Մեր օրերի ողբերգությունը․ պայթյունից այրված մի անձի պատմություն

  • 19:35 08.11.2023

Բաղդասարյանների ընտանիքում ժամանակը կարծես թե կանգ է առել և իրենց օրացույցով դեռ սեպտեմբերի 25-ն է: Արցախցի լրագրող Արմինե Բաղդասարյանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր կորուստների ցուցակը համալրել է միակ եղբայրը՝ Գագիկ Բաղդասարյանը:

Գագիկը ոստիկանության ծառայող էր, 37 տարեկան, ամուսնացած չէր: Սեփական երեխաներին չհասցրեց սիրել ու փայփայել, փոխարենը մաքսիմալ ուշադիր էր Արցախի տարբեր շրջաններից տեղահանված աղքատ ընտանիքների հանդեպ: «Մեզ ոչինչ չէր պատմում: Պատահաբար էինք իմանում, որ անցնող երեխայի ՝ կոշիկի մեծ լինելը չէր վրիպել իր աչքից: Իսկույն գումար է տվել, որպեսզի նորը գնի»,-պատմում է Արմինեն:

Շրջափակման առաջին ամիսներին ընտանիքով որոշել էին մնալ ու մինչև վերջ պայքարել: Ապրուստի միջոցներ հայթայթելը օրեցօր դժվարանում էր: «Ես չգիտեի ինչ պատասխան տալ իմ փոքր տղային, երբ նա իր սիրած ուտելիքն էր պահանջում: Գագոն ամեն ինչ անում էր, որ գետնի տակից էլ Մարկի սիրած միրգը գտնի բերի: Արցախից հեռանալու վերջնական որոշումը կայացրի սեպտեմբերի 19-ին, երբ Մարկը սարսափահար եղավ պայթյունների ձայնից»,-ասում է Արմինեն՝ խոստովանելով, որ եղբայրը նույնիսկ այդ օրը չէր ուզում հեռանալ հայրենիքից:

Գաղթի ճամփան բռնող մարդու հարափոփոխ ապրումներով Գագոն նստում էր իրենց բակում ու չէր ուզում հավաքել անհրաժեշտ իրերը: Արցախին դեռ հրաժեշտ չտված արդեն կարոտում էր: Ապագայի անորոշությունը, անվտանգության կորուստը,  սովորական կենսակերպի փոփոխված լինելը մարտահրավերներ էին, որ նա փորձում էր հաղթահարել և հորդորում էր մտերիմներին մի օր առաջ դուրս գալ Ստեփանակերտից՝ ասելով, որ ինքը նախընտրում է մնալ:

«Սեպտեմբերի 25-ին ամուսինս ու եղբայրս միասին էին գնացել բենզինի հետևից: Ահավոր հերթեր էին, վեճեր, կռիվ, ծեծկռտուք: Հայկը մի քանի րոպեով տեղը փոխել էր: Հետո զանգ եկավ հեռախոսիս ու չեմ մոռանա նրա դողացող, արտասվախառն ձայնը: Ինքը թեթևակի այրվել էր, Գագոն չկար․․․»,-պատմում է Արմինեն՝ ասելով, որ չի հիշում իր՝ հիվանդանոցում հայտնվելը, ուշաթափվող ու լացող մարդկանց ականատես լինելը:

Գագոյին ճանաչողները պատմում են, որ հավատքի մարդ էր: Ամեն կիրակի պարտադիր մասնակցում էր պատարագին և ստանում քահանայի օրհնությունը: Ականատեսներն ասում են, որ վերջին օրերին ավելի հաճախ էր այցելում եկեղեցի և Աստվածաշունչ ընթերցում:

Գագոյի մահը մեծ կորուստ է նրա ընտանիքի, ընկերների և ծանոթների համար և այն չբուժվող վերք է թողել շատերի սրտում: Ողբերգական իրադարձությունից հետո նրա իրերը դասավորելիս հայտնաբերել են նոր տուփերի մեջ դասավորված հինգ զույգ ժամացույց: Այս անսովոր գտածոն հարցեր առաջացրեց այն մասին, թե կոնկրետ ում էր Գագոն ցանկանում նվիրել դրանք և որոնք են նման նվերի դրդապատճառները: Երևի դրանք երկար սպասված նվերներ էին ինչ-որ հատուկ իրադարձության համար․․․

Տաթեւ Ազիզյան

f