Նոյեմբեր 14-ի ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարեց, թե ԱՄՆ «շարունակում է հավատալ, որ մարդիկ, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն վերադառնալ տուն, եթե ցանկանան, և նրանց այդ իրավունքը պետք է հարգվի»։
Նոյեմբեր 15-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, թե «Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար»: Զախարովան ողջունեց «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ»։
Նոյեմբերի 17-ին Արմենպրեսին տված հարցազրույցում Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց, թե «մենք շատ հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա։ Գիտեք, նրանց ունեցվածքը չի կարող բռնագրավվել ուրիշի կողմից: Պետք է երաշխիքներ լինեն այդ մարդկանց անվտանգ վերադարձի համար, եթե նրանք որոշեն վերադառնալ»։
Ստանոն իր հարցազրույցում նաեւ ասել է, որ «երկու կողմերն էլ (Երեւանը եւ Բաքուն․ խմբ․) դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։ Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները»:
Անդրադառնալով Ռուսաստանի եւ Բաքվի՝ Եվրամիության հասցեին մեղադրանքներին, Ստանոն ասել է, թե «մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն»։
Նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը Ազատություն ռադիոյին տված հարցազրույցում նույնպես անդրադարձավ Ռուսաստանի դերակատարությանը, նշելով, որ «Ռուսաստանը վերջին 18 ամիսների ընթացքում ապացուցել է, որ ոչ մի ոլորտում վստահելի չէ։ Ռուսաստանը ստել է միջազգային տարբեր պարտավորությունների մասին և բազմիցս խախտել է դրանք վերջին տարիներին։ Տեսեք, թե ինչ արեց հակամարտությունը։ Այն մարդկանց տեղահանում է իրենց տներից, հանգեցնում ողբերգությունների թե՛ անհատական մասշտաբով՝ ընտանիքների համար, թե՛ ընդհանուր համայնքների համար, թե՛ առաջացնում է ցասում, որ կարող է երկար տևել»:
Ինչպես տեսնում ենք, սեպտեմբերի 17-ին Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում հայոց պետականության հազարամյա օրրան Արցախի ոչնչացման հարցում կոնսենսուսի մասնակիցները՝ ԱՄՆ, ՌԴ եւ ԵՄ, անցել են փոխադարձ մեղադրանքների։ ՌԴ-ն մեղադրում է Արեւմուտքին Հարավային Կովկասում անկայունություն հրահրելու եւ Ռուսաստանին դուրս մղելու համար, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն ավելի առարկայական մեղադրանքներ են ներկայացնում ՌԴ-ին՝ ստելու, հայերի, Հայաստանի հանդեպ պարտավորությունները չկատարելու համար, ակնարկելով, թե ՌԴ-ն նման պարտավորություն է ստանձնել իրենց առջեւ ու ստել է, առաջնորդելով Հայաստանի (Արցախը ներառյալ) դեմ ռազմական ներխուժումները։
Ի դեպ, Ստամբուլի գաղտնաժողովի վերաբերյալ Քարփենթերը նույն հարցազույցում չքմեղանում է, թե «Եղել են մի շարք հաղորդումներ, որոնք հիմնված են կեղծ տեղեկությունների վրա, դրանք վերաբերում են նախկին պաշտոնյաների, վերլուծական կենտրոնների փորձագետների և այլոց այսպես կոչված երկրորդ ուղու քննարկումներին: Ես տեղյակ չեմ ռուս գործընկերների հետ ամերիկացի պաշտոնյաների հանդիպումների մասին։ Մեր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը շատ հստակ էր այս առումով․ երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր հարցի, ինչպիսին ռազմավարական կայունությունն է, մենք պատրաստ ենք քննարկումներ ունենալ: Բայց այս պահին մյուս կողմը՝ նկատի ունեմ Ռուսաստանը, պարզապես պատասխանատվությամբ չի մոտենում այս կարգի թեմաներին։ Ես կասեի՝ ճիշտ հակառակն է»։
Նշենք, որ այսպես կոչված «երկրորդ ուղին» իրականում հովանավորվում եւ ուղղորդվում է պետության կողմից՝ հատկապես «նուրբ» թեմաներով, ինչպիսին է օրինակ Ուկրաինային Ռուսաստանի պայմաններով «խաղաղություն» պարտադրելը։
Ինչն է Արեւմուտք-Ռուսաստան այս իրարանցման պատճառը․ հայերը հենց այնպես չպետք է հեռանային Արցախից՝ Մոսկվայի երաշխավորությամբ ծրագրված էին ջարդեր բազմահազար զոհերով։ Որից հետո Արցախում պետք է մնար «ինտեգրված» որոշակի քանակության բնակչություն՝ որպես Արցախի ցեղասպանության կազմակերպիչների ալիբի եւ միաժամանակ որպես պատանդ՝ իրենց ագենտ Նիկոլի առաջնորդությամբ Հայաստանի պետականության կազմաքանդման գործընթացում։
Արցախցիների մի ստվար հատվածն էլ պետք է «փոշիացվի» Հայաստանում, ինչը եւ անում է ՀՀ վարչապետի աթոռին դրված ստահակը «անձնագրավորման եւ օրենսդրությանը համապատասխանեցնելու» պատրվակով։ ՄԱԿ դատարանին դիմումով Երեւանը օրինականացրեց Բաքվի բացառիկ պետական իրավասությունը Արցախի տարածքում։
Արցախցիներին «հետ են կանչում» համատեղ հանցագործությունը «լեգիտիմացնելու» նպատակով, որովհետեւ Բայդեն-Պուտին-Միշել-Էրդողան բազմակողմ գործարքն «այն ընթացքը չստացավ» շնորհիվ Արցախի հայ բնակչության միակամ տարհանումի։ Արցախցիները վերադառնալու են Արցախի սահմանադրական տարածքում հայկական իրավազորությունը լիարժեք վերականգնելու դեպքում։ «Միջազգային ամուր երաշխիքները» եւ նման լոլոները նիկոլ-քպ-ի «իրավունքներ եւ անվտանգություն ու դրանց հասցեագրում» ցեղասպան ագենտուրային թեզի շարունակությունն են։
Արցախցիների յուրահատուկ վրեժը պետք է դառնա սկիզբը՝ մեր կողմից կոնսենսուսի վերացում եւ թշնամիների ոչնչացում նախատեսող գործողությունների համար։