Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը։
–Պարոն Պապյան, Արցախից բռնի տեղահանված անձինք վերադարձի ի՞նչ հնարավորություններ ունեն։
-Իրավական առումով իրենք վերադարձի բոլոր իրավունքներն ունեն, որովհետեւ այնտեղ ունեն սեփականություն եւ եղել են Արցախի բնակիչները։ Այստեղ խնդիրն ավելի շատ քաղաքական է, այսինքն՝ անգամ Ադրբեջանը գոնե ձեւականորեն այդ իրավունքը չի մերժում։ Ադրբեջանն ասում է՝ իրենք կարող են ապրել Արցախում, եթե ընդունեն Ադրբեջանի գերիշխանությունը, այսինքն՝ դառնան Ադրբեջանի քաղաքացի եւ ապրեն այն նույն կարգավիճակով, որով ապրում են Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Իրավական առումով այդպես է, բայց մենք լավ հասկանում ենք, որ այս վիճակում գործնականում դրա հնարավորությունը չկա, որովհետեւ անգամ նրանք, ովքեր մնացել են Արցախում, սպանությունների, կտտանքների բազմաթիվ դեպքեր կան։ Մյուս խնդիրն այն է, որ հատկապես տղամարդկանց նկատմամբ կա միտում, կամայական ձերբակալություններ են կատարվում, եւ ցանկացած անձի կարող են ձերբակալել՝ վրան բարդելով տարբեր հանցագործություններ։ Մյուս կողմից, մենք այսօր չենք տեսնում Ադրբեջանի կողմից ըստ միջազգային օրենքի վերաբերմունք դատարկված Արցախի նկատմամբ։ Իրենք հայկական եկեղեցիներ են քանդում, հատկապես հին եկեղեցիներն են քանդում, մարդկանց հալածում են։ Նաեւ Ադրբեջանի ներսում հռետորաբանությունը չի փոխվել։ Հետեւաբար, իրավական առումով, այո, վերադարձի մեծ հնարավորություններ կան, բայց քանի դեռ քաղաքական լուծում չկա, դա հնարավոր չէ։
-Օրինակ՝ քաղաքական ի՞նչ լուծում կարող է լինել։
-Իմ կարծիքով՝ քանի դեռ միջազգային խաղաղապահներ տեղակայված չեն Արցախում, վերադարձը հնարավոր չէ։ Ես նկատի ունեմ միջազգային բազմազգ, լայն լիազորություններով այնպիսի ուժեր, որոնք հստակորեն կզատեն հայերի եւ ադրբեջանցիների բնակության վայրերը, հայերը կգտնվեն ոչ Ադրբեջանի ենթակայության տակ։ Այդ դեպքում միայն հնարավոր կլինի հայերի բնակությունը Արցախում։
– Հայաստանի իշխանությունը փորձում է փակել Արցախի հարցը, այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրումը ի՞նչ խնդիրներ կհարուցի։
-Այդ պայմանագրի ստորագրումը դեռեւս չի նշանակում Արցախի հարցի փակում։ Եթե մինչեւ անգամ «տարածքային ամբողջականության» ճանչում լինի, ինչպես նշվում է, մեծ հարց առաջանում՝ իսկ ո՞րն է այդ տարածքը, որի ամբողջականությունը ճանաչում են։ Եթե մինչեւ անգամ ենթադրենք, որ դրանք սովետական վարչական սահմաններն են, միեւնույն է, Արցախում ապրող մարդիկ, անկախ իրենց ազգությունից, ունեն ինչ-որ ինքնավարության, ինքնորոշման իրավունք, հատկապես երբ բնիկ են։ Այդ իրավունքը մնում է, այդ հարցը չի փակվում։ Բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանը վարվեց հետեւյալ կերպ․ ինքնորոշվում են մարդիկ, եւ եթե չկան այդ մարդիկ այդ տարածքի վրա, ուրեմն, ինքնորոշման իրավունքն էլ չկա։ Դրա համար եմ ես դեմ եղել ինքնորոշմանը, ես միշտ ավելի կողմնակից եմ եղել, որ միջազգային իրավունքով պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը։
Այսպես ասեմ՝ Արցախի հարցը չի փակվում, բայց, այո, Հայաստանի իշխանություններն այդ մեծ ցանկությունն ունեն՝ փակելու հարցը։ Մենք մոռացել ենք, որ Հյուսիսային Արցախում ավելի քան 50 գյուղ է հայաթափվել, այսինքն՝ Արցախի չափ տարածք ու բնակչություն կար Արցախից դուրս, եւ մարդիկ քշվեցին իրենց բնակավայրերից։ Մենք գնացինք այդ երկրորդ ճանապարհով՝ սովետական սահմանները պետք է համապատասխանեին հայերի բնակությանը։ Բայց քանի որ դա չկարողացանք իրավական առումով ամրագրել, հիմա իրենք, օգտվելով ստեղծված իրավիճակից, կիրառեցին առաջին տարբերակը, այսինքն՝ բնակչության տեղաբաշխումը բերել համապատասխանեցնել խորհրդային սահմաններին։