ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող արցախցիների հոսքը պասիվ է

  • 14:34 13.11.2023

Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց Հայաստանում քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունման գործընթացը։ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացրել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արցախցիները կարող են մոտենալ Զաքյան փողոցում գտնվող Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրասենյակ։ Այցելելով նշված գրասենյակ՝ step1.am-ի թղթակիցը պարզեց, որ արցախքիների հոսքը պասիվ է։ Մեր այցելության պահին ընդհանրապես դիմող արցախցի չկար։ Գրասենյակի աշխատակիցների տեղեկացմամբ՝ այս օրերին արցախցիները հիմնականում իրենց դիմում են տեղեկատվություն ստանալու համար։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանից հետաքրքրվեցինք, թե բռնի տեղահանված քանի՞ արցախցի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Նոյեմբերի 6-ից սկսած մենք բացել ենք Զաքյան 3,118/1 հասցեում գտնվող մեր մասնաճյուղը, որտեղ արցախցիներից ընդունում ենք քաղաքացիություն ստանալու դիմումներ։ Գործընթացը կազմակերպվում է նաեւ մարզերի բոլոր անձնագրային ծառայություններում։ Առաջին անգամ ենք նման պրակտիկա կիրառում, որովհետեւ սովորաբար քաղաքացիության համար դիմում ընդունվում էր Անձնագրերի եւ վիզաների վարչության վարչական շենքում։ Բայց որպեսզի չբարդացնենք գործընթացը, եւ մեր հայրենակիցները ստիպված չլինեն մարզերից Երեւան գալ՝ այդ դիմումը հանձնելու համար, նման լուծում ենք տվել։ Այնտեղ նաեւ խորհրդատվական բնույթի ծառայություն ենք մատուցում։ Եվ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մարդիկ ավելի շատ մոտեցել են՝ հարց ու փորձ անելու, տարբեր ընթացակարգեր ճշտելու, իրավունքների ու պարտականությունների փաթեթներին ծանոթանալու, կարգավիճակների տարբերությունները հասկանալու համար։ Եվ փաստորեն ավելի շատ խորհրդատվական այցեր են լինում այս օրերին»,- ասաց Նելլի Դավթյանը։

Նա հավելեց, որ ստացվել են նաեւ քաղաքացիություն ստանալու մի քանի տասնյակ դիմումներ։ «Չենք ամփոփել, քանի որ Հայաստանի մասշտաբով ենք հավաքագրում դիմումները, թիվ չեմ կարող նշել, բայց մի քանի տասնյակ դիմումներ արդեն կան։ Նաեւ շատ են դեպքերը, երբ փաստաթղթերը պակաս են կամ թերի, ուղղորդում ենք փաստաթղթերը լրացնելու նորից վերադառնալու»,- նշեց նա։

Նելլի Դավթյանն ասաց, որ գրասենյակ դիմող արցախցիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում հնարավո՞ր է պահպանել փախստականի կարգավիճակը։ «Կա մի թյուրըմբռնում, որ քաղաքացիություն ստանալու դեպքում հնարավոր է պահպանել փախստականի կարգավիճակը։ Մենք պարզաբանում ենք, որ դրանք երկու կարգավիճակներ են, եւ փախստականից անցում է կատարվում դեպի քաղաքացու կարգավիճակի։ Եվ նաեւ պարզաբանում ենք ներկայացնում բոլոր հիմնական մտահոգությունների մասին։ Օրինակ՝ գույքի, վնասի փոխհատուցում, վերադարձի իրավունքի իրացում։ Փախստականի հետ փոխկապակցված իրավունքների մասով մարդիկ ունեն մտավախություն, որ հանկարծ քաղաքացիություն ստանալու դեպքում այդ իրավունքներից չզրկվեն։ Մենք պարզաբանում ենք, որ ՀՀ կառավարության դեկլարատիվ բնույթի որոշումը հենց դրա համար է ընդունվել, որ Արցախի ամբողջ բնակչությանն արդեն իսկ տրվել է փախստականի կարգավիճակ, ֆիքսվել է բռնի տեղահանության փաստը, եւ դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են, ոչ ոք չի չեղարկում իրենց անցած ճանապարհը։ Մենք դա ֆիքսել ենք հենց կառավարության որոշմամբ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան