Մ.Մանգասարյանի ընտանիքը ապրում էր Ստեփանակերտի Բեկզադյան փողոցում, որը ժողովրդի մեջ հայտնի էր որպես «հանգիստարանների թաղ»:
Սեպտեմբերի 19-ին ամուսինը դիրքերում էր, իսկ ընտանիքը պատրաստվում էր ճաշի, երբ ուժեղ ձայներ լսվեցին, ենթադրաբար նրանցից ոչ հեռու գտնվող զորամասին էին խփում։ Հասցրին վերցնել միայն ծածկոց և ջուր:
Մեկ օր 16 հոգով մնացին փոքր նկուղում։ Փոքր աղջիկը վախից մի քանի ժամ չէր խոսում, իսկ մեծը դողում էր և անընդհատ բարձր լացում:
Սեպտեմբերի 20-ին արդեն ամեն ինչ ավելի բարդացավ, նկուղից լսվում էին ավտոմատի ձայներ, չնայած հստակ չգիտեին, բայց ենթադրում էին, որ թուրքերն են, քանի որ նաև լսել են, որ նրանք արդեն հենց տան առաջ գտնվող գերեզմանատանն են:
Սեպտեմբերի 21-ին նորից տուն էին վերադարձել, բայց ահավոր վախենալով, քանի որ մտածում էին, որ թուրքերը կմտնեն երեխաներին կվնասեն, ինչպես դա արել են գյուղերում: Մյուս կողմից, վախենում էին ամուսնու համար, ում հետ չէր ստացվում կապի դուրս գալ։ Սնունդ ևս չկար, կիսուրը հազիվ հասցրել էր մի 2 հաց թխել, որը պետք է բավարարեր 16 հոգու:
Սեպտեմբերի 25 -ին ավագ դստեր ծնունդն էր, վերջինը Արցախում՝ իրենց պապական տանը: Հենց այդ օրը դուրս եկան, թողելով ամեն ինչ, բայց ամենացավալին՝ թողնելով մոր և երեխայի գերեզմանը:
Ճանապարհը անտանելի էր, նամանավանդ երբ լսեցին «բենզինի» դեպքի մասին:
Սեպտեմբերի 28-ին հասան Հրազդան, այժմ ապրում են 9 հոգով 2 սենյականոց բնակարանում, ասում է՝« գոհ ենք, մեկ անգամ քաղաքապետարանից օգնությունն են ստացել, դպրոցում երեխային շատ լավ են ընդունել», բայց ցավը և կարոտը անվերջ է, նամանավանդ կեսրայրի համար, ով արդեն երկրորդ անգամ է հայտնվում փախստականի կարգավիճակում։ 90-ակաների պատերազմի մասնակից է՝ 1-ին կարգի հաշմանդամ, բայց հավատացած էր, որ ընդմիշտ կապրի իր ազատագրած հողում:
Հարցին, թե ինչ է հիշում վերջին օրերի Ստեփանակերտից, պատասխանում է՝ օդը, որը փորձում էր այնքան շնչել, որ հերիքի ամբողջ կյանքի համար:
Քրիստինա Ալահվերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: