Երեկ Մասիս խոշորացված համայնքում արցախցիների մկրտության արարողություն էր: 150 մկրտվողների թվում էր Սառնաղբյուր գյուղում սեպտեմբերի 19-ին զոհված 10-ամյա Միքայելի եւ 8-ամյա Նվերի ընտանիքը:
Տղաների մայրն ու տատիկը լուռ հետեւում էին եկեղեցու բակում ընթացող տոնական արարողությանը, միայն փոքրիկ Սեյրանին պարբերաբար ասում էին, որ կարող է գնալ մյուս երեխաների հետ խաղալու: Հրաշքով փրկված Սեյրանը վեց տարեկան է, բեկորային վնասվածք ունի գլխում, սակայն շատ առույգ եւ հպարտ կրում է իր մկրտության խաչը:
«Հիմա շատերը շրջափակման մասին խոսալուց ասում են` երանի այդ օրերին: Ինչու, որովհետեւ մեր երեխաները մեզ հետ էին: Երանի այդ օրերին… Կարոտենք էլ չենք կարողանա տեսնենք… Մկրտությունից հետո ինչ-որ մի պահ ոնց որ քեզ թեթեւացած ես զգում: Ներսումդ ինչ-որ բան ես զգում: Ցավը չի անցնում, երբեք այդ ցավը չի անցնի, բայց երբ դուրս ես գալիս, շփվում ես, ինչ-որ մի տեղ թեթեւացած ես զգում»,- ասում է Հերսիկ տատը, ով կորցրել է ոչ միայն երկու մանկահասակ թոռներին, այլեւ իր յոթ որդիներից երկուսին:
«Յոթ որդի ունեի: Երկուսը էլ չկան: Այս պատերազմում զոհված տղաս Եռաբլուրում է, թոռներս այստեղ: 20 թվին էլ եմ զոհ տվել: Մի տղաս էլ 20 թվին է զոհվել: Ամեն ինչ ենք կորցրել: Ե՜վ թոռներիս եմ կորցրել, և՜ տղաներիս, և՜ մեր հայրենիքը, մեր պապական հողերը, մեր գերեզմանները: Տարիների ընթացքում, հա, կարող է հայրենիքը հետ վերադարձնենք, բայց զոհերին չենք կարող»,- ասում է մխիթարություն փնտրող կինը:
Հերսիկ տատի որդիներից երեքը հիմա Մասիսում են, երկուսը` ավելի հեռու. «Մի տղաս Տաշիրի Մեծավան գյուղ է գնացել, մյուսը` Եղեգնաձորում է»:
Ինչպես հայտնի է, Միքայել եւ Նվեր Ղազարյանները հարազատների հետ բնակվում էին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որն ադրբեջանական հարձակումից առաջ 76 բնակիչ ուներ։ Նրանցից 5-ը զոհվել են, 15–ը` վիրավորվել, 4-ը` գերեվարվել։ Միքայելն ու Նվերը զոհերի թվում են եղել։
Անի Գևորգյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: