Անձնագրերի խնդիրը ոչ թե լուծվում է, ոչ թե օրինական դաշտ է բերվում, այլ ավելի է խճճվում

  • 12:22 10.11.2023

Step1.am-ը զրուցել է Արցախի պետական համալսարանի դասախոս, սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանի հետ։

Պարո՜ն Կարաբեկյան, բռնի տեղահանված արցախցիներից ահազանգեր կան, որ Հայաստանում՝ հատկապես պետական համակարգում աշխատանքի չեն կարողանում ընդունվել մարդիկ։ Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել։

-Մի կողմից ձեւական պահանջներ են դրվում, օրինակ՝ եթե դասախոս է, հարցնում են՝ պաշտպանած է, թե՞ ոչ։ Ես ինքս մասնակցել եմ աշխատանքի տոնավաճառի, մի քանի տեղ գրանցվել եմ աշխատանքի համար, նույնիսկ ֆինանսների նախարարությունում, բայց չեն զանգել ու պատասխան չեն տվել։ Շատերն ահազանգում են անձնագրի «070» կոդի հետ կապված խնդրի մասին (խոսքն արցախցիներին տվող անձնագրերում առկա համարի մասին է)։ Ընկերս բանվոր է, ասում է՝ սկզբում աշխատանք կար, բայց հետո խոչընդոտներ առաջացան։ Շատերը համարում են, որ դա պատահականություն չէ։ Օրինակ՝ դասախոսներն աշխատանքի համար են դիմում, կարծես թե գործն ընթացքի մեջ է, բայց հետո ընդհատվում է։ Նույնիսկ տեղեկություններ ունենք, որ ներքին կարգադրություն կա, որ պետական ապարատում աշխատանքի չընդունեն անձանց, ովքեր «070» կոդով անձնագիր ունեն։ Ովքեր աշխատանքի են ընդունվել, հիմնականում իրենց ծանոթների միջամտությամբ են աշխատանք գտել եւ այն ոլորտներում, որոնց վրա պետությունն ազդեցություն ունենալ չի կարող։

Բոլոր հարցերը օդում կախված են, այն մարդիկ, ովքեր գիտական աստիճան ունեն, եւ մտածում  էին՝ այստեղ աշխատանք կունենան, իրենց հարցն էլ է հիմա օդում կախված։ Ինչպես ասացի՝ Արցախի համալսարանի  դասախոսներից երեք հոգի են աշխատում, այն էլ ժամավճարով եւ նրանցից 2-ը՝ ոչ պետական համակարգում։ Այսինքն՝ պետական համակարգում այդ խոչընդոտը զգացվում է։ Մյուս հարցը մարդկանց թոշակներին է վերաբերում, կառավարությունից լղոզված պատասխան են տալիս, պարզ չէ՝ մարդիկ նորմալ թոշակ կստանան, թե՞ ոչ, կամ վերահաշվարկն ի՞նչ հիմունքներով է իրականացվելու։

Մյուս խնդիրն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշումը պետք է բեկանվի։ Եթե Սամվել Շահրամանյանը ճիշտ է ասում, որ Արցախի պետական ինստիտուտները լուծարելու որոշում չկա, ապա ինչի՞ հիման վրա են մարդկանց ստիպում, որ իրենք կամավոր ազատվեն աշխատանքից կամ աշխատավարձը չեն տալիս։ Չէ՞ որ ֆորս մաժոր է եղել, մարդիկ չեն կարողացել իրենց բնականոն աշխատանքը կատարել։ Ես կարծում եմ, որ «070» համարի հետ կապված խնդիրը շինծու է։

Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։

-Երբ Արցախի Հանրապետությունը հաստատում էր մեր փոստային ինդեքսը, անձնագրի «070» կոդը,  փաստաթղթերն այնպես են կազմվել, որպեսզի որեւէ կերպ Հայաստանի տարածաշրջանային եւ կենտրոնական կառույցների աշխատանքին չխոչընդոտեն ու մաքսիմալ համատեղելի լինեն։ Եվ այն մեկնաբանությունները, որոնք տրվել են ֆինանսների եւ սոցապ փոխնախարարների կողմից, հանգեցնում են նրան, որ խնդիրը ոչ թե լուծվում է, ոչ թե օրինական դաշտ է բերվում, այլ ավելի է խճճվում։ Այսինքն՝ այն կառույցները, որոնք կան Արցախում, դրանք անգործության են մատնվում։ Այն մարդիկ, որոնք Արցախը պաշտպանում էին, հիմա մնացել են անպաշտպան, այն մարդիկ, որոնք ստեղծում էին, հիմա կոտրած տաշտակի առաջ են կանգնում։ Հիմա փաստորեն այս որոշումները բերում են նրան, որ մարդիկ առհասարակ չգիտեն՝ այս «070» կոդով կարո՞ղ են նպաստ ու թոշակ ստանալ, թե ոչ։

Կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ թոշակ ստանալու համար անհրաժեշտ է, որ արցախցիները գրանցված լինեն Հայաստանի որեւիցե հասցեում։ Ոչ թե հաշվառված, այլ գրանցված։

-Հաշվառման մասին են խոսում, բայց ես կրկնում եմ՝ այդ կոդն ու անձնագրի սերիան այնպես էր մշակված, որ նույնիսկ տեղահանման դեպքում հաշվառման համակարգը հեշտ լիներ իրականացնել։ Իրենք խոսում են հաշվառման մասին, բայց չէ՞ որ մենք բոլորս հաշվառված էինք, եւ վերագրանցվելով մենք մի քանի խոչընդոտ ենք ստեղծում։ Երկրորդ, հիմա ո՞վ կցանկանա իր տան վրա մարդ գրանցել։ Եվ հարց է՝ հաշվառումն ու գրանցումը նույնական են, թե՞ ոչ։ Օրինակ՝ եթե որեւէ մեկը գրանցվում է՝ մշտական կամ ժամանակավոր, դա ի՞նչ արտոնություն ու լիազորություն է տալիս։ Այսինքն՝ որոշակի իրավական ու կազմակերպչական քաոս է առաջանում։

Ռոզա Հովհաննիսյան