Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Հայրյանը։
-Պարոն Հայրյան, հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը: Կառավարության անդամները հայտարարել են, որ եթե բռնի տեղահանված արցախցիներն ուզում են Հայաստանում թոշակ ստանալ, ըստ այս որոշման, կարող են դիմել եւ հեշտացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կամ նրանց կտրվի ժամանակավոր փախստականի կարգավիճակ։ Ի՞նչ է խնդիրներ է հարուցում եւ ի՞նչ նպատակ ունի կառավարության այս որոշումը։
-Մենք երեք տարի անընդհատ դիմում էինք Հայաստանի կառավարությանը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց մեզ հստակ ասում էին՝ դուք Հայաստանի քաղաքացի եք, դրա համար չեք կարող փախստականի կարգավիճակ ստանալ։ Ընդ որում, սա ասում էին եւ իշխանությունները, եւ իշխանությանը մոտ կանգնած փաստաբանները։ Ես միշտ ասել եմ, որ՝ եթե դուք գտնում եք, որ մենք Հայաստանի քաղաքացի ենք, կարող եք քաղաքական որոշումով մեզ փախստականի կարգավիճակ տալ, որեւէ մեկը ձեր ձեռքը չի բռնում։ Ես նամակներ ունեմ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ինձ պատասխանել են, որ՝ դուք փախստականի կարգավիճակ չեք կարող ստանալ, քանի որ Հայաստանի քաղաքացի եք։ Ասել են, որ որպես ՀՀ քաղաքացի՝ մեր հարցերով զբաղվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Այսպիսի գրավոր պատասխան ես ունեմ։
Այսօր մեզ արդեն քաղաքացի չեն համարում, փորձում են նատուրալիզացնել եւ սարքել քաղաքացի, ասում են, որ պետք է հրաժարվեք ձեր նախկին քաղաքացիությունից, որը, ըստ իրենց, նույնպես Հայաստանի քաղաքացիություն է։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք պետք է Հայաստանի մի քաղաքացիությունից հրաժարվենք եւ ընդունենք մի ուրիշ քաղաքացիություն։ Իրենց թվում է, որ իրենք շատ խելոք են, խորամանկ են, բայց սա բթամտության օրինակ է։ Սրանով ուզում են Արցախի մեր հաշվառումը ջնջել։ Պատճառները շատ են։
Նախ առաջին պատճառն այն է, որ առաջադրանք են ստացել մեր թշնամական ուժերի՝ ռուս-թուրքական դաշինքի կողմից՝ Արցախի հարցը փակել։ Երկրորդ, քանի մենք Հայաստանի քաղաքացի ենք, ունենք այդ անձնագրերը, Հայաստանի կառավարությունը մեր ունեցվածքի երաշխավորն է, մեր կորցրած տների ու բիզնեսների համար պետք է պատասխան տա։ Բայց, երբ մենք դիմում ենք, որ քաղաքացիություն ենք ուզում, դրանով համաձայնվում ենք, որ քաղաքացի չէինք, այսինքն՝ Հայաստանի կառավարությանը մեր ունեցվածքի ու տների համար փոխհատուցում տալու պատասխանատվությունից ազատում ենք։ Ես ինչքան գիտեմ, ՀՀ իշխանությունները որոշ ժամանակ առաջ դիմել էին ՄԻԵԴ, որպեսզի Ադրբեջանը ճանաչի արցախցիների ունեցվածքը։ Այսինքն՝ ուզում էին Ադրբեջանից փող պոկեին, մեզ տային։ Ադրբեջանը, բնականաբար, մերոնց նման հիմար չէ, հրաժարվել է, իրենք էլ որպեսզի այդ պատասխանատվության տակ չմտնեն, ուզում են արցախյան հաշվառումը վերացնել։
-Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ արցախցիներին կապույտ անձնագրերը տրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում։ Ինչպե՞ս եք գնահատում դա։
-Սա հիմարություն է իրենց կողմից։ Դա ճամփորդական անձնագիր չէ, «070» կոդը ոչ մի բանով չի տարբերվում, օրինակ, «012», «020» կամ «001» կոդից։ Իրենք այդ ճամփորդության մասին մտածել են միայն նրա համար, որպեսզի մեր հաշվառումը, նախկին քաղաքացիությունը ջնջել տան, ասեն՝ նոր ենք ձեր քաղաքացիություն տալիս, հետեւաբար, ձեր ունեցվածքի երաշխավորը չեն։ Եվ նաեւ ուզում են Արցախի հարցը ջնջել, քաղաքական պահանջները վերացնել։ Մենք երեք տարի խնդրել ու պահանջել են՝ ցույց տվեք կառավարության այն որոշումը, որով «070» կոդը տարբերվում է մյուսներից։ Ես հիմա էլ պահանջում եմ, որ ցույց տան այդ որոշումը, որտեղ գրված է, որ դա ճամփորդական փաստաթուղթ է։
