Մեքենայիս ղեկին նստած չէի պատկերացնում, թե ինձ ինչ էր սպասվում․ իսկ մինչ այդ աղ չկար, համեմում էինք ժպիտով

  • 18:19 28.10.2023

Արցախցի վարսահարդար Լուսինե Ղարայանի համար անսովոր է Երևանում անխափան էլեկտրականության և տաք ջրի պայմաններում աշխատելը: Շրջափակման ամիսներին ջուրն էլ էին երբեմն անջատում: Աշխատակիցները ստիպված էին տարաներով բարձրացնել առաջին հարկի խանութից և տաքացնել: «Ամեն մի օրը փորձում էինք արդյունավետ անցկացնել: Աշխատանքը, ժամանցը՝ ամեն ինչ ըստ գրաֆիկի էր: Երբ հիշում եմ, թե 2-3 ժամում ինչեր էինք հասցնում, զարմանում եմ»,-վերհիշում է նա:

Վերջին օրերին ուտելու բան ընդհանրապես չէր գտնվում: Ընկերուհին այգի էր մշակում, որտեղից էլ վարունգ ու լոլիկ էին քաղում և մի կտոր լավաշով ուտում: Աղ չկար, համեմում էին ժպիտով: Այդ քաղաքամերձ բոստանում էին հանգստանում հացի անվերջանալի հերթերից: Երբեմն էլ իրենց բնակարանի պատուհանից բացվող բնապատկերներն էր վայելում և հետևում բենզինի հերթերին:

Լուսինեի համար դժվար է այդ օրերի նկարները նայելը: Ամեն ինչ հայրենիքն է հիշեցնում: «Սեպտեմբերի 19-ին աշխատում էինք: Կրակոցների հետ սկսվեց խուճապը: Մարդիկ չոքած լացում էին սահմանին կանգնած հարազատների համար: Մեր տան նկուղում գյուղերից տեղահանված բնակչությունն էր պատսպարվել: Ռմբակոծության ձայների տակ ընտանիքով տանն էինք քնել: Երբ ինձ հարցնում են, թե արդյոք չեմ վախենում Երևանում մեքենա վարելուց, պատասխանում եմ, որ կյանքիս ամենադժվար ճանապարհն արդեն անցել եմ: Սահմանն անցնելիս նախկին զինվորական հայրիկիս և 8 ամսական հղի քրոջս համար էի մտահոգվում»,-ասում է նա:

Լուսինեն էլ, բոլորի պես, իր կյանքն է թողել Արցախում: Իր տունը չի նկարել: Անձնական իրերին, սենյակին դժվարությամբ է հրաժեշտ տվել: «Ես ու մաման սովորություն ունեինք պատշգամբում շաշկի խաղալ: Դա էլ չեմ բերել: Ուզում էի ամեն ինչ թողնել ինչպես կա»,- ասում է նա: Վերջին օրը լուռ, արտասվելով  հավաքել է քրոջ երեխայի խաղալիքները և տնից դուրս գալիս հետ չի նայել, չէր կարող․․․Ճանապարհին շատ դանդաղ էին առաջ ընթանում, հոգնածությունից երբեմն ղեկին քնում էր: Հետևի մեքենաները ազդանշանով արթնացնում էին:

Այստեղ՝ Երևանում, նախկին անձնակազմով փորձել են տարածք վարձել և վարսավիրանոց բացել, սակայն վարձակալման գների չափազանց բարձր լինելու պատճառով  դեռ չի հաջողվել: «Սկզբից այսպես կաշխատենք, բայց հուսամ շուտով կկարողանանք մեր սեփական վարսավիրանոցն ունենալ»,-ասում է Լուսինեն:

Տաթեւ Ազիզյան

f