Step1.am-ը զրուցել է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ։
-Պարոն Ղուկասյան, ԱՄՆ-ին ի՞նչ դիրքորոշում է որդեգրել Արցախի հարցում, ճանաչո՞ւմ է այն իրավիճակը, որը կա այսօր։
-Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Սենատի կոմիտեներից մեկում լսումներ պետք է լինեն՝ «Արցախի ապագան» խորագրով։ Հավանաբար այնտեղ կլինի քննարկում, կտրվի իրավիճակի գնահատականը։
-Տարբեր երկրներ իրենց դիրքորոշումը հայտնել են այս ընթացքում, որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին են հայտարարել։ ԱՄՆ-ն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչո՞ւմ է, եթե ոչ, ի՞նչ քաղաքական քայլեր կարող են արվել։
–1992 թվականից, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ստացան միջազգային ճանաչում, միջազգային հանրությունն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչում է որպես վիճելի տարածք։ Վեճի առարկան ինքնորոշման իրավունքի հարցն է։ Հայաստանն ու Ադրբեջանը 1992 թվականին դիմել են ԵԱՀԿ-ին՝ Արցախի կարգավիճակը որոշելու հարցով։ Դա միջազգային հանրության կողմից իրենց ճանաչման նախապայմանն էր, այդ պայմանով է ճանաչվել եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի անկախությունը։ Ինչպես գիտեք, 1992 թվականից առ այսօր գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, 11 պետություն, 9 պետություն՝ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից, եւս ունեն վետոյի իրավունք Արցախի կարգավիճակին վերաբերող ցանկացած հարցում։ Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել ԵԱՀԿ-ից ու Մինսկի խմբից։ Եվ, բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր առանց Մինսկի խմբի մյուս պետությունների հավանության չի կարող կնքվել։ Դրա մասին ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հայտարարել էին դեռեւս 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից անմիջապես հետո։ Արցախի խնդրի հարցում եւ ԱՄՆ-ն, եւ Ֆրանսիան շարունակում են մնալ այն դիրքերում, որ այդ խնդիրը պետք է լուծվի՝ հաշվի առնելով Արցախի կարգավիճակը։
-Արցախից բռնի տեղահանված անձանց Արցախ վերադարձի համար ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։
-Մեր կուսակցությունը, «Ազատ հայրենիք» դաշինքի կազմում գտնվող այլ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, մեկ ամիս առաջ հանդես ենք եկել հայտարարությամբ, որտեղ հնչեցրել ենք այն պայմանները, որոնք, ելելով միջազգային իրավունքից ու պրակտիկայից, պետք է ապահովված լինեն, որպեսզի հայերը կարողանան վերադառնալ Արցախ։ Դա 5 կետերից բաղկացած փաստաթուղթ է։ Ակնհայտ է, որ պետք է բացառվեն Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումները, ադրբեջանական զորքերը պետք է դուրս բերվեն նախկին ԼՂԻՄ ողջ տարածքից եւ Շահումյանի շրջանից, պետք է Լաչինի միջանցքն անցնի ՄԱԿ-ի կառավարման տակ, միջազգային բազմազգ խաղաղարար ուժեր պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանների սահմաններում, այդ սահմանների շուրջը պետք է ստեղծվի ապամիլիտարիզացված գոտի։ Եվ, իհարկե, Արցախի կառավարումը պետք է հանձնվի ՄԱԿ-ի կողմից նշանակված վարչակազմին, որը պայմաններ կապահովի բոլոր փախստականների վերադարձի համար, կապահովի ինստիտուտների ստեղծման գործընթաց։ Արդարադատության համակարգը, բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ պայմաններն այդ վարչակազմի մանդատում պետք է լինեն, մինչեւ հնարավորություն կլինի ազատ եւ թափանցիկ հանրաքվեի միջոցով, ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա որոշել Արցախի վերջնական կարգավիճակը։ Սրանք են այն 5 կետերը, որոնք պետք է միջազգային հանրությունն ապահովի, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ Արցախ։ Առանց դրա վերադարձ չի կարող լինել, եւ սին են Ռուսաստանի Դաշնության ու իրենց խամաճիկների ջանքերը՝ ինչ-որ ձեւով արցախցիներին համոզել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու եւ ինտեգրվելու։
-Կա՞ հնարավորություն, որ միջազգային հանրությունը կապահովի ձեր նշած պայմանների առկայությունը։
-Միայն միջազգային հանրությունը դա կարող է ապահովել։ Դրա այլընտրանքը պատերազմն է՝ վերսկսել պատերազմը եւ ուժով ազատագրել Արցախը։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: