24-ամյա Աննա Հարությունյանը Երևանում թողնելով ծրագրավորողի աշխատանքը և հանգիստ կյանքը, շրջափակման օրերին նախընտրել է տեղափոխվել Արցախ՝ ընտանիքին մոտ լինելու համար:
Հարությունյանների 8 հոգուց բաղկացած ընտանիքը այգի էր մշակում և այդ բարիքներով օգնում էին հարազատներին, ընկերներին: Նրանք արդեն երկրորդ անգամ են տարհանվում և հաշտվում մարդկային կորուստների հետ:
Շուշին կորցնելուց հետո այն զգացողությունն ունեին, որ «տանը» չեն: Քաղցր մանկությունից շատ հուշեր ունի Աննան․« 3 աղջիկ, 3 տղա էինք՝ արկածախնդիր և հետաքրքիր: Մի անգամ մաման ապուր էր լցրել, իսկ մենք նստել ու խոսում էինք: Մայրս բարկանում էր, որ հացի ժամին չէինք ուտում, իսկ հարևանն ասում էր, որ այս պահերը վայելել է պետք, էսա մեծանալու են գնան: Մեր տանը միշտ եղանակն արևոտ էր, զրնգուն ծիծաղ էր: Մի անգամ էլ արևի տապին աշխատելուց հետո նայեցի կեղտոտ շորերիս, ցեխոտ ձեռքերիս և ասացի՝ մա՛մ, քո կարծիքով ինձ որ կյանքն է ավելի շատ դուր գալիս: Երևանի մի տաքուկ գրասենյակում աշխատելը, թե այստեղ ֆիզիկապես չարչարվելը, բայց ձեզ հետ միասին: Մաման գիտեր, որ ամենաիսկականը այն պահերն են, երբ իրար հետ ենք»:
Աննան Արցախում շատ ընկերներ ուներ նաև իր երկրորդ մասնագիտության՝ ֆիթնեսի շնորհիվ: Մարզադահլիճում անցկացնում էր օրական 3 պարապմունք տարբեր խմբերի հետ: «Շրջափակման օրերին ինձ վրա բարկանում էին, երբ ասում էի, որ երջանիկ եմ: Արցախում ամեն օրս վայելում էի, նպատակասլաց ու հաղթահարող էի», -հավելում է նա:
Այս անգամ էլ են կորցրել հայրենիք, տուն-տեղ: «Սեպտեմբերի 19-ին մաման ուրախանալու առիթ ուներ՝ կաթ էր գտել, պանիր էր պատրաստելու: Ես էլ սուրճ էի խմում, երբ լսվեցին պայթյունի ձայները: Երկու եղբայրներս անմիջապես մեկնեցին դիրքեր: Էգոիստաբար խնդրում էի, որ փախչեն, չկռվեն»,-ասում է Աննան՝ նշելով, որ չլսեցին:
Հայրենիքում են թողել միջնեկ եղբորը՝ 20-ամյա Գարեգինին: Գարեգինը նահատակվել է մարտերի դադարից հետո՝ սեպտեմբերի 20-ին, գյուղի խաղաղ բնակչության տարհանման ժամանակ վիրավորներին հանելիս: «Մի ամիս առաջ եմ նրան վերջին անգամ տեսել: Մաման մսով կարկանդակներ էր պատրաստել: Մեր բոստանի լոլիկը, վարունգը արագ փաթաթեցինք և դրեցինք հետը: Չեմ հասցրել գրկել, հրաժեշտ տալ»,-դժվարությամբ պատմում է Աննան:
«Գարեգինը մեր տան ամենաքաղցր երեխան էր: Ֆիզիկական և մտավոր ունակությունները բարձր էին: Շատ ընկերասեր էր: Ես չեմ ուզում Գարեգինի մասին անցյալով խոսել: Այնքան շատ պատմելու բան ունեմ: 10 տարեկանում գողանում էր հայրիկի մեքենայի բանալին և գիշերվա կեսին գնում էինք միասին մեքենա վարելու: Նրանից եմ սովորել սիրել արագությունը․․․»,-անվերջանալի հուշերից պատմում է Աննան:
Արցախում անցկացրած վերջին օրերին հաց էին թխում ու բաժանում ճամփա ընկնող մարդկանց: Անցակետն անցնելու պահին Աննան քնած էր, երբ ադրբեջանցի սահմանապահը բացել է մեքենայի դուռը և թխվածքաբլիթ հյուրասիրել: «Դժվար էր նրանից ուտելիք վերցնելը: Մտածեցի շպրտելու մասին, բայց նայեցի կողքին կանգնած հայրիկիս ու հասկացա, որ պետք չէ ռիսկի դիմել»,- ասում է նա:
Եղբոր գերեզմանին հրաժեշտ է տվել սեպտեմբերի 27-ին՝ Արցախից դուրս գալու օրը: Երևանում փորձում է բնության հետ կապը պահպանել: «Մարդ ինչքան հեռու է բնությունից, այնքան դժբախտ է: Գարեգինը սիրում էր ոտաբոբիկ քայլել հողի վրա», ասում է նա՝ նշելով, որ տեղափոխվելուց հետո ինքն էլ է այդպես անում Գարեգինին ու հողին ավելի մոտ զգալու համար:
Տաթեւ Ազիզյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: