Այսօր Թուրքիայի Հանրապետությունը նշում է իր 100-ամյակը, և նախագահ Էրդողանը փորձում է իրեն դիրքավորել որպես նոր խալիֆ՝ բոլոր մահմեդականների, թուրքերի, օսմանցիների առաջնորդ: Թուրքիայի 100-ամյակի գլխավոր “բոնուսը” պետք է լինի Հայաստանը՝ օկուպացված Արցախով ու Սյունիքով և միջանցքներով մասնատված տարածքով։ Սակայն առայժմ Էրդողանը զբաղված է փոքր էկումենով, որի կենտրոնը Երուսաղեմն է։
Պաղեստինում Իսրայելի գործողությունների հետ կապված՝ Էրդողանը նշել է, որ իրենք բախվում են Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի հայերին, իսկ Էգեյան, Մարմարա և Սև ծովերում՝ հույներին հրահրողների «ժամանակակից տարբերակներին»։
«Մենք կանգնած ենք նրանց չպարզված հաշիվների հետ, ովքեր վերջին երկու դարերի ընթացքում մեզ բաժանել են քաղաքական, աշխարհագրական, սոցիալ-տնտեսական մասերի», – հավելել է Էրդողանը։
«Մենք»-ը կա՛մ թուրքերն են, կա՛մ մահմեդականները, կա՛մ Օսմանյան կայսրությունը: Էրդողանը փորձում է «մասերը» համախմբել մեկ ամբողջության մեջ՝ օգտագործելով Հայաստանը որպես միջանցք կամ «խաչմերուկ», ինչպես խորամանկորեն ասում է Նիկոլ Փաշինյանը։
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Թուրքիային 100-ամյակի կապակցությամբ․ առանց Մոսկվայի այսօրվա Թուրքիան գոյություն չէր ունենա։ Ռուսաստանից ստացված տոննաներով զենքը, ոսկին և պաշարները օգնեցին Աթաթուրքին պահել Օսմանյան կայսրության մնացորդները, իսկ 1921 թվականի ռուս-թուրքական նենգ պայմանագրերը դեռևս սահմանում են Թուրքիայի հյուսիսային սահմանները:
«Վստահ եմ, որ մենք կշարունակենք հետևողականորեն ավելացնել երկկողմ կապերի ողջ շրջանակը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների՝ ի շահ ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ կառուցելու», – ասված է Պուտինի ուղերձում Էրդողանին։
Էրդողանը ելույթ է ունեցել շաբաթ օրը Ստամբուլում ի պաշտպանություն պաղեստինցիների բազմահազարանոց ցույցի ժամանակ։ «Իսրայել, մենք քեզ աշխարհի աչքում պատերազմական հանցագործ կհայտարարենք։ Մենք հենց հիմա պատրաստվում ենք դրան։ Հեյ Իսրայել! Ինչպե՞ս ես եկել այստեղ: Ինչպե՞ս մտար այստեղ: Դու օկուպանտ ես։ Դու կազմակերպություն ես: Թուրք ժողովուրդը դա գիտի։ Հեյ, Արեւմուտք! Ես խոսում եմ քեզ հետ։ Ցանկանու՞մ ես նորից պատերազմ սկսել խաչի և կիսալուսնի միջև։ Եթե դու դա անում ես, ուրեմն իմացիր, որ [թուրք] ժողովուրդը չի մահացել։ Մենք կանգնած ենք բարձունքում: Եվ նույն վճռականությամբ, ինչպես Լիբիայում, ինչպես Ղարաբաղում, մենք Մերձավոր Արևելքում ենք»,- ասել է Էրդողանը:
Նա Իսրայելը համառորեն անվանում է ոչ թե պետություն, այլ կազմակերպություն՝ ակնարկելով որոշակի հանգամանքներ, որոնցում ստեղծվել է այս երկիրը։ Էրդողանը չի թաքցնում նաեւ, որ Երուսաղեմը եղել է Օսմանյան կայսրության կազմում, եւ իրենք կարող են վերադառնալ։
«Երբ այն ուժերը, որոնց վրա այսօր հենվում է Իսրայելը, գնան, առաջին տեղը, որտեղ իսրայելցի ժողովուրդը կփնտրի անվտանգություն և ողորմություն, կլինի Թուրքիան, ինչպես 500 տարի առաջ», – ասել է Էրդողանը:
Սակայն, արեւմտյան փորձագետների կարծիքով, Հայաստանը «ամենացածր կախված պտուղն» է Էրդողանի համար, ով ուժի ցուցադրման խիստ կարիք ունի։
«Հոկտեմբերի 29-ը կարևոր իրադարձություն է երկրի համար՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, առանց որևէ նշանակալի ծրագրված տոնակատարությունների: Էրդողանը, ով վերջերս երկարաձգեց իր երկու տասնամյա իշխանությունը, հուսահատորեն ցանկանում է տարեդարձը նվիրել բացառապես իրեն. հարյուրամյակին նվիրված ինը պաշտոնական պաստառներից հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը պատկերված է միայն մեկ անգամ։ Սա զարմանալի չէ. Էրդողանը վճռել էր պատմության մեջ մտնել որպես Աթաթուրքից ավելին հարգված մեծ գործիչ, բայց նա չկատարեց վեհ խոստումները: Հաջողակ ներխուժումը Հայաստան հնարավոր կդարձներ իրականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ դրված նպատակը՝ մշտական կապ ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչին նույնիսկ Աթաթուրքը չկարողացավ հասնել»,- ընդգծում է վերլուծաբաններից մեկը։
Նաիրա Հայրումյան