Step1.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը։
–Պարոն Հարությունյան, Արցախի պատգամավորներն այս օրերին քաղաքական քննարկումներ իրականացնո՞ւմ են, ի վերջո, Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմին եք, ի՞նչ քայլեր եք նախաձեռնում։
-Իհարկե, քննարկումներ կան, բայց քննարկումներն այս պահին աշխատանքային բնույթ են կրում, որովհետեւ մենք կարծում ենք, որ պետք է ունենանք ամբողջական ճանապարհային քարտեզ, որից հետո միայն հետեւողական քայլերով պետք է առաջ շարժվենք։
-Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագրի ստորագրումից հետո շատ տեսակետներ կան, որ Արցախի խորհրդարանը պետք է չեղյալ անի Շահրամանյանի այդ հրամանագիրը։ Այդ ուղղությամբ գործնական քայլեր արվո՞ւմ են, չէ՞ որ Արցախը չի կարող լուծարվել մեկ անձի որոշմամբ։
-Այդ բոլոր հարցերը քննարկումների ընթացքում են, դրան են միտված մի շարք աշխատանքներ։
-Ձեր տեսակետը ո՞րն է այս հարցի վերաբերյալ, արդյոք Արցախի հարցը այսպիսով կարո՞ղ է փակվել։
-Իհարկե, չի կարող փակվել։ Բայց, կրկնում եմ, մենք ոչ թե պետք է իրավիճակին քայլեր ձեռնարկենք, այլ պետք է շատ ավելի խորքային պլանավորված, հավասարակշռված քայլերով առաջ գնանք։ Դա բարդ պրոցես է, ամեն դետալը պետք է առանձին քննարկվի, որովհետեւ նույնիսկ այն պարագայում, երբ մենք փաստացի բնակվում էինք մեր հայրենիքում, ցավոք սրտի, գործիքակազմը բավական սահմանափակ էր։ Եվ ինչքան էլ մենք աշխարհի հետ կապ ունեինք, միեւնույն է, տեղի ունեցավ այն, ինչ Ադրբեջանը հստակ ծրագրավորել ու պլանավորել էր։ Երբ Ադրբեջանը կեղծ «էկո ակցիան» սկսեց, մենք բազմիցս հայտարարել ենք, անձամբ ես իմ հարցազրույցներում ասում էի, որ դրա նպատակը Լաչինի միջանցքն ամբողջական վերահսկողության տակ վերցնելն է, հետագայում՝ անցակետ տեղադրելը։ Այդ ամենը պարզ երեւում էր, որովհետեւ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները։ Բազմիցս ահազանգել ենք, որ Ադրբեջանի պլանը էթնիկ զտումն է, եւ ինտեգրացիան կեղծ օրակարգ է, որովհետեւ չի կարող մեկ երկիր փորձել ինտեգրել մեկ հասարակության, բայց մյուս կողմից ամենօրյա ռեժիմով այդ բնակչությանը ենթարկել տեռորի։ Ամեն օր ապատեղեկատվություն էին տարածում, որ պատրաստվում են գրավել այս կամ այն գյուղը կամ սահմանամերձ գյուղերի բնակիչներին բարձրախոսներով կոչ էին անում, որ մարդիկ լքեին իրենց տները, սպառնում էին բնակչությանը, ահաբեկում, գնում նաեւ առարկայական քայլերի։ Մենք հիշում ենք, թե քանի քաղաքացիական զոհ ունեցանք գյուղատնտեսական, շինարարական աշխատանքներ կատարելիս։ Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր քայլերը պարզ ուղղված էին հասարակության մեջ անկումային տրամադրություններ գեներացնելուն, որպեսզի մարդը, տեսնելով, որ իր կյանքին ուղիղ վտանգ էր սպառնում, իր բնակավայրը լքեր։
Հիմա իրավիճակը մեզ համար կրկնակի բարդացավ, որովհետեւ մենք փաստացի ստիպված եղանք թողել մեր հայրենիքը եւ բնակավայրերը։ Եվ ես կարծում եմ՝ բոլոր նախադրյալները մնում են, եւ գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից այդ գաղափարը վերահաստատվեց, որ մենք ունենք վերադարձի իրավունք, եւ մեր իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանվեն։ Սակայն, կարծում եմ, որ իրատեսական ու շոշափելի մեխանիզմների ներդրումից հետո միայն հնարավոր կլինի խոսել առարկայական քայլերի մասին։ Հետեւաբար, սա երկար պրոցես է, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ պլանավորված ու հավասարակշված իրականացնենք։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: