Step1.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։
-Պարո՛ն Խզմալյան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, միջազգային տարբեր հարթակներում, օրինակ, Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նիստում, ադրբեջանիցներն իրենց ելույթներում հղում են անում Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Ստացվում է, որ իրավական որեւէ փաստարակ չկա, միայն Փաշինյանի հայտարարությունների վրա են հիմնվում նրանք։ Եթե չկա իրավական հիմք, ինչի՞ հիման վրա է Փաշինյանը հայտարարում, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
-Ո՛չ, եվրոպական ատյաններում, պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսակցություններում Նիկոլ Փաշինյանը նման հաստատման կամ հայտարարության աղբյուր չի հանդիսանում։ Աղբյուր է հանդիսանում այն, որ Հայաստանը 1990-ական թվականներից ի վեր հայտարարում էր, որ չունի տարածքային պահանջներ։ Եվ դրա վկայությունն է անցած 30 տարիների բանակցային գործընթացը։ Այսինքն՝ այստեղ երկու տարբեր հարցեր են։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ձեւաչափը պետք է որոշված լիներ Մինսկի խմբի միջոցով, եւ հենց դրա համար էր ստեղծվել Մինսկի խումբը։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի շնորհքը չէ, Փաշինյանը երեւի դեռ դպրոց էր գնում, երբ այդ խումբն ստեղծված էր։ Խնդիրն այն է, թե ինչպիսի՞ կարգավիճակ է ունենալու Արցախն Ադրբեջանի կազմում։ Այստեղ ես չեմ կարող կանխորոշել, բայց Հայաստանի Եվրոպական կուսակցության անունից ես պնդում եմ, որ այդ կարգավիճակը չի կարող լինել ավելի ցածր, քան գոնե Սովետական միությունում էր։ Այսինքն՝ հայերի ինքնավարությունը դա այն նվազագույն կարգավիճակն է, որը մենք պետք է քննարկենք։ Այս առումով ես չգիտեմ, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության վերաբերմունքը, քանի որ ես արդեն երկու ամսից ավելի է՝ անձամբ չեմ հանդիպել նրա հետ։ Մեր մոտեցումն այդպիսին է, այդպիսին է նաեւ ԱՄՆ Սենատի մոտեցումը, դա են փաստում վերջին լսումները, որոնք Լեռնային Ղարաբաղին էին նվիրված։ Այնտեղ սեպտեմբերի 19-ի Արցախի հայաթափումը կարմիր գիծ անվանվեց։ Եվ, ի վերջո, աշխարհի ամենաբարձր իրավաբանական ատյանը՝ Հաագայի դատարանը նույնպես մեր աչքի առաջ հայտարարել է, որ Ադրբեջանը երկու ամիս 8 շաբաթ ունի՝ ապահովելու հայերի խաղաղ եւ ապահով վերադարձն իրենց հայրենիք։ Ես անձամբ հատուկ ձեւաչափ ու բանաձեւ էի առաջարկել։
-Ինչպե՞ս եք պատկերացնում Հաագայի դատարանի որոշման կատարումը, հնարավո՞ր է Բերձորի միջանցքը բացվի։
–Ես կարծում եմ, այո՛, կբացվի Բերձորի միջանցքը։ Եվ խաղաղությունը պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները, ռուսներն այնտեղից պետք է հեռանան։ Իմիջիայլոց, դա է հիմնական պատճառը, որ ռուսներն այնտեղից չեն հեռանում, իրենք չեն ուզում զիջել իրենց տեղը միջազգային խաղաղապահներին։ Եվ Ադրբեջանը դրանից օգտվում է։ Ես կարծում եմ, որ հայոց պետականության եւ համայն հայության նպատակը հիմա պետք է լինի Արցախի կարգավիճակը եւ դրա իրավական հիմքերի վերականգնումը։
–Արեւմուտքը փակ չի համարում Արցախի կարգավիճակի հարցը, ճի՞շտ ենք հասկանում։
-Ո՞նց կարող է Արեւմուտքը փակ համարել այդ հարցը, Արեւմուտքի բարձրագույն իրավական ատյանը՝ Հաագայի դատարանը հակառակն է ասում։ Արցախի կարգավիճակի հարցը փակ է համարում Ռուսաստանը, դեռ 2020 թվականին Պուտինն այդ մասին հայտարարել է, փակ է համարում ՀԱՊԿ-ը․․․
–Եվ նաեւ Արցախի կարգավիճակի հարցը փակ է համարում Հայաստանի իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն արդեն ոչ միայն կարգավիճակի, այլ անգամ արցախահայերի իրավունքների ու անվտանգության մասին չեն խոսում։
–Ես համարում եմ, որ մենք շատ ակտիվ պետք է լինենք՝ և՛ որպես հասարակություն, և՛ որպես հասարակական կազմակերպություններ ու քաղաքական կուսակցություններ։ Ես գիտեմ, որ իմ գործընկերները տարբեր կուսակցություններում կիսում են իմ կարծիքը։ Նրանք միանշանակ համաձայն են, որ Հայաստանը պետք է գլխավոր բանախոսը լինի այդ հարցում։ Եվ մենք ոչ մի դեպքում չպետք է մեզնից վանենք Արցախը ներկայացնելու պատասխանատվությունը։ Ես նկատում եմ, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրամիությունը պատրաստ են մեզ աջակցել։
-Այսինքն՝ Հայաստանի իշխանության քաղաքական կամքի՞ց է կախված՝ այդ հարցն առաջ կմղվի, թե՞ ոչ։
-Այո՛, բայց սա միայն քաղաքական կամքի հարց չէ։ Սա նաեւ աշխարհաքաղաքական ընտրություն է։ Ես մեծ տագնապով հետեւում եմ, որ Արցախի հասարակությունը շատ անհասկանալի դիրքորոշում է պահպանում։ Եվ այն դավաճանները, որոնք ստորագրել են խայտառակ փաստաթղթերը, առ այսօր հանդգնում են ներկայացնել արցախցիներին։ Ես դա անընդունելի եմ համարում, նրանք պետք է դատվեն կամ գոնե արժանանան հասարակական մերժմանը։ Եվ արցախի պետական ինստիտուտները՝ կառավարությունում կամ վտարանդի կառավարությունում, ինչպես ես եմ առաջարկում, անպայման պետք է նշանակվեն մարդիկ, ում վստահում են արցախցիները եւ համայն հայությունը։ Նման մարդիկ կան, նրանք նախկինում զբաղեցրել են պաշտոններ Արցախում։ Գլխավոր պայմանն է, որ նրանք լինեն հայրենասեր, ազնիվ մարդիկ։ Դա պետք է անել շտապ, որքան հնարավոր է շուտ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: