Տողի Սբ․ Ստեփանոս եկեղեցին․ Կորուսված հայրենիք

  • 12:04 04.11.2023

1991թ. հոկտեմբերի 30-ին հայկական ինքնապաշտպանական ուժերը ժամերի ընթացքում հաղթանակով պսակեցին Տողի ազատագրման ռազմագործողությունը: Փառավոր անուններով համալրվեցին հայոց ռազմի պատմության էջերը։ 32 տարի անց և արդեն 3 տարի այդ օրը հիշվում է պարտության, մեր պարտության դիրքերից։ Այն Տողը, որը շատ ծանր ու կորուստներով լի օրեր է տեսել, բայց երբեք չի հայազրկվել։ Այն Տողը, որը Մելիք Եգանի պես տիրակալ ու պետական գործիչ էր տվել, ով չթողեց, որ իր Հայաստանից գերի ընկնեն, հիմա գերված է Մելիք Եգանի Տողը, նրա երկիր Հայաստանը /Արցախ/։

Լինելով մելիքական աթոռանիստ, Տողն իր կենցաղով ու ապրելակերպով  տարբերվել է Դիզակի մյուս բնակավայրերից։ Այն պարսպապատ քաղաք–ամրոց է։ Տողն առանձնանում է նաև իր հարուստ պատմամշակութային միջավայրով, որը տեղեկատվական մի մեծ բազա է Տողի և շրջակա բնակավայրերի պատմության վերհանման համար։ Ստորև կանդրադառնանք մեր ժառանգության գանձարանից Տողի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուն։

Եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան մասում, Եղցու խութ կոչվող բարձունքում, ընդարձակ գերեզմանոցում։ Մակար Բարխուդարյանը նրա դռան ճակատակալ քարի վրա ժամանակին կարդացել է <<ՌՃՂԶ (1747թ.) Յիշատակ է սուրբ Ստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մելիք Եգան և որդին Մելիք Եսային: Յիշատակ է հոգոյ>>: Դատելով արձանագրությունից, եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և Մելիք Եգանն ու որդին միայն վերանորոգել են նրա ծածկը։ Ապա շարունակելով Մակար Բարխուդարյանը գրում է, – եկեղեցիս խիստ հին է, առնվազն վեց հարյուր տարվա շենք է։

Եկեղեցին ուշ միջնադարում վերակառուցվել է կոպտատաշ քարերով և անկանոն շարվածքով, բայց ահա արևելյան, հարավային մասամբ հյուսիսային ճակատների ստորին հատվածներում պահպանված մեծածավալ սրբատաշ քարերով պատերը խոսում են կառույցի վաղեմության մասին։ Ըստ մասնագետների եկեղեցու հորինվածքը շատ նման է Գտչավանքի գավիթին։

Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են քրիստոնեական վաղ շրջանի բազմապիսի զարդաքանդակներով զարդարված ու թվագրություն ունեցող խաչքարեր։ Դրանք ոչ միայն բազմազան են ու խայտաբղետ, այլև ժամանակագրական առումով խաչքարերի մի ուշագրավ հավաքածու են կազմում, որոնք համարվում են 4-7րդ և 13-րդ դարերից մնացած կառույցների մնացորդներ։ Այստեղ կարելի է հանդիպել և պարզունակ հավասարաթև խաչքարերի և զարդաքանդակ խաչքարերի,  51 հատ։

Արտասովոր ձև ունեցող քանդակազարդ սյունը եկեղեցու դահլիճը բաժանում է երկու անհավասար մասերի (հյուսիսային մասն ավելի նեղ է): Նեղ մասում բազմաթիվ գերեզմանաքարեր կան: Կարծիք կա, որ Սուրբ Ստեփանոսը ժամանակին վանական համալիր է եղել։ Այդ է հաստատում աղոթասրահի հարավային պատի փոփոխությունը։ Աբսիդների կառուցումը չի թաքցրել երբեմնի գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը։ Դրանց հետքերը տեսանելի են ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում՝ եկեղեցու հարավային ճակատային պատի շարունակությունը կազմող տարածության վրա։

Եկեղեցու շրջապատում, բլրի գագաթին ու լանջերին կան հեծյալների, զինվորների, որսորդների, երաժիշտների, գինու մատուցման տեսարաններով պատկերաքանդված հարյուրավոր հին տապանաքարեր, որոնք թեմատիկ բազմազանությամբ ու արվեստով առանձնահատուկ տեղ են գրավում համանման հուշարձանների շարքում։

Եկեղեցու և շրջակա հուշարձանների ճակատագիրն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

Եկեղեցու լուսանկարները Ալվարդ Գրիգորյանի

 

f