-Եթե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, ինչպես իշխանություններ են փորձում ներկայացնել, ապա հարց է ծագում, թե ի՞նչ իրավական հիմքով են ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործեր հարուցվում Արցախին վերաբերող դրվագներով, որոնցով մեղադրվում են արցախցիներ։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանը կալանավորված է Հայաստանում, նրան մեղադրանք է առաջադրված Շուշիի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիան ձախողելու համար։
–Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ «Արցախը Հայաստան չէ», այսինքն՝ ստացվում է, որ ուրիշ երկրի պաշտոնյան իր երկրում ենթադրյալ հանցագործություն է արել, բայց նրան դատում են Հայաստանում։ Ստացվում է, որ ենթադրյալ հանցագործին ուրիշ երկրում բռնել են, արտահանձնել են՝ միջազգային բոլոր օրենքները խախտելով եւ այստեղ դատում են մի բանի համարը, որը ասում են՝ մերը չէ։ Եվ այսպիսի բազմաթիվ դատավարություններ կան, բազմաթիվ զինվորականների են մեղադրանքներ առաջադրվել։ Իրենք հայտարարում են՝ Արցախը մերը չէ՝ առանց մտածելու, թե ինչ են հայտարարում։ Երբ մեզ կադաստրի վկայականներ էին տալիս, դրանք հաստատվում էին Հայաստանում, մեր վարորդական իրավունքի վկայականները վրա գրված է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։ Հետեւաբար, նորից վերադառնում ենք այն հարցին, որ Հայաստանի կառավարությունն այս քայլերով փորձում է իր պատասխանատվությունը ջնջել Արցախի ճակատագրի հանդեպ։
–Կառավարության անդամները հայտարարել են, որ եթե արցախցիները ՀՀ-ում ուզում են թոշակ ու նպաստ ստանալ, աշխատել պետական հաստատություններում, պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել արցախցիների շրջանում, ինչպե՞ս եք գնահատում։
-Արցախի Պաշտպանության բանակի եւ աշխատավարձերը, եւ թոշակները հատկացվում էին Հայաստանի բյուջեից, Արցախի բյուջեում տող չկար այդ մասին։ Զինվորական թոշակներն ամբողջությամբ Հայաստանի բյուջեից էր հատկացվում։ Այսինքն՝ հիմարություն է հիմա ասել՝ սպայի թոշակը չենք տալիս, քանի որ Արցախի հաշվառում ունի։ Այդ մարդիկ երբեք Արցախի բյուջեից թոշակ չեն ստացել։ Սա էլ մի ուրիշ հանցագործություն է։ Արցախցիների նպաստներն են կտրել, էլի ասում են՝ պետք է քաղաքացիություն ստանաք։ Կառավարության որոշմամբ այս ամենի համար մեկ տարի ժամկետ են սահմանել, հույս ունեն, որ այդ մեկ տարվա ընթացքում ժողովրդի մի մասը պետք է այստեղից թողնի գնա, մի մասը նատուրալիզացիայի ենթարկվի։ Բայց Նիկոլ-Ալիեւ-Պուտին հանցավոր եռյակը հույսը չի կորցրել, որ ժողովրդի ինչ-որ մաս հետ են վերադարձնելու Արցախ, այնտեղ ինտեգրեն, որպեսզի ասեն՝ էթնիկ զտումներ չեն եղել, պարզապես ժամանակավոր տեղահանում է եղել։
-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծ հոսք կա արցախցիների, որոնք ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել։ Դա այդպե՞ս է։
-Մարդիկ գնում ուսումնասիրում, հարցնում են, բայց ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, որոնք քաղաքացիություն են վերցրել։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: