցինք ԱրՊՀ-ից ԵՊՀ տեղափոխվելու համար, քանի որ ԱրՊՀ-ն լուծարված է։ Ընդունվելու համար պետք է որպես տարբերություն 10 քննություն հանձնեմ։ Չնայած դրան, որ Արցախում անվճար էի սովորում, այստեղ կսովորեմ վճարովի հիմունքներով, սակայն վարձի մեծ մասը կփոխհատուցվի պետության կողմից։ Շուտով պետք է ստանանք մեր ուսանողական տոմսերը»։
Բանասիրականի 1-ին կուրսի ուսանողուհի․ «Մենք արդեն 2 շաբաթ է, ինչ օդից կախված դասի ենք գնում։ Մեր անունները դեռ մատյանում նույնիսկ չկան։ Հոկտեմբերի 30-ին քննության ենք, որին պետք է ներկայանանք ուսանողական տոմսերով, որոնք չունենք։ Ստիպված պետք է մեզ հետ տանենք անձնագրեր, սոցքարտեր։ Դեռ հարցերը լուծված չեն, բայց մեզանից պահանջում են ներկայանալ քննությունների»։
Ռուսաց լեզու և գրականություն 2-րդ կուրսի ուսանողուհի․ «Արցախում ես անվճար հիմունքներով էի սովորում, սակայն այստեղ վճարովի կսովորեմ։ Դեռ այս տարի կլինեմ որպես ԱրՊՀ ուսանող, որպեսզի պետությունը փոխհատուցի վարձի 500 հազարից 400 հազարը, իսկ տարվա գնահատականնորով պարզ կլինի, հաջորդ տարի անվճա՞ր, թե՞ վճարովի կսովորեմ։ Արցախում այս բաժնի համար վճարը 250.000 էր, և ես անվճար էի սովորում»։
Մեծ համբավ, պատմություն եւ ավանդույթներ ունեցող Արցախի պետհամալսարանի լուծարումը մեծ հարված է բոլոր արցախցիների եւ Արցախի հետագա ճակատագրի համար։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: