Բնակարանների վարձակալության գների բարձրացման հաջորդ փո՞ւլ

  • 23:32 29.11.2023

Հայաստանում, անցյալ տարվա փետրվարից ՌԴ քաղաքացիների ներգաղթից հետո, բնակարանների վարձակալության գները նկատելիորեն աճել են։ Իսկ Արցախից գաղթից հետո թանկացումների նոր փուլը ազդեց ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային համայնքների վրա։

Այս ֆոնին ուժի մեջ է մտնում տների վարձակալության հարկման մասին ընդունված օրենքը։

Դա անհանգստություն է առաջացրել առաջին հերթին վարձակալողների շրջանում, քանի որ տանտերերը պարզապես կբարձրացնեն վարձավճարները՝ փոխհատուցելու իրենց «կորուստը» հարկային վճարումներում:

Դեկտեմբերի 1-ից Հայաստանում անշարժ գույքի յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է հարկային տարվա ընթացքում հաշվարկել և պետական ​​բյուջե վճարել եկամտահարկ՝ գույքի վարձակալությունից ստացված եկամտի 10%-ի չափով։

Հայաստանի հարկային ծառայությունը պարզաբանել է. «Ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը ենթակա է հարկման։ Յուրաքանչյուր հարկային տարվա համար հաշվարկված եկամտահարկը պետք է պետական ​​բյուջե մուծվի մինչև հաջորդ տարվա երրորդ եռամսյակը՝ եկամտի 10%-ի չափով: Եթե ​​հաշվետու տարվա վարձակալության համախառն եկամուտը գերազանցում է 60 մլն դրամը, ապա այս գումարը գերազանցող մասի վրա հաշվարկվում և վճարվում է լրացուցիչ եկամտահարկ՝ 10 տոկոսի չափով»։

Հարկը ուշացնելու կամ չվճարելու համար նախատեսված են տույժեր։

Սահմանված ժամկետից հետո հարկի վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է տուգանք 0,04 տոկոսի չափով։ Հարկը չվճարելու դեպքում սահմանվում է տուգանք կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով՝ շուկայական արժեքին մոտ, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ։ Կրկնակի խախտման դեպքում գանձվում է տուգանք 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամ։

f