Փոքրիկ դերասանի պատմությունը․ արքայազնի դերից մինչև իր սեփական ճանապարհորդությունը

  • 17:10 24.11.2023

13-ամյա Տիգրան Դավթյանը 6 տարեկանից մասնակցում է թատերական ներկայացումներին՝ բացահայտելով դերասանական արվեստի հանդեպ սերը: Ոգեշնչվում էր իր հայրիկի՝ Մարատ Դավթյանի ներկայացումները դիտելիս: Բեմն իր համար ոչ միայն զգացումներն անկաշկանդ արտահայտելու տեղ է, այլ նաև՝ ազատության: Հաճույքով է հիշում «Եվա» (2017թ․) ֆիլմի նկարահանումներին իր մասնակցությունը: Իր կարիերայի ընթացքում մարմնավորել է Բուրատինոյին, Հովհաննես Թումանյանին, բայց ամենաոգևորիչը Փոքրիկ Իշխանի դերն էր:

Պատանի Տիգրանը ականատես է եղել երեք պատերազմների և ապրել է երկարատև շրջափակման պայմաններում:  Տատիկ-Պապիկի մոտից խոսափողով աշխարհին պատմում էր երազանքների մասին ՝ հայտնի ֆուտբոլիստ է ուզում դառնալ, բայց  դեպի երազանքը տանող ճանապարհը փակ էր, մարզումների գնալ չէր կարող:

«2020 թ․ սեպտեմբերի 27-ին տանն էինք: Մաման ու պապան չէին հասկանում, թե ինչ է կատարվում պատերից դուրս: Պայթյուններ էին, բառերով անհնար է նկարագրել․․․ Արցախյան համախմբումն ուրիշ է: Նկուղում մոմ էր վառած ու բոլորն աղոթում էին: Մի քիչ ուտելիքը հերիքում էր բոլորին: Մարդիկ նկուղներից դուրս էին գալիս զինվորներին արյուն տալու համար: Իմ ընկերներից մեկը 43 օր մնացել էր ռմբակոծվող քաղաքում իր ծնողների հետ և միայն տարհանման օրն էր դուրս եկել: Ես Երևանում էի, բայց հույս ունեի հետ գնալ Ստեփանակերտ»,-պատմում է Տիգրանը:

44 օրվա պատերազմի ժամանակ կարոտում էր հայրենիքը, երազում նկուղն էր տեսնում: Այդ իրադարձությունները ստիպում էին նրան մտածել և փնտրել այն հարցերի պատասխանները, թե ինչու էր այդ ամենը իրենց հետ կատարվում:

Օրեր անց հայտնեցին ամբողջ հայության սպասված լուրը՝ պատերազմը վերջացել էր, բայց․․․ Շուշին էլ մերը չէր: Տիգրանը բոլորին խնդրեց , որ դուրս գան սենյակից: Ուզում էր մենակ մնալ: 2020թ․ սեպտեմբերի 26-ին, պատերազմից մի օր առաջ Շուշիի այգիներից մեկում նստած էին ընկերներով: Տիգրանը ծառի պոկվող կեղև էր տեսել ու մինչև վերջ պոկել էր, հետո ավելացրել «Շուշի» մակագրությունը: Ամենասիրելի վայրը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էր:

Շրջափակման առաջին օրերից էլ փոքրիկ դերասանը ճնշվածություն էր զգում: Վառելիքի բացակայության պատճառով չէր հասցնում հաճախել երգի, նկարչության պարապմունքներին: Ուտելիքի սակավության պատճառով կրճատվել էին  նաև ֆուտբոլի մարզումները: Դասաժամերը դարձել էին 30 րոպեանոց:

Սեպտեմբերի 19-ին կռվից մի ժամ առաջ պայթյուներ էին լսվում: Դպրոցի անձնակազմին տեղեկացրել էին, որ ամենօրյա թեթև կրակոցներ են: 3-րդ պայթյունից հետո դպրոցը ցնցվել է: Ծնողներն ու երեխաները իրար էին փնտրում ընդհանուր խուճապի մեջ: «Ես լացում էի: Ինչ էր կատարվում, որտեղ են մաման ու պապան: Գիշերը պայթյուններն այնքան մոտիկ էին, որ թվում էր, թե դպրոցը փլվելու է: Սպասում էի մինչև ժամը 7-ը, որպեսզի լուսանա ու խավարը ցրվի: Երբ հիշում եմ, ինչի միջով է անցել Արցախը, հասկանում եմ, թե ինչու է Կոմիտասը գժվել․․․Մենք դիմացել ենք մինչև վերջ․․․Մտածել ենք, թե այստեղ ենք մնալու ու սա մեր տեղն է, աշխարհի ամենալավ տեղը․․․․»,-ասում է Տիգրանը:

Տիգրանն իր «մոլորակին» հրաժեշտ է տվել սեպտեմբերի 27-ին: Այդ օրը «Զորգե» թաղամասում հրացանի կրակոցներ էին լսվում: Ծայրամասերում ապրող բնակիչներին տեղավորել էին հյուրանոցներում ․․․Բակի երեխաները իրենց հեծանիվներն էին ջարդում, որ ոչ մեկը չկարողանա օգտագործել: Տիգրանն ասում է՝ իմ ձեռքը չգնաց ․․․ Իր խաղալիքները խնամքով դասավորել է ու թողել այդպես․․․Լռում է: Արցունքները հոսում են: Մենակ մի կիսատ թողած բնապատկեր է իր հետ բերել, որ Երևանում ավարտին հասցնի․․․

«Անցակետում ադրբեջանցիները ծիծաղում էին: Ես խղճի խայթ էի զգում, որ գնում եմ Արցախից»,-ասում է նա:

Փոքրիկ արքայազնը չի դադարում երազել ու գործել՝ նոր մոլորակներ բացահայտելով: Մտադիր է անգլերեն սովորել: Ասում է՝ Եվրոպայում ֆուտբոլ խաղալիս պետք կգա:  Երազանքներից մեկն է Ամանորը ԱՄՆ-ում անցկացնելը: Ասում է՝ դա է իսկական Նոր Տարվա «վայրը»:

Փոքրիկ իշխանին մարմնավորելիս  հեշտ չէր  ասել այս բառերը․ «դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:  Նրա արցունքները վկայում էին ոչ միայ վշտի, այլ նաև կորցրած վայրի հանդեպ խորը սիրո մասին:

Տաթև Ազիզյան

